Logo

Արոնյանն զբաղեցրեց 3-րդ տեղը՝ պարգևատրվելով 48 հազար դոլարով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:56 / 14.05.2022Շախմատ
null

Բուխարեստում ավարտվեց շախմատի Grand Chess Tour մրցաշարի առաջին փուլը: Ավարտական՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով 36-րդ քայլին հաշտություն կնքեց Շահրիյար Մամեդյարովի հետ:

Ոչ-ոքի ավարտվեցին նաև Լենիեր Դոմինգես-Ուեսլի Սո, Բոգդան-Դանիել Դյակ-Ֆաբիանո Կարուանա, Ռիխարդ Ռապորտ-Յան Նեպոմնյաշչնի պարտիաները:

Միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ պարտության մատնելով Ալիռեզա Ֆիրուջային:

Անցկացրած 9 տուրերի ընդհանուր արդյունքներով 3 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակեցին հավասար՝ 5,5-ական միավոր:

Մրցակարգի համաձայն՝ հաղթողին որոշելու համար նրանց միջև անցկացվեց արագ շախմատի լրացուցիչ մրցախաղ: Առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց Սոյին: Հաջորդ պարտիայում Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթեց Սոյին: Ամեն ինչ վճռվեց Արոնյանի և Վաշիե-Լագրավի մրցավեճում: Ցավոք, Արոնյանը կրկին պարտվեց:

Այսպիսով՝ մրցաշարի հաղթող դարձավ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը պարգևատրվեց 100 հազար դոլարով: 2-րդ տեղը զբաղեցրած Ուեսլի Սոն ստացավ 65 հազար դոլար, 3-րդը ճանաչված Արոնյանը բավարարվեց 48 հազար դոլար պարգևավճարով:

Մայիսի 18-23-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլը, որում Լևոն Արոնյանն իր մրցակիցների հետ կմրցի արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում: Հաղթողը կպարգևատրվի 40 հազար դոլարով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա