Logo

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Շոտլանդիայի հետ խաղին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
17:13 / 07.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Hayastan-Shotlandia

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի հերթական տուրում կհյուրընկալվի Շոտլանդիայի ընտրանուն։ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը մեկնարկային խաղում 1։0 հաշվով հաղթանակ տարավ Իռլանդիայի նկատմամբ։ Շատ բարդ հանդիպում էր ֆուտբոլիստների համար։ 

Շոտլանդիան Իռլանդիայից խաղամակարդակով ավելի ուժեղ է։ Շոտլանդացիները դուրս են մնացել ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆից, և դժվար է ասել, թե ինչ տրամադրությամբ կմոտենան այս խաղին։ Մի շարք հավաքականների համար Ազգերի լիգայի մրցաշարը պարզապես գլխացավանք է, մյուսների համար էլ հնարավորություն է սեփական երկրպագուների աչքի առաջ վերականգնվել պարտություններից, ձախողումներից։ Անկախ ամեն ինչից, այս խաղում դժվարություններ կունենանք ոչ միայն երկրորդ հարկում պայքարների, այլ նաև մրցակցի դիրքային գրոհների ժամանակ։ 

Դարպասապահի դիրքում փոփոխություն չի լինի. Դավիթ Յուրչենկոն իռլանդացիների դեմ փայլուն հանդիպում անցկացրեց։ 

Պաշտպանությունում հնարավոր փոփոխությունները պայմանավորված են վնասվածքներով։ Նախորդ խաղում Արման Հովհաննիսյանը չկարողացավ ավարտել հանդիպումը։ Եթե վնասվածքը լուրջ չլինի, Արմանը, ամենայն հավանականությամբ, նորից կլինի մեկնարկային կազմում։ Բայց ըստ ամենայնի՝ խաղը կմեկնարկի Տարոն Ոսկանյանը: Մեր ընտրանու ավագը՝ Վարազադատ Հարոյանը, հիանալի խաղ անցկացրեց իռլանդացիների դեմ և կլինի մեկնարկային կազմում։ Խաղն առաջին րոպեներից կսկսի նաև Հրայր Մկոյանը, որն արդարացրեց սպասելիքները և քանիցս դիրքային պայքարում հաղթող դուրս եկավ։ 

Կիսապաշտպանությունում, ըստ ամենայնի, առավելագույնը մեկ փոփոխություն է հնարավոր։ Արտակ Գրիգորյանի վերաբերյալ կարող են հարցեր լինել. ամեն դեպքում Գրիգորյանն արդեն երիտասարդ չէ, բայց բազմիցս ապացուցել է, որ կարող է 2-3 անընդմեջ խաղում լինել մեկնարկային կազմում ու փայլել իր դիրքում։ Նույնիսկ եթե «Զրահամեքենան» պատրաստ չլինի խաղին, նրան հանգիստ կարող է փոխարինել Սոլոմոն Ուդոն, որը գնդակին տիրելու տեսանկյունից գուցե ավելի սառնասիրտ է։

Հարձակման գծում էլ հարցականի տակ է Բիչախչյանի մասնակցությունը։ Նա առաջին խաղում փոխարինվեց 60-րդ րոպեին։ Գուցե Կապառոսն այլ տարբերակ ընտրի այս խաղի համար, գուցե ոչ։ Ավելի հավանական է, որ փոփոխություններ չլինեն մեկնարկային կազմում։ Բայց, ամեն դեպքում, ամեն ինչ պայմանավորված է ֆուտբոլիստների մարզավիճակով և հնարավոր վնասվածքներով։

Ամեն դեպքում չի բացառվում, որ Խոակին Կապառոսը ռիսկի դիմի ու խաղադաշտ դուրս բերի Բիչախչյան-Ադամյան զույգը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ

Hayastan-Shotlandia-2022

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա