Logo

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 16.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
07.09.2019 Armenia pre match 2 - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

«Նոայի» հետ մրցավեճում «Արարատի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը կրկնակի հոբելյան նշեց՝ 400-րդ խաղը ֆուտբոլային իր ողջ կարիերայում և 250-րդը՝ ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում:

Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային ճանաչված ընտանիքից է: Նրա պապը՝ Ֆելիքս Վերանյանն անցյալ դարի 60-ականներին Երևանի «Արարատի» (այն ժամանակ թիմը կրում էր «Սպարտակ» անվանումը) կազմում մասնակցել է ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությանը, հանդես է եկել նաև «Լոռիում», Ռիգայի «Դաուգավայում», Հոկտեմբերյանի «Սևանում» ու Գյումրիի «Շիրակում»: Հետագայում նա մարզչական բեղմնավոր գործունեություն է ծավալել մի շարք թիմերում, այդ թվում՝ Երևանի «Արարատում» և Աբովյանի «Կոտայքում»: Ի դեպ, հենց Ֆելիքս Վերանյանի գլխավորությամբ է «Կոտայքը» 1984թ. ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությունում Առաջին խմբի ուղեգիր նվաճել:

Արտակի հայրը՝ Գեղամ Եդիգարյանը ևս ճանաչված ֆուտբոլիստ էր: Նա Հոկտեմբերյանի «Սպարտակի» և Աբովյանի «Կոտայքի» կազմում մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ և Առաջին խմբերի առաջնություններին, իսկ ՀՀ առաջնություններում հանդես է եկել Երևանի «Կիլիկիայում», «Վանում» և Դիլիջանի «Իմպուլսում»:

Դե իսկ Արտակի ավագ եղբորը՝ Արթուրին ներկայացնելու հարկ չկա, քանի որ ֆուտբոլասերների ներկայիս սերունդը լավ է ճանաչում նրան: Միայն նշենք, որ 2019թ. ֆուտբոլային կարիերան ավարտած Արթուր Եդիգարյանն էլ ժամանակին 400-րդ խաղի հոբելյանը նշելու հաճելի առիթ է ունեցել: Այնպես որ, երկու եղբայրներն էլ խորհրդանշական «400-ի ակումբի» անդամներ են:

59713130 668098353680877 8081864931823058944 n 960x720 - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Արտակ Եդիգարյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Բարձրագույն խմբում նրա նորամուտը կայացել է 2007թ. հոկտեմբերի 3-ին «Բանանցի» հետ կայացած խաղում: Հանդիպման 75-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցը Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա Եդիգարյանին: Նա մասնակցեց նաև նոյեմբերի 10-ին Գյումրիում կայացած առաջնության ավարտական տուրի խաղին՝ ընդմիջմանը փոխարինելով Նարեկ Դավթյանին:

Հաջորդ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում կրկին ընդամենը երկու անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ փոխարինման մտնելով «Ուլիսի» և «Բանանցի» հետ կայացած առաջնության մեկնարկային հանդիպումներում: Իսկ ահա 2008թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» հետ կայացած Սուպերգավաթի խաղում Վարդան Մինասյանը հիմնականում խաղադաշտ էր դուրս բերել թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց թվում էր նաև Արտակ Եդիգարյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և իր կարիերայում առաջին տիտղոսը նվաճեց:

2009թ. առաջնությունում Եդիգարյանն արդեն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկն էր: Գարնանը նա իր 2-րդ տիտղոսը նվաճեց՝ թիմակիցների հետ պատվո շրջան կատարելով Հայաստանի գավաթով, իսկ առաջնության ավարտին՝ չեմպիոնի առաջին ոսկե մեդալը ստացավ:

21123 1408548269460548 2866684664021680425 n - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Մրցաշրջան-2010-ում «Փյունիկը» յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ նվաճելով հայկական ֆուտբոլի 3 գլխավոր մրցանակները: Այդ աննախադեպ հաջողությունում իր ծանրակշիռ ներդրումն ուներ նաև Արտակ Եդիգարյանը՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Հաջորդ մրցաշրջանում Եդիգարյանը «Փյունիկում» կրկին առանց պարգևների չմնաց: Նա թիմակիցների հետ 3-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր, իսկ առաջնությունում իր առաջին արծաթե մեդալը ստացավ:

2012թ. ամռանն Արտակ Եդիգարյանը հաջող փորձաշրջան անցնելով Դոնեցկի «Մետալուրգում», կես մրցաշրջան հանդես եկավ ուկրաինական թիմում՝ մասնակցելով պաշտոնական 12 հանդիպման: 2013թ. գարնանն Արտակը վերադարձավ «Փյունիկ», որի կազմում Հայաստանի գավաթով 3-րդ անգամ պատվո շրջան կատարեց:

302181 465186380188213 460561759 n - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

2013/14թթ. մրցաշրջանը Եդիգարյանը դիմավորեց «Բանանցում»: Առաջին շրջանի ավարտից հետո նա 2014թ. սկզբին ընդունեց «Ժալգիրիսի» հրավերը: Արտերկիր 2-րդ ուղևորությունը շատ հաջող էր Եդիգարյանի համար: 1,5 մրցաշրջան հանդես գալով թիմի կազմում, նա մասնակցեց առաջնության 20 և գավաթի 3 հանդիպման՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր:

Լիտվայից վերադառնալուց հետո Արտակ Եդիգարյանն ընդունեց «Ալաշկերտի» հրավերը, որը նոր մարտահրավեր էր ունիվերսալ ֆուտբոլիստի համար: Հենց «Ալաշկերտում» բացահայտվեցին Եդիգարյանի ռմբարկուական հատկանիշները: Տիրապետելով հուժկու և դիպուկ հարվածների, հաջող իրացնելով տուգանային և 11մ հարվածները, Արտակը երկու մրցաշրջան անընդմեջ (2016/17թթ.՝ Միհրան Մանասյանի հետ, 2017/18թթ.) 13-ական գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:

«Ալաշկերտում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում Արտակն առաջնությունում մասնակցեց 109 խաղի, խփեց 32 գոլ և 5 տիտղոս նվաճեց՝ 3 անգամ արժանանալով չեմպիոնի ոսկե մեդալի, մեկական անգամ՝ ՀՀ գավաթակրի և սուպերգավաթակրի կոչմանը:

Alashkert vs Cluj 10 960x640 - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Ի դեպ, 2018թ. Եդիգարյանը կարող էր Սուպերգավաթի մրցաշարերի նոր ռեկորդ սահմանել՝ դառնալով Հայաստանի միակ հնգակի սուպերգավաթակիրն ու պատվավոր մրցանակի խաղարկություններում բոլորից շատ՝ 7 խաղ անցկացրած ֆուտբոլիստը: Սակայն նա չէր հայտավորվել «Ալաշկերտի» կազմում հուլիսի 29-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած Սուպերգավաթի հանդիպմանը, որում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ալաշկերտցիները հաղթել էին 2-0 հաշվով՝ 2-րդ անգամ նվաճելով պատվավոր մրցանակը:

2018/19թթ. մրցաշրջանի ավարտից հետո Եդիգարյանը վերադարձավ «Փյունիկ», իսկ ընթացիկ առաջնությունում նա «Արարատի» կազմում պայքարում է տիտղոսների թիվն ավելացնելու համար: Նշենք, որ Արտակ Եդիգարյանը Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է: Հայաստանում հանդես գալիս նա 13 տիտղոս է նվաճել՝ դառնալով հնգակի չեմպիոն, քառակի գավաթակիր և սուպերգավաթակիր: Ավելի շատ մրցանակներ (15) ունի միայն Սարգիս Հովսեփյանը: Նա Հայաստանի տասակի չեմպիոն, եռակի գավաթակիր ու կրկնակի սուպերգավաթակիր է:

Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային կարիերայում 400 խաղի սահմանագիծը հատած 27-րդ ֆուտբոլիստն է: Գործող ֆուտբոլիստներից «400-ի ակումբի» ցանկում են նաև Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Կասպարովը, Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և Արտակ Գրիգորյանը: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» ավագը ևս իր հոբելյանական՝ 400-րդ խաղն անցկացրել էր «Նոայի» հետ մրցավեճում՝ ակումբի կազմը համալրելով անցյալ տարվա նոյեմբերի 2-ին:

126837247 3856347291065528 7220412079383845592 n 960x642 - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Շուտով ակումբի կազմը կհամալրի ՀՀ ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն իր կարիերայում արդեն 397 խաղ է անցկացրել: Իսկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակիցներից «400-ի ակումբը» համալրելու լավ հնարավորություն ունի ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանը, որը պաշտոնական մրցումներում 375 խաղ է անցկացրել:

VNews.am-ը ներկայացնում է «400-ի ակումբի» անդամների ցուցանիշները: Հիշեցնենք, որ հաշվի են առնվում ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), Հայաստանի գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական հավաքականներում (ԵՀ), ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում և արտերկրի (Ա) Բարձրագույն խմբի թիմերում անցկացրած պաշտոնական խաղերը:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԱԵ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 178 783
2.Հենրիխ Մխիթարյան 70 16 1 6 88 14 478 673
3.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
4.Համլետ Մխիթարյան 192 44 2 18 56 7 231 550
5.Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 82 534
6.Կարեն Ալեքսանյան 324 52 4 21 25 15 10 80 531
7.Գևորգ Կասպարով 348 56 5 21 29 2 10 59 530
8.Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
9.Արթուր Ոսկանյան 254 43 3 16 54 1 6 123 500
10.Արթուր Պետրոսյան 214 45 2 8 69 6 155 499
11.Գևորգ Ղազարյան 133 25 3 10 73 18 3 218 483
12.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 49 480
13.Կարեն Դոխոյան 205 30 1 12 48 8 3 164 471
14.Հրայր Մկոյան 265 42 17 46 7 7 85 469
15.Ռոման Բերեզովսկի 22 94 8 337 461
16.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 58 461
17.Արամ Ոսկանյան 216 46 2 9 11 14 155 453
18.Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
19.Դավիթ Գրիգորյան 299 47 2 15 9 13 3 54 442
20.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
21.Մարկոս Պիզելի 128 13 1 8 67 213 430
22.Սամվել Մելքոնյան 282 58 1 17 29 16 6 18 427
23.Արթուր Եդիգարյան 190 35 4 22 42 8 126 427
24.Արտակ Գրիգորյան 304 40 4 29 35 3 415
25.Արարատ Առաքելյան 252 49 2 19 33 13 6 37 411
26.Լևոն Պաչաջյան 193 42 4 17 38 13 12 87 406
27.Արտակ Եդիգարյան 250 41 6 23 32 13 35 400

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա