Logo

Արսեն Ջուլֆալակյան. «Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները ինձ համար ճանապարհ են դեպի օլիմպիական խաղեր»

Հեղինակ
viktorya
00:00 / 22.05.2018Ըմբշամարտ
Բացառիկ
0K1 min - Արսեն Ջուլֆալակյան. «Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները ինձ համար ճանապարհ են դեպի օլիմպիական խաղեր»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:26

-

-

2014թ.-ին ԱԱ-ի չեմպիոն դառնալուց հետո Արսեն Ջուլֆալակյանի մոտ միջազգային մրցաշարերն այդքան էլ հաջող չեն ստացվում: 2016-ի Ռիոյի օլիմպիական խաղերից հետո տիտղոսակիր ըմբիշը դադար էր վերցրել, ինչից որոշ ժամանակ անց, 2018-ին հոգեբանական լարված պայքարի արդյունքում պարտվեց Հայաստանի առաջնության եզրափակիչում: Այս ամենը թողել է իր դրական ազդեցություննն ու Արսեն Ջուլֆալակյանը շարունակում է իր մարզումները նոր թափով՝ առջևում ունենալով մի շարք նպատակներ: Հայաստանի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը իր առջև դրած նոր մարտահրավերների և ունեցած դժվարությունների մասին պատմեց vivaronews.am-ին:

Արսե՛ն, ի՞նչ փուլում են մարզումները, որո՞նք են Ձեր ապագա ծրագրերը:

Հաճախ լսում եմ տարբեր սպորտային և ոչ սպորտային միջոցառումների ժամանակ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լրագրողներից. «Արդյո՞ք Արսեն Ջուլֆալակյանը մարզվում է, թե՞ ոչ»: Իրականում Արսեն Ջուլֆալակյանը երբեք չի դադարեցրել մարզվելը, բացառությամբ 2016 թ.-ի օլիմպիական խաղերին հաջորդած մոտ երկու ամիսը: Դրանից հետո միշտ մարզվել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ մեջքի վնասվածք ունեի, կամ դեռ չէի որոշել՝ շարունակելու՞ եմ սպորտային կարիերաս, թե՞ ոչ: Ընդ որում՝ ամբողջ ժամանակահատվածում մարզվել եմ հավաքականի հետ ու գրեթե ոչ մի հավաք բաց չեմ թողել:

Մոտ ժամանակներս պատրաստվում եմ այն երկու մրցաշարերին, որոնց կմասնակցենք աշխարհի առաջնությունից առաջ, նպատակս է նվաճել ԱԱ-ի ուղեգիր և լավագույնս մասնակցել մրցաշարին, ինչն ինձ համար նշանակում է մեդալ նվաճել:

Այժմ ֆիզիկական պատրաստության փուլում եմ, գորգի պարապմունքները կսկսեմ ավելի ուշ:

28436386 421794491593066 1131594286152810496 n - Արսեն Ջուլֆալակյան. «Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները ինձ համար ճանապարհ են դեպի օլիմպիական խաղեր»

Մարզումներից մի հատված. Արսեն Ջուլֆալակյանի անձնական արխիվից

Հետևե՞լ եք Եվրոպայի առաջնությանը: Ի՞նչ կարծիքի եք նոր կանոնների ու մրցավարության մասին: Մինչև առաջնությունը խոսվում էր մրցավարական հնարավոր «ջարդի» մասին:

Բացարձակ ջարդ չէր, բայց կողմնապահություն իրոք կար: Միգուցե որոշ քաշերում ավելի շատ կամ քիչ, բայց միևնույն է, մասնագետի համար դրանք ակնհայտ էին, որը ջարդ համարել չի կարելի: Կարծում եմ, որ միշտ էլ լինելու է կողմնապահ վերաբերմունք կախված տվյալ երկրից:

Եթե խոսեմ օրենքներից, բազմիցս նշել եմ, որ այն, ինչ կար մինչև այս, ուղղակի նոնսենս էր: Մեկ տարի ժամանակ կորցրինք անիմաստ օրենքների փորձարկման վրա: Նոր չեմպիոններ հայտնվեցին, որոնցից շատերը, կարծում եմ, էլ չեն լինի: Օրենքները բերել էին պասիվ ըմբշամարտի, ինչի մասին խոսում էին միավորները:

Հին կանոններն ավելի ձեռնտու էին ֆիզիկական պատրաստվածությամբ աչքի ընկնող մարզիկների համար, ի՞նչ հետևանքներ ունեցավ դա, լուծման ի՞նչ եղանակներ կան:

Այո, հին օրենեքներով եթե նայենք, կտեսնենք որ 6 րոպե ինչ-որ մարզիկ անհասկանալի գոտեմարտի ոճով անընդհատ հրում էր, իսկ հանդիսատեսը պրոֆեսիոնալ չի, տեսնում է ու մտածում «Հա, հետո՞»: Չի եկել սումո նայելու, ինչքան իրեն պատմել էին՝ ըմբշամարտում հրելով չէին հաղթում:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նպատակ ունի ըմբշամարտը ավելի դիտարժան դարձնել, իսկ մարդիկ ցանկանում են գործողություն տեսնել, որոշ դեպքում նաև շոու, դրայվ: Լինելով Մարզիկների կոմիտեի անդամ, ես փորձում եմ հասցնել դժգոհություններն ու գոհունակությունը, բայց կատարելագործվելու տեղ միշտ կա:

Հայաստանի առաջնությունը հիմնականում նոր օրենքներով էր անցկացվում: Եզրափակիչում զգացնե՞լ տվեց ֆիզիկական պատրաստվածության թերացումը: Եթե այո, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այդ բացը:

Այո, մասնագետները ճիշտ էին նկատել, որ ֆիզիկական պատրաստվածությունս այն մակարդակին չէր, ինչ պետք էր, դրա համար կային օբյեկտիվ պատճառներ. օգոստոս ամսից հավաքներ չէինք անցկացրել և անհնար է տան պայմաններում այնպիսի ֆիզիկական վիճակի գալ, ինչ հավաքների ընթացքում, այնինչ այդ հավաքները պլանավորած էին: Հակառակ դեպքում, ես չեմ հիշում մի մրցակցի, ով կկարողանա ֆիզիկապես ինձ «նեղել», հակառակը, ինձ համար ավելի հեշտ են այդպիսի մարզիկների հետ գոտեմարտելը, քանի որ հրելով ինձ ոչ ոք չի հաղթել:

Իմ խնդիրն այդ գոտեմարտի ժամանակ էմոցիոնալ էր: Ես պատրաստ չէի, որ դահլիճում այդպիսի արձագանք կլինի: Նույնիսկ ինձ պարզապես ճանաչող մարդիկ, երբ տեսնում էին, ասում էին, որ իմ անցած ուղով չեմ արժանացել նրան, որ դահլիճի թեկուզ փոքր մասն իրեն այդպես անշնորհք պահի գոտեմարտիս ընթացքում: Այդ ամենը վիրավորական էր, անսպասելի, և որ ամենացավալին է՝ հունից հանող:

003344 - Արսեն Ջուլֆալակյան. «Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները ինձ համար ճանապարհ են դեպի օլիմպիական խաղեր»
ՀՀ 2018թ. առաջնություն. 77 կգ քաշային կարգ եզրափակիչ, Արսեն Ջուլֆալակյան 3 -5 Կարապետ Չալյան. Լուսանկարը՝ ՀԸՖ

Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում բոլոր հարգի մեդալները նվաճել եք, մնացել է օլիմպիական ոսկին: Մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերը կայանալիք ԱԱ-ներն ու ԵԱ-ները նպատակակետե՞ր են, թե՞ դրանք «Ճանապարհ են դեպի Տոկիո»:

Ազնվորեն ասում եմ, որ դրանք ինձ համար ճանապարհ են դեպի օլիմպիական խաղեր: Բայց դա չի նշանակում, որ բավարարվելու եմ ավելի ցածր հարգի մեդալներով: Չես կարող մինչև այդ ոչ մի մեդալ չունենալ, ու ասել, որ եկել եմ օլիմպիական չեմպիոն դառնալու: Կարող եմ ասել, որ և՛ քո, և՛ մրցակցի համար հոգեբանորեն կարևոր է տեսնել, որ ավելի լավն ես դարձել: Բացի այդ, ևս մեկ նոր մրցաշար կա՝ եվրոպական խաղերը, որը հաղթելու միակ հնարավորություն կլինի ինձ համար, քանի որ հաջորդը 4 տարի անց է:

Իսկ մտածե՞լ եք Տոկիոյից հետո կարիերան ավարտելու մասին:

Այն, որ Տոկիոյից հետո վերջացնելու եմ՝ հաստատ է, այն, որ չեմ ուզում ասել այդ մասին՝ նույնպես: Չեմ փորձի հեռանալուց հետո վերադառնալ, քանի որ հետաքրքրությունների մեծ շրջանակ, որոնցով զբաղվելու եմ սպորտից հետո:

16819479 1263786166990387 5079473014887177353 o - Արսեն Ջուլֆալակյան. «Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները ինձ համար ճանապարհ են դեպի օլիմպիական խաղեր»
Ընթերացասեր Արսեն Ջուլֆալակյանը. Լուսանկարը՝ ըմբիշի անձնական արխիվից

Կարիերան ավարտելուց հետո մտածե՞լ եք քաղաքականությամբ զբաղվելու մասին:

Եթե այս հարցը տայիք մեկ ամիս առաջ, կասեի՝ ոչ, որովհետև համակարգը լրիվ փտած և ճահճացած էր: Չկար քաղաքականությամբ զբաղվելու ազատ հնարավորություն, պետք էր դառնալ կուսակցական, ինչին սկզբունքորեն դեմ եմ: Ավելի շատ ուզել եմ զբաղվել դիվանագիտությամբ, սակայն այդտեղ նույնպես գերակայում էր թիմի քաղաքական շահը, այնինչ պետք է կարևորվեր միայն պետականը:

Ինչպե՞ս են գործերը համալսարանում: Ասպիրանտուրան ավարտելուց հետո կցանկանա՞ք դասավանդել ԵՊՀ-ում:

Թեզիս պաշտպանությունը կլինի մոտավորապես մեկ ամսից:

Ասպիրանտուրա սովորելու ընթացքում էլ հրավերներ եմ ստացել դասավանդելու: Այդ ժամանակվա ծանրաբեռնվածությունս հաշվի առնելով, ոչ թե մերժեցի, այլ չկարողացա հասցնել ֆիզիկապես: Հետագայում կարծում եմ, կանեմ այդպիսի փորձը, դա կբարձրացնի նաև համալսարանի վարկանիշը, որին ես շատ հարցերում երախտապարտ եմ:

Հարցազրույցը վարեց՝ Վիկտորյա Մանուկյանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա