Logo

«Զամբյուղը դատարկ է, ինչպես «Տոտենհեմի» մրցանակների արկղը». «Արսենալի» կայքը «խայթել» է հարևաններին

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:08 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Արսենալ-Տոտենհեմ

Անգլիական ֆուտբոլի երկու անհաշտ մրցակիցների դիմակայությունը հետաքրքիր դրսևորում է ստացել։

«Արսենալի» աշխատակիցներից մեկն ակումբի հիմնական մրցակից «Տոտենհեմին» ծաղրելու հնարամիտ միջոց է գտել։ «Զինագործների» ակումբային օնլայն խանութի այցելուները նկատել են, որ համապատասխան գործողությունից հետո խանութի կայքում հայտնվել է այսպիսի հաղորդագրություն. «Ձեր զամբյուղը դատարկ է, ինչպես «Տոտենհեմի» մրցանակների արկղը»։

Արսենալ-Տոտենհեմ 1

«Արսենալը» հաստատել է, որ դա եղել է ակումբի աշխատակցի նախաձեռնությունը, այլ ոչ թե ցանցահենի կամ ինչ որ մեկի հրամանը կատարողի գործողությունը։ Ակումբի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Դա սխալմամբ է տեղադրվել կայքում՝ առանց համապատասխան ստուգման և համաձայնեցման։ Տվյալ հաղորդագրությունը կհեռացվի հնարավորինս շուտ»:

Այս հարյուրամյակում միայն մեկ խոշոր մրցանակ նվաճած «Տոտենհեմն» առաջին անգամը չէ նման կատակի «զոհ» դառնում պաշտոնական մակարդակով։ Անցյալ տարի այդ «ակցիային» միացել էր նույնիսկ նրանց հովանավոր Dulux ընկերությունը։ 2021 թվականի ապրիլին «Տոտենհեմը» հայտարարել էր, որ նշված ընկերությունը դարձել է ներկերի իրենց պաշտոնական մատակարարը։ Շատ չանցած՝ Dulux-ն անցել էր հումորային «գրոհի»։ Դրան արագորեն միացել էին «Տոտենհեմի» մրցակիցների կողմնակիցները, որոնցից մեկը նշել էր, որ մրցանակների պահարանն այնքան է պատվել փոշիով, որ ներկելու կարիք ունի։ Այդ դիտարկմանը Dulux-ը պատասխանել էր. «Հիմարություններ դուրս մի՛ տվեք. մակերեսները պետք է մաքրվեն ներկելուց առաջ»։

Արսենալ-Տոտենհեմ 2

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Արսենալն» ընթանում է 6-րդ, իսկ «Տոտենհեմը»՝ 7-րդ տեղով։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա