Logo

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը նշանակալի նվաճման հասավ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:43 / 11.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Ալաշկերտի» 32-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: ԲԿՄԱ-ի հետ առաջնության 26-րդ տուրի հանդիպումը պաշտոնական մրցումներում հայկական ակումբներում և ՀՀ ազգային ու երիտասարդական հավաքականներում  նրա անցկացրած հոբելյանական՝ 400-րդ խաղն էր: 

Դրանցից 271-ը Եդիգարյանն անցկացրել է ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), 44-ը՝ Հայաստանի գավաթի (Գ), 6-ը՝ Սուպերգավաթի (Ս), 34-ը՝ եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, 32-ը՝ ՀՀ ազգային հավաքականում (ԱՀ), 13-ը՝ երիտասարդական հավաքականում (ԵՀ):

Արտակ Եդիգարյանը հայկական ակումբներում և ՀՀ ազգային ու երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 14-րդ ֆուտբոլիստն է: Հայկական ֆուտբոլում նման ցուցանիշի հասնելն իրոք դժվար է: Դրա համար ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է կայուն ելույթներ ունենա և զերծ մնա լուրջ վնասվածքներից: Դա Եդիգարյանին հաջողվել է: Այս ցուցանիշին հասնելու համար փորձառու ֆուտբոլիստը Հայաստանում 14 մրցաշրջան է անցկացրել:

Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային ճանաչված ընտանիքից է:  Նրա պապը՝ Ֆելիքս Վերանյանն անցյալ դարի 60-ականներին Երևանի «Արարատի» (այն ժամանակ թիմը կրում էր «Սպարտակ» անվանումը) կազմում մասնակցել է ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությանը, հանդես է եկել նաև «Լոռիում», Ռիգայի «Դաուգավայում», Հոկտեմբերյանի «Սևանում»  ու Գյումրիի «Շիրակում»: Հետագայում նա մարզչական բեղմնավոր գործունեություն է ծավալել մի շարք թիմերում, այդ թվում՝ Երևանի «Արարատում» և Աբովյանի «Կոտայքում»: Ի դեպ, հենց Ֆելիքս Վերանյանի գլխավորությամբ է «Կոտայքը» 1984թ. ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությունում Առաջին խմբի ուղեգիր նվաճել:

Արտակի հայրը՝ Գեղամ Եդիգարյանը ևս ճանաչված ֆուտբոլիստ էր: Նա Հոկտեմբերյանի «Սպարտակի» և Աբովյանի «Կոտայքի» կազմում մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ և Առաջին խմբերի առաջնություններին, իսկ ՀՀ առաջնություններում հանդես է եկել Երևանի «Կիլիկիայում», «Վանում» և Դիլիջանի «Իմպուլսում»:

Դե իսկ Արտակի ավագ եղբորը՝ Արթուրին ներկայացնելու հարկ չկա, քանի որ ֆուտբոլասերների ներկայիս սերունդը լավ է ճանաչում նրան: Միայն նշենք, որ 2019թ. ֆուտբոլային կարիերան ավարտած Արթուր Եդիգարյանն էլ ժամանակին 400-րդ խաղի (հաշվի առած նաև արտերկրում ելույթները) հոբելյանը նշելու հաճելի առիթ է ունեցել: 

Արտակ Եդիգարյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Բարձրագույն խմբում նրա նորամուտը տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբերի 3-ին «Բանանցի» հետ կայացած խաղում: Հանդիպման 75-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցը Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա Եդիգարյանին: Նա մասնակցեց նաև նոյեմբերի 10-ին Գյումրիում կայացած առաջնության ավարտական տուրի խաղին՝ ընդմիջմանը փոխարինելով Նարեկ Դավթյանին:

Հաջորդ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում կրկին ընդամենը երկու անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ փոխարինման մտնելով «Ուլիսի» և «Բանանցի» հետ կայացած առաջնության մեկնարկային հանդիպումներում: Իսկ ահա 2008թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» հետ կայացած Սուպերգավաթի խաղում Վարդան Մինասյանը հիմնականում խաղադաշտ էր դուրս բերել թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց թվում էր նաև Արտակ Եդիգարյանը: Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը և իր կարիերայում առաջին տիտղոսը նվաճեց:

2009թ. առաջնությունում Եդիգարյանն արդեն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկն էր: Գարնանը նա իր 2-րդ տիտղոսը նվաճեց՝ թիմակիցների հետ պատվո շրջան կատարելով Հայաստանի գավաթով, իսկ առաջնության ավարտին չեմպիոնի առաջին ոսկե մեդալը ստացավ:

Մրցաշրջան-2010-ում «Փյունիկը» յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ նվաճելով հայկական ֆուտբոլի 3 գլխավոր մրցանակները: Այդ աննախադեպ հաջողությունում իր ծանրակշիռ ներդրումն ուներ նաև Արտակ Եդիգարյանը՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Հենց այդ մրցաշրջանում էլ Եդիգարյանին առաջին անգամ հրավիրեցին Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում նա նորամուտը նշեց 2010թ. մայիսի 25-ին Երևանում Ուզբեկստանի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում: Վարդան Մինասյանը նրան ընդգրկել էր մեկնարկային կազմում և մինչև խաղավարտ Արտակը մնաց խաղադաշտում: 

Իսկ սեպտեմբերի 3-ին Եդիգարյանը հավաքականում իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց՝ մասնակցելով Իռլանդիայի հավաքականի հետ Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղին:

2010-2019թթ. ընթացքում Արտակ Եդիգարյանն ազգային հավաքականում 32 խաղ է անցկացրել: Վերջին անգամ նա հավաքականի մարզաշապիկը կրել է 2019թ. նոյեմբերի 18-ին իտալացիների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ընտրանին 1-9 հաշվով խայտառակ պարտություն էր կրել:

2011թ. Եդիգարյանը «Փյունիկում» կրկին առանց պարգևների չմնաց: Նա թիմակիցների հետ 3-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր, իսկ առաջնությունում իր առաջին արծաթե մեդալը ստացավ:

2012թ. ամռանն Արտակ Եդիգարյանը հաջող փորձաշրջան անցնելով Դոնեցկի «Մետալուրգում», կես մրցաշրջան հանդես եկավ ուկրաինական թիմում՝ մասնակցելով պաշտոնական 12 հանդիպման: 2013թ. գարնանն Արտակը վերադարձավ «Փյունիկ», որի կազմում Հայաստանի գավաթով 3-րդ անգամ պատվո շրջան կատարեց: 

2013/14թթ. մրցաշրջանը Եդիգարյանը դիմավորեց «Բանանցում»: Առաջին շրջանի ավարտից հետո նա 2014թ. սկզբին ընդունեց «Ժալգիրիսի» հրավերը: Արտերկիր 2-րդ ուղևորությունը շատ հաջող էր Եդիգարյանի համար: 1,5 մրցաշրջան հանդես գալով թիմի կազմում, նա մասնակցեց առաջնության 20 և գավաթի 3  հանդիպման՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր:

Լիտվայից վերադառնալուց հետո Արտակ Եդիգարյանն ընդունեց «Ալաշկերտի» հրավերը, որը նոր մարտահրավեր էր ունիվերսալ ֆուտբոլիստի համար: Հենց «Ալաշկերտում» բացահայտվեցին Եդիգարյանի ռմբարկուական հատկանիշները: Տիրապետելով հուժկու և դիպուկ հարվածների, հաջող իրացնելով տուգանային և 11մ հարվածները, Արտակը 2 մրցաշրջան անընդմեջ (2016/17թթ.՝ Միհրան Մանասյանի հետ, 2017/18թթ.) 13-ական գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:

«Ալաշկերտում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում Արտակն առաջնությունում մասնակցեց 109 խաղի, խփեց  32 գոլ և 5 տիտղոս նվաճեց՝ 3 անգամ արժանանալով չեմպիոնի ոսկե մեդալի, մեկական անգամ՝ ՀՀ գավաթակրի և սուպերգավաթակրի կոչմանը:

2018/19թթ. առաջնության ավարտից հետո Եդիգարյանը վերադարձավ «Փյունիկ», իսկ հաջորդ մրցաշրջանում նորամուտը նշեց «Արարատի» կազմում՝ ընդունելով Վարդան Բիչախչյանի հրավերը: «Արարատում» էլ Արտակը հերթական տիտղոսը նվաճեց՝ իր նոր թիմակիցների հետ պատվո շրջան կատարելով Հայաստանի գավաթով: Եդիգարյանը դարձավ Հայաստանի հնգակի գավաթակիր՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Արթուր Յուսպաշյանին ու Դավիթ Մանոյանին, որոնք վեցակի գավաթակիրներ են:

Մինչ գավաթակիր դառնալը, Եդիգարյանն «Արարատում» անցյալ տարվա ապրիլի 15-ին «Նոայի» հետ մրցավեճում կրկնակի հոբելյան էր նշել՝ 400-րդ խաղը ֆուտբոլային իր ողջ կարիերայում (հաշվի առած նաև արտերկրում ելույթները) և 250-րդը՝ ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում:

Մրցաշրջանի ավարտից հետո Եդիգարյանը վերադարձավ «Ալաշկերտ» և շուտով հերթական տիտղոսը նվաճեց: Թեև Արտակին բախտ չվիճակվեց «Արարատի» հետ Սուպերգավաթի մրցավեճում խաղադաշտ դուրս գալ, սակայն նա ընդգրկված էր խաղին հայտավորված թիմի 23 ֆուտբոլիստների թվում և մրցակարգի համաձայն դարձավ սուպերգավաթակիր: 

Դա Արտակի արդեն 5-րդ տիտղոսն էր Սուպերգավաթի մրցաշարերում: «Ալաշկերտում» նա դարձավ կրկնակի սուպերգավաթակիր, իսկ իր առաջին 3 տիտղոսները նվաճել էր «Փյունիկում»:

Այսպիսով, Արտակ Եդիգարյանը պատմական նվաճման հասավ՝ դառնալով Հայաստանի միակ հնգակի սուպերգավաթակիրը: Նա գերազանցեց Հովհաննես Թահմազյանին, Կարեն Ալեքսանյանին և Արամ Հովսեփյանին, որոնք 4-ական անգամ էին պատվո շրջան կատարել Սուպերգավաթով:

Ի դեպ, Եդիգարյանը դեռևս 2018թ. կարող էր այդ պատմական արդյունքը գրանցել, սակայն «Գանձասար-Կապանի» հետ Սուպերգավաթի հանդիպմանն «Ալաշկերտը» ներկայացել էր ոչ մարտական կազմով: Մի շարք առաջատար ֆուտբոլիստների հետ Եդիգարյանն էլ այդ խաղի հայտացուցակում ընդգրկված չէր:

Նշենք, որ Եդիգարյանը ևս մեկ ռեկորդի հեղինակ կարող էր դառնալ, եթե մասնակցեր Սուպերգավաթի հանդիպմանը: Դա կլիներ պատվավոր մրցանակի խաղարկություններում Արտակի 7-րդ խաղը և նա կգերազանցեր Հովհաննես Թահմազյանին:

Արտակն իր ֆուտբոլային կարիերայում Հայաստանում 15-րդ տիտղոսը նվաճեց և հավասարվելով Սարգիս Հովսեփյանին, նրա հետ դարձավ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Եդիգարյանը Հայաստանի հնգակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր է: Սարգիս Հովսեփյանը Հայաստանի տասակի չեմպիոն, եռակի գավաթակիր ու կրկնակի սուպերգավաթակիր է: Եդիգարյանը լավ հնարավորություն ունի գերազանցելու Սարգիս Հովսեփյանին ու դառնալու հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:

VNews-ը ներկայացնում է հայկական ակումբներում և ՀՀ ազգային ու երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ

Ա

Գ

Ս

Ե

ԱՀ

ԵՀ

ԱՊՀ

ԸՆԴ

1.Սարգիս Հովսեփյան

365

66

3

26

132

-

13

605

2.Հովհաննես Թահմազյան

461

83

6

20

6

-

6

582

3.Տիգրան Դավթյան

409

62

3

31

1

1

-

507

4.Գևորգ Կասպարով

348

56

5

21

29

2

10

471

5.Արտակ Գրիգորյան

331

43

4

42

44

-

3

467

6.Արթուր Քոչարյան

357

67

1

11

4

10

2

452

7.Կարեն Ալեքսանյան

324

52

4

21

25

15

10

451

8.Արարատ Հարությունյան

336

68

3

17

7

8

3

442

9.Արսեն Ավետիսյան

329

62

3

14

25

-

7

440

10.Աղվան Մկրտչյան

271

50

5

32

45

9

19

431

11.Հրայր Մկոյան

293

46

1

21

46

7

7

421

12.Սամվել Մելքոնյան

282

58

1

17

29

16

6

409

13.Ալեքսանդր Թադևոսյան

275

42

3

21

41

8

13

403

14.Արտակ Եդիգարյան

271

44

6

34

32

13

-

400

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա