Logo

Արթուր Մեսրոպյան. Թռչող տունը [բանաստեղծություններ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 11.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
տունը - Արթուր Մեսրոպյան. Թռչող տունը [բանաստեղծություններ]

«Արթուր Մեսրոպյանի առաջին՝ «Թռչող տունը» բանաստեղծական ժողովածուն, երիտասարդական թարմ շնչառությամբ, նոր ու անսովոր պատկերներով ու արտահայտչամիջոցներով, քնարական հերոսի հոգեբանական հասունացման ու կայացման յուրահատուկ ընթացքով չի մնում անհատական սահմանների մեջ, այլ ընդհանրական գծերով բնութագրում է երիտասարդ բանաստեղծի՝ իր ժամանակի ընկալումն ընդհանրապես, դառնալով նաև նրա սերնդակիցների փնտրումների ու կայացման ընթացքի բանաստեղծական պատկերը», – գրում է գրականագետ Հայկ Համբարձումյանը:

Առանց հետքայլի տեղի

մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ

առանց հետքայլի տեղի

մեր ծնողների բներում կծկված

մենք կիսատպռատ դրսում ենք

ծխում ենք աններդաշնակ ու հիստերիկ աչքերով

անտեսանելի ու ազատ դարձած

մինչև ժամը տասնմեկը, մինչև մութը կոխելը

մինչև մենք քայլում ենք կացնի տակից փախած շան պես

շշմած ճակատներով, բիբներս չռված, եղունգներս կրծած

սեդատիվներից հալումաշ լյարդով, ներսներս փուչ

փուլ եկած ու խուլ

մինչև կոկորդներս ծուխ ու մոխիր եղած

թափվում ենք փարպեցի փողոցն ի վար

մենք հուրհավիյտան ճխտած ենք

ծակումակ դիպլոմների, չսիրած մարմինների

սեր չտեսած ու հարազատ լրբերի ու բթացած կինաղջիկների ու տղուկ-բիձեքի

խեղդոցում, որոնց բոլորին սիրում ենք անհիշելի սիրով

մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ

խոհանոցի սեղանի ու բարի կանգնակի մեջտեղում

հետուառաջ անող կարճաոտ, տատուոտ աղջնակի նման

և մեզնից ամենքը մի ոտքն է նրա, մի մատը նրա, շունչը նրա կրծքի

գույնը նրա քիմիական ներկով ներկած մազերի

մեր մատները, մեր մատները սուտ ու սեր ու սև գարեջրի,

սև լռության ծարավի

մերկ մսի, մերկ փորի, մերկ մեջքի քրտինքը վրաները լրիվ

չորացած ու մաշկը առանց վիտամինների

մեր կեսը դուրս, կեսը ճամփի կեսին, կեսը օդի մեջ

կեսը ամենատակը

անտեղյակ, չստացված, անընդունակ, ժառանգական ծուռումուռ ոտքերով,

մազմզոտ, ատամներով դուրս ցցված

մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ

մեր ներսը ով ասես չի տնտղել

մենք երիտասարդ ենք, ապերջանիկ

տակից դուրս գալ չունենք

հետքայլի տեղ չունենք

տունուտեղ չունենք

մոխրոտի կեսից մոռացված պատմությունն ենք

երիտասարդ, ապերջանիկ, մի տեղում մեխած, տառասխալներով լի

մթի մեր պատառով հիացած

մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ

բոլոր կռիվներից ուշացած, բոլոր ամրոցները տված, դաշտավայրերը հանձնած

առանց հետքայլի տեղի, մինչև կոկորդներս ծուխ ու փոշի

անտուն, մութ ու գոլորշի

մութ ու գոլորշի:

**

բանաստեղծություն գրելը անհուսության
կամ ավելի շուտ 
անհայտության պես մի բան է դնում դիմացդ
բանաստեղծություն կամ պոեզիա գրելը
թանաքի ու թղթի արանքում 
է մնում ամեն անգամ
մի երկու կաթիլ թե կաթա
թղթիդ՝ լավ է
լավ է երբ 7։ 30 զարթուցիչդ զանգում է
8։00-ին կրկնում,
զոռով վեր ես կենում,
լվացվում, թրաշվում,մի բան ուտում,
ճամփադ ընկնում գործի,
ավտոբուս, կանգառ,
խանութից չես մոռանում և ընդմիջման համար
սուրճ ես գնում,
աշխատում ամբողջ օրդ,
ինչքան այդ օրդ կարողանում ես
վերադառնում տուն գրեթե նույն կերպ
չմոռանալով երկու հատ պաղպաղակ 
գնել ճամփիցդ
ճաշ, հեռուստացույց, գիրք/համակարգիչ․․․
ու այսքանից հետո բանաստեղծություն գրելու մեջ
չհասունացող մի բան կա
ու թե մի երկու կաթիլ բանաստեղծություն 
կաթա թղթիդ՝ լավ է

 

 

 

Երազ

 

ի վերջո այս ամեն ինչը կվերջանա

իրար միախառնված ուղևորներով ավտոբուսից կիջնես

կհանձնես վերջին զեկույց-տեղեկանքը

դարակում կկողպես վերջին հաշվետվությունը

ու դու մի լավ կհանգստանաս վերջապես

հատ-հատ հերթով կքանդես բոլոր ձգտումներիդ

ու իղձերիդ կոճակները

ոտքերիցդ կհանես ինքնավստահ քայլվածքներդ

ու կանջատես նրբանկատության ահազանգը

չմոռանալով նախ բացել ինքամփոփության շերտավարագույրը

հետո փոշմանելով ու նորից փակելով այն

կհանես այս ամենը

կկախես մի ցրտահարված կախիչից

ու առանց երբևէ հետ նայելու

կփակես բոլոր աչքերդ

կփակես քեզ, կփակես գանգդ

ու կպառկես քո հին մանկական օրորոցի մեջ

որն այնքան երկար տարիներ պահել ես

ուղեղիդ ձեղնահարկում

դեռահասությունից մնացած բոթասների

ու վերջին զանգիդ կոստյումի կողքին

կծածկվես մորդ օրորոցայինով

կգրկես ժամանակի զգացողության բացակայությունը

ինչպես հին նապաստակիդ

ու վերջապես կքնես

գրողը տանի

**

Ես չսովորեցի բանաստեղծություն վերնագրել

սկզբում մտածում էի գրելուց հետո

կվերնագրեմ

հետո մտածեցի երբ գիրք դարձնեմ

օրերից մի օր

կգտնեմ վերնագրեր

իսկ հիմա երբ գիրքս եմ կազմում

նույնիսկ գրքիս համար մի վերնագիր

գտնելը հեշտ չի

ու երբ մի քիչ այսպես ասած

փիլիսոփայորեն եմ նայում

մտածում եմ

վերնագրի մեջ երևի ինչ որ ճակատագրական բան կա

ինչ որ ուղենշային ձանձրալիություն

անկանխատեսելիության բացառում

անհնարինության դատապարտում

հիմա մտածում եմ որ բանաստեղծությունը վերնագիր չի ունենում

ինչպես ծովը չի ունենում անուն

մեջը բնակվող ամեն ձկան համար

ամեն ձկան համար ծովը տուն է

ու այսքանը


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա