Logo

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն

22:17 / 23.04.2023Ըմբշամարտ
null

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 5-1 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին, որը UWW-ի դասակարգման առաջատարն է 97 կգ քաշային կարգում։

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը վաստակեց 5 միավոր, իսկ երկրորդում ընդամենը մեկ միավոր տվեց մրցակցին ու պահպանեց առավելությունը։

Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին: Քառորդ եզրափակիչում 31-ամյա ըմբիշը 7-4 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Տամաս Լևային, իսկ կիսաեզրափակիչում 9-0 հաշվով ուժեղ էր գտնվել չեխ Արթուր Օմարովից:

Օլիմպիական չեմպիոնը նախորդ անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 2020 թվականին։ Ալեքսանյանը ԵԱ-ում հաղթել էր նաև 2012, 2013, 2014, 2018 և 2020 թվակններին։

10 ըմբիշով մրցավայր մեկնած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ելույթն ավարտեց 2 ոսկե ու մեկ բրոնզե մեդալով և թիմային հաշվարկում գրավեց չորրորդ տեղը։ Նախօրեին Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր դարձել  Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու 2 ոսկե մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել էր 5-րդ տեղը։ Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), իսկ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրել էր նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա