Logo

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 24.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Alashkert vs Cluj 12 - Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:12

-

-

Վանաձորում «Լոռիի» հետ առաջնության 7-րդ տուրից հետաձգված մրցավեճում «Ալաշկերտի» 33-ամյա ավագ Արտակ Գրիգորյանը ֆուտբոլային կարիերայում նոր նվաճման հասավ՝ անցկացնելով Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 300-րդ հանդիպումը:

Հայաստանի առաջնությունների 29-ամյա պատմության ընթացքում Գրիգորյանը 300 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 14-րդ ֆուտբոլիստն է, ինչը վկայում է, որ հայկական ֆուտբոլում նման ցուցանիշի հասնելն իրոք դժվար է: Դրա համար ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է կայուն ելույթներ ունենա և զերծ մնա լուրջ վնասվածքներից: Դա Գրիգորյանին հաջողվել է: Այս ցուցանիշին հասնելու համար փորձառու ֆուտբոլիստից 13 մրցաշրջան պահանջվեց:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 2-ին «Նոայի» հետ կայացած առաջնության խաղում Արտակ Գրիգորյանի ֆուտբոլային կարիերայում ևս մեկ նշանակալի իրադարձություն էր տեղի ունեցել: Այդ հանդիպումը պաշտոնական մրցումներում հայկական ակումբներում և ՀՀ ազգային հավաքականում նրա անցկացրած հոբելյանական՝ 400-րդ խաղն էր:

55594248 587476741721242 6946931776749043712 o 960x645 - Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

Արտակ Գրիգորյանը դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որ հատեց անցկացրած 400 պաշտոնական խաղի սահմանագիծը

Ֆուտբոլային առաջին քայլերը Գրիգորյանը կատարել է Աբովյանում՝ հաճախելով տեղի ֆուտբոլի դպրոց: Պաշտոնական առաջին խաղն էլ 17-ամյա Արտակն անցկացրել է Աբովյանի համանուն թիմում 2005թ. մարտի 14-ին: Այդ օրն Առաջին խմբում հանդես եկող նորաստեղծ «Աբովյանի» կազմում Գրիգորյանը մասնակցեց «Բանանցի» հետ Արտաշատում կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպմանը: Խաղը չափազանց անհաջող դասավորվեց «Աբովյանի» համար, որը 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: 5 օր անց Երևանում կայացած պատասխան խաղում Արտակ Գրիգորյանը կրկին թիմի մեկնարկային կազմում էր: Այդ խաղում գրանցվեց ՀՀ գավաթի խաղարկությունների պատմության ամենախոշոր հաշիվը՝ 15-0:

Բարձրագույն խմբում Գրիգորյանը ելույթները սկսել է 2008թ. «Արարատում»: Նրա նորամուտը կայացել է ապրիլի 19-ին «Ուլիսի» հետ անցկացրած առաջնության 2-րդ տուրի խաղում, որում «Արարատը» հաղթեց 2-0 հաշվով: Հանդիպման 88-րդ րոպեին Վարուժան Սուքիասյանը թիմի ավագ Արթուր Մինասյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 20-ամյա Արտակին:

Այդ մրցաշրջանում Արտակ Գրիգորյանն ընդամենը 8 անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ միայն «Բանանցի» հետ մրցավեճին մասնակցելով մինչև խաղավարտ: Նա մասնակցեց նաև նոյեմբերի 19-ին «Փյունիկի» հետ կայացած «ոսկե» խաղին՝ 39-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Ռենատո դե Մորայեսին: Այդ խաղում Արտակն էլ դարձավ Արարատ Ճաղարյանի կողմնակալ մրցավարության «զոհը»՝ ֆուտբոլային իր կարիերայում արժանանալով առաջին կարմիր քարտին:

Alashkert vs FCSB 8 960x640 - Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

Նա թողել էր ֆուտբոլը և անցել ծառայության, իսկ հետո դարձավ հավաքականի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը․ Արտակ Գրիգորյանի պատմությունը

Մրցաշրջան-2008-ում Արտակ Գրիգորյանն իր առաջին պարգևը ստացավ՝ թիմակիցների հետ արժանանալով արծաթե մեդալի:

Հաջորդ մրցաշրջանում, երբ «Արարատի» ղեկը կրկին ստանձնեց Արկադի Անդրեասյանը, Արտակ Գրիգորյանն իր հաստատուն տեղը զբաղեցրեց թիմի մեկնարկային կազմում: Նա մասնակցեց առաջնության 28 հանդիպումներից 24-ին՝ դառնալով 2 գոլի հեղինակ: ՀՀ առաջնություններում իր գոլերի հաշիվը Գրիգորյանը բացեց հուլիսի 25-ին՝ Գյումրիում գրավելով «Շիրակի» դարպասը:

2009թ. մրցաշրջանն էլ հաջող էր 22-ամյա ֆուտբոլիստի համար, որն իր առաջին տիտղոսը նվաճեց՝ «Արարատի» կազմում դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր: Ընդ որում հենց Արտակի դուբլի շնորհիվ «Արարատը» սեպտեմբերի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Սուպերգավաթի խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ: Ընդհանուր առմամբ Գրիգորյանն «Արարատում» անցկացրած 2 մրցաշրջաններում մասնակցեց առաջնության 32 խաղի:

9. Artak Grigoryan VivaroNews.am - Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

Հաջորդ 3 մրցաշրջաններն Արտակ Գրիգորյանն անցկացրեց «Ուլիսում», որի կազմում 2011թ. առաջին անգամ չեմպիոն հռչակվեց՝ նախորդ առաջնությունում արժանանալով բրոնզե մեդալի: Հենց որպես «Ուլիսի» ֆուտբոլիստ էլ Գրիգորյանն առաջին անգամ կրեց ՀՀ ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մասնակցելով 2010թ. օգոստոսի 8-ին «Հրազդան» մարզադաշտում Իրանի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպմանը (1-3): 2010-2012/13թթ. առաջնություններում Արտակն ընդհանուր առմամբ «Ուլիսում» 89 խաղ անցկացրեց:

Հետագայում նա կարճ ժամանակահատված անցկացրեց «Գանձասար-Կապանում» (2013/14-2014/15թթ., 38 խաղ) և «Միկայում» (2014/15թթ., 7 խաղ): 2014/15թթ. առաջնության ավարտից հետո Արտակ Գրիգորյանը տեղափոխվեց «Ալաշկերտ», ինչը նոր մարտահրավեր էր արդեն զգալի փորձ ու վարպետություն ձեռք բերած ֆուտբոլիստի համար: Հենց «Ալաշկերտում» էլ նա հասավ ֆուտբոլային կարիերայում իր ամենանշանակալի նվաճումներին՝ արժանանալով Հայաստանի եռակի չեմպիոնի տիտղոսին, մեկական անգամ դառնալով ՀՀ գավաթակիր, սուպերգավաթակիր և բրոնզե մրցանակակիր:

Հենց «Ալաշկերտում» խաղալիս Արտակ Գրիգորյանին հնգամյա ընդմիջումից հետո կրկին սկսեցին հրավիրել Հայաստանի հավաքական, որի կազմում 33-ամյա ֆուտբոլիստն արդեն 32 խաղ է անցկացրել՝ դառնալով մեր ընտրանու առանցքային խաղացողներից մեկը:

2Z7A2222 960x645 - Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

«Լոռիի» հետ անցկացրած հոբելյանական հանդիպումը Գրիգորյանի համար 134-րդն էր «Ալաշկերտի» մարզաշապիկով: Այդ ցուցանիշով նա ընդամենը 2 խաղով է զիջում թիմի ռեկորդակիր Միհրան Մանասյանին, որը որոշ ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ կոլեկտիվ:

Արտակ Գրիգորյանն իր ներկայիս ցուցադրած խաղով ու ֆունկցիոնալ պատրաստվածությամբ դեռ մի քանի մրցաշրջան կարող է օգտակար լինել «Ալաշկերտին»: Ուստի բացառված չէ,  որ մի գեղեցիկ օր էլ նրան կշնորհավորենք հերթական հաճելի իրադարձության՝ Բարձրագույն խմբում 400-րդ խաղի հոբելյանը նշելու առիթով: Նա կարող է դառնալ ՀՀ առաջնություններում 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանից և Տիգրան Դավթյանից հետո:

Բարձրագույն խմբի առաջնություններում առաջինը 300 խաղի սահմանագիծը հատել է Հովհաննես Թահմազյանը: Նա երանելի բարձունքը հաղթահարել է 34 տարեկանում, 2004թ. հոկտեմբերի 23-ին՝ «Միկայի» կազմում մասնակցելով «Բանանցի» հետ հանդիպմանը: 3 տարի անց՝ 2007թ. հունիսի 18-ին «Ուլիսի» հետ մրցավեճում «Բանանցի» 37-ամյա պաշտպան Կարեն Սիմոնյանը նշեց 300-րդ խաղի հոբելյանը: Իսկ հոկտեմբերի 7-ին «Բանանցի»  հետ կայացած խաղում 300-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ «Ուլիսի» 33-ամյա կիսապաշտպան Տիգրան Հովհաննիսյանը:

21.08.2020 Alashkert 1 0 NOAH 8 960x640 - Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

Հետագա տարիներին հայկական ֆուտբոլի ևս 10 վետերանների հաջողվեց հատել 300 խաղի սահմանագիծը: Վերջինը «Բանանցի» ավագ Արամ Բարեղամյանն էր, որի համար հոբելյանական էր 2019թ. նոյեմբերի 23-ին «Նոայի» հետ կայացած հանդիպումը:

Արտյոմ Ադամյանը 300-րդ խաղի հոբելյանն ամենաերիտասարդ տարիքում նշած ֆուտբոլիստն է: 2012թ. մայիսի 5-ին «Ուլիսի» կազմում «Բանանցի» հետ իր համար հոբելյանական խաղի օրն Ադամյանը 31 տարեկան 246 օրական էր: Իսկ ահա Սարգիս Հովսեփյանը 300 խաղի սահմանագիծն ամենատարեց տարիքում հատած ֆուտբոլիստն է: Նա հոբելյանը նշել է 37 տարեկան 209 օրականում: Պատճառն այն էր, որ Հովսեփյանը գրեթե 6,5 մրցաշրջան բացակայել էր Հայաստանից՝ հանդես գալով Ռուսաստանում: 37 տարեկանում են 300-րդ խաղի հոբելյանը նշել նաև Գևորգ Կասպարովն (37 տարեկան 25 օրական) ու Կարեն Սիմոնյանը (37 տարեկան 11 օրական):

Գևորգ Կասպարովից առավել երկար ժամանակ՝ 19 մրցաշրջան է պահանջվել 300 խաղի սահմանագիծը հատելու համար: Իսկ առավել կարճ ժամանակահատվածում՝ 13 մրցաշրջանում երանելի բարձունքը հաղթահարել են Հովհաննես Թահմազյանը, Տիգրան Դավթյանը, Սարգիս Հովսեփյանը, Արտյոմ Ադամյանն ու Արտակ Գրիգորյանը:

08.09.2020 Armenia 2 0 Estonia 21 960x640 - Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

VNews.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբում 300 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

ՖուտբոլիստներԽաղՄրցաշրջան
1.Հովհաննես Թահմազյան4611992-2011
2.Տիգրան Դավթյան4091999-2014/15
3.Սարգիս Հովսեփյան3651992-1997, 2004-2012/13
4.Արթուր Քոչարյան3571992-96/97, 1999-2003, 2006-2012/13
5.Գևորգ Կասպարով3481997-2002, 2004-2006, 2008-2020/2021
6.Արարատ Հարությունյան3361995-2012/13
7.Արսեն Ավետիսյան3291999-2000, 2006-2011
8.Կարեն Ալեքսանյան3241998-2004, 2008-2016/17
9.Արտյոմ Ադամյան3202000-2012/13
10.Նորայր Գրիգորյան3192001-2006, 2008-2016/17
11.Կարեն Սիմոնյան3141992-1994, 96/97-2007
12.Տիգրան Հովհաննիսյան3051992-2008
13.Արամ Բարեղամյան3042005-2019/20
14.Արտակ Գրիգորյան3002008-2020/21

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա