Logo

Արթուր Ալեքսանյան.«Այս անգամ ավելի պատրաստված կմոտենամ Օլիմպիական խաղերին»

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 13.03.2016Ըմբշամարտ
Artur Aleksanyan won Silver of European Wresting Championship

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը երեկ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Արթուրի հետ VMag ամսագիրը զրուցել էր դեռ 2015թ. հոկտեմբերին` Աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո:

– Արթուր, շնորհավորում ենք երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Ինչքա՞ն դժվար տրվեց երկրորդ տիտղոսը:

– Շնորհակալություն: Միշտ էլ ասել եմ՝ չեմպիոն դառնալը դժվար է, բայց տիտղոսը պահելն ավելի դժվար, որովհետև այս մեկ տարվա ընթացքում բոլոր մրցակիցները պատրաստվում են հենց քո դեմ գոտեմարտին: Ճիշտ է, այս տարի էլ հաղթանակը դժվար տրվեց, բայց այս անգամ վստահությունն ավելի մեծ էր, ինչը երևի փորձի արդյունք է:

– Արդյո՞ք այս առաջնությանը մասնակցում էին բոլոր հիմնական հավակնորդները, որոնց հետ ծավալվելու է պայքարը նաև հաջորդ տարվա օլիմպիական խաղերի ժամանակ:

– Ինձ համար բոլոր մրցակիցներն էլ հիմնական են: Ճիշտ է հերթական անգամ տիտղոսի համար պայքարը ծավալվեց իրանցի Ղասեմ Ռեզայիի հետ, ով գործող օլիմպիական չեմպիոնն է, սակայն շատ կան ուժեղ ըմբիշներ, որոնք անպայման հավակնելու են օլիմպիական ոսկու: Քանի որ այս մրցաշարը վարկանիշային էր, բոլորն էլ մասնակցում էին:

– Ի՞նչ մտքեր ու զգացողություններ եք ունենում գոտեմարտի ժամանակ:

– Բնականաբար, բոլոր մտքերս կենտրոնացած են գոտեմարտի շուրջ, որպեսզի սխալ թույլ չտամ ու խելացի գործեմ: Շատ կարևոր է մարզիչներին լսելը, որը իրականում շատ բարդ է ու ամեն ըմբիշի մոտ չի ստացվում, մի փոքր լարվածությունը կարող է խանգարել դրան: Ես լսում եմ մարզիչներին ու փորձում ոչ մի վայրկյան չթուլացնել, անցկացնել գոտեմարտը ըստ պլանավորած մարտավարության:

– Արդյո՞ք լսում եք երկրպագուներին, ու ի՞նչ ազդեցություն է դա ունենում:

– Երկրպագուները ձայները երբեմն լսում եմ, երբեմն ոչ, կախված է նրանց քանակից և դահլիճից: Օրինակ, վերջին աշխարհի առաջնության ժամանակ, որն ընթանում էր Լաս Վեգասում, հայ երկրպագուները շատ էին ու շատ օգնեցին: Դա իրոք ազդում է, ոգևորում ու միշտ հաճելի է մարզադահլիճում երկրպագուների մեծ բանակ ունենալը:

Armenia's Artur Aleksanyan celebrates after winning a gold medal during his Greco-Roman Wrestling 96kg gold medal match against Bulgaria's Vladislav Metodiev at the Senior Wrestling European Championship in Tbilisi, March 23, 2013. AFP PHOTO/VANO SHLAMOV

– Պատկերացրե՞լ եք, ինչպիսի՞ն կարող է լինել նման մեծ մրցաշարը, եթե այն անցնի Հայաստանում:

– Շատ եմ ուզում, որ որևէ մեծ մրցաշար, Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն անցկացվի Հայաստանում, մասնակցեմ ու լավ ելույթ ունենամ: Միշտ երազել եմ Հայաստանի մեջ հաղթել: Հույս ունեմ մինչև կարիերայիս ավարտը այդ հնարավորությունը կունենամ:

– Ինչպե՞ս եք պատրաստվում մրցաշարերին:

– Մեծ մրցաշարերից առաջ միշտ հավաքներ ենք անցկացնում: Մարզիչները մշակում են մարզման ծրագիրը, որի համաձայն էլ շարժվում ենք, ավելի շատ շեշտը դնելով գորգային մարզումների վրա: Աստիճանաբար մարզումները նվազեցնում ենք, ռեժիմը խստացնում: Ամեն ինչ հաշվարկված է, քնելը, վեր կենալը, սնվելը: Նաև հոգեբանորեն ենք պատրաստվում, մտքերը կենտրոնացնում մրցումների վրա և փորձում զերծ մնալ ավելորդ նյարդայնանալուց:

– Իսկ ինչպիսի՞ն է աշխարհի չեմպիոնի առօրյան:

– Ամեն օր երկու մարզում եմ անցկացնում, առավոտյան և ցերեկը: Կեսօրին հանգստանում եմ, իսկ երեկոները սովորաբար անցկացնում եմ ընկերներիս հետ: Որևէ կոնկրետ նախասիրություն չեմ առանձնացնի, կարևորը՝ ժամանակս անցկացնեմ ընկերներիս հետ:

– Ոչ մարզական ի՞նչ նպատակներ ունի Արթուր Ալեքսանյանը:

– Ես սկսել եմ մարզվել 6 տարեկանից, և իմ ամբողջ կյանքը ապրել ու պատկերացրել եմ միայն սպորտի մեջ: Ուստի, միշտ կենտրոնացել եմ սպորտային նպատակների վրա ու աշխատել միայն այդ ուղղությամբ: Սպորտից հետո, իհարկե, կունենամ նաև այլ նպատակներ, սակայն այդ ուղղությամբ առայժմ չեմ մտածում:

– Ձեր 24 ամյակը բոլորովին վերջերս լրացավ, բայց արդեն Ձեր նախանշած մարզական նպատակներից շատին հասել եք: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կյանքն այն բանից հետո, երբ հասնեք նաև երրորդ նպատակին՝ դառնաք օլիմպիական չեմպիոն:

– Այո, երկու նպատակները, Եվրոպայի և Աշխարհի ոսկե մեդալներն արդեն նվաճել եմ, ու հույս ունեմ երրորդն էլ կստացվի: Չեմ ուզում առաջ ընկնել, այդ մասին չեմ էլ մտածում, բայց եթե հաջողվի հասնել, նույն տրամադրվածությամբ շարունակելու եմ մարզվել, որպեսզի հաջողությունները շարունակական լինեն:

– Ինչո՞վ է տարբերվում օլիմպիական գորգը:

– Օլիմպիական խաղերի ժամանակ ավելի մեծ շոու է, լսարանը մեծ է, քանի որ 4 տարին մեկ անգամ է անցկացվում: Նախորդ օլիմպիական խաղերի ժամանակ ես ընդամենը 20 տարեկան էի, փորձս ավելի քիչ էր, բացի այդ նոր էի մտել մեծահասակների պայքար: Կարծում եմ, այս անգամ ավելի պատրաստված կմոտենամ խաղերին, քանի որ կուտակած փորձ ունեմ:

– Ինչպե՞ս եք հանգստանում:

– Հանգստանալու համար սովորաբար մեկնում եմ արտերկիր, անցկացնում 1-2 շաբաթ: Նախընտրում եմ ծովափնյա հանգստավայրեր, քանզի ծովը օգնում է վերականգնվել:

– Ո՞րն է եղել ամենացավալի պարտությունը:

– Հիմնական պարտությունս եղել է 2013թ. Աշխարհի առաջնության ժամանակ, երկու չեմպիոնական մրցաշարերից առաջ: Եզրափակչում մրցում էի ռուս Նիկիտա Մելնիկովի հետ, ու երբ ընդամենը 40 վայրկյան էր մնացել գոտեմարտի ավարտին, ինձ թվում էր, որ վերջին միավորը ես եմ տարել ու հաղթում եմ: Դահլիճը լիքն էր, և աղմուկը խանգարում էր լսել մարզիչներիս, ու ես չէի հաշվարկել, որ նկատողությունների պատճառով ես պարտվողի դերում կհայտնվեմ: Ամենաշատն ափսոսում են հենց այդ գոտեմարտի համար, որովհետև եթե լսեի մարզիչներիս ու ավելի ճիշտ կողմնորոշվեի, հիմա աշխարհի եռակի չեմպիոն կլինեի:

– Ինչպե՞ս են ազդում Ձեզ վրա մրցավարական սխալները:

– Մրցավարական սխալները միշտ եղել են, ուստի պետք չէ դրանց շատ լուրջ վերաբերվել: Փոխարենը կարելի է գոտեմարտել այնպես, որ մրցավարներին թույլ չտաս սխալվել, այսինքն՝ անցկացնես այնպիսի վառ գոտեմարտ, ստեղծես միավորների այնպիսի տարբերություն, որ մրցավարներին ոչ մի հնարավորություն չթողնես միջամտելու:

Artur Aleksanyan

– Հանդես էիք գալիս գերմանական Բունդեսլիգայում: Ի՞նչ տվեց դա Ձեզ:

– Բունդեսլիգայում ամեն շաբաթ գոտեմարտում ես, ինչը թույլ է տալիս միշտ մարզավիճակում լինել: Հատկապես Աշխարհի առաջնությունից հետո, երբ մրցաշարեր գրեթե չկան, դա շատ մեծ օգուտ է տալիս: Այնտեղ հանդիպում են թե թույլ, թե ուժեղ մրցակիցներ: Մարզվելու համար համապատասխան պայմաններ կային, բացի այդ երկրպագուները ևս ակտիվ էին և ամեն կերպ աջակցում էին:

– Արդյո՞ք տարբերություն կա մարզիչների ու նախապատրաստության մոտեցումների տարբերություններ Հայաստանի և արտերկրի մեջ:

– Տարբերությունն այն է, որ մենք այդ առումով ավելի ուժեղ ենք: Մեր մարզիչները համաշխարհային մակարդակի մարզիչներ են և աշխարհում մեծ հարգանք են վայելում:

– Պատկերացնո՞ւմ եք Ձեզ որպես մարզիչ:

– Չեմ պատկերացրել ինձ որպես մարզիչ և առայժմ նման ցանկություն էլ չունեմ:

– Բացի մարզումներից, ի՞նչն եք կարևորում Ձեր կարիերայում հաջողության հասնելու գործում: Ձեզ հաճախ ենք տեսնում նաև եկեղեցում:

– Այո, երբ Գյումրիում եմ, միշտ հաճախում եմ եկեղեցի, դա ինձ ուժ և հանգստություն է տալիս, ինչպես, երևի, բոլորին: Իսկ ընդհանրապես, հաջողության համար շատ աշխատանք է պետք ու ձգտում, ուրիշ ոչինչ:

– «Սպիտակ Արջ» մականունն ինչպե՞ս է առաջացել:

– Առաջին անգամ օգտագործել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Շատ նորմալ եմ վերաբերվում, որևէ վատ բան չեմ տեսնում դրա մեջ:

– Որտե՞ղ եք տեսնում Ձեզ կարիերայից հետո:

– Ես շատ եմ կապված Գյումրու հետ, չնայած տեսել եմ այն միայն երկրաշարժից հետո, բայց մեծացել եմ այստեղ ու ինձ այլ տեղ չեմ պատկերացնում: Երազում եմ, որպեսզի այն դառնա այն առաջվա գեղեցիկ քաղաքը, որի մասին այդքան պատմում են:

Զրուցեց՝ Կարեն Ռաֆայելյանը
VMag ամսագիրը անվճար կարող եք ձեռք բերել Վիվառոյի բոլոր բեթշոփերում և Երևանի մի շարք սրճարաններում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա