Logo

Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 2019-ին մեր առաջին մարզիկներից էր, որ ապահովեց իր մասնակցությունը Օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են միայն այս տարի: Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը Տոկիոյում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից է: Աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոնը VNews-ին պատմեց, թե ինչպես է պատրաստվում խաղերին, ինչ տրամադրվածությամբ է մեկնելու, ինչ նպատակներ է իր առջև դնում, ինչն է իրեն մոտիվացնում ու ինչպես է հաղթահարել վնասվածքներն ու 2020-ի ունեցած դժվարությունները:

Արթուր, սա Ձեր 3-րդ Օլիմպիական խաղերն են լինելու: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:

Ինձ լավ եմ զգում: Թեթև վնասվածքներ ունեի, հիմա ամեն ինչ լավ է: Լավ մարզավիճակում եմ ու հույս ունեմ, որ լավ եմ մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ֆիզիկական վիճակը հիմա նորմալ է, մինչև Օլիմպիական խաղեր ավելի լավ կլինի: Դեռ մի ամիս ժամանակ կա:

Այս Օլիմպիական խաղերը Ձեզ համար նախորդից ինչո՞վ են տարբերվում:

Տարբերվում են նրանով, որ մեկ տարի ուշացումով են կայանալու: Իսկ մնացածը նույնն է, նույն Օլիմպիական խաղերն են, նույն պայքարն է ընթանալու:

Իսկ եթե Օլիմպիական խաղերը անցկացվեին մեկ տարի առաջ…

Եթե մեկ տարի առաջ անցկացվեր ավելի լավ կլիներ, բայց այնպես էլ չէ, որ մեկ տարին երկար ժամանակ է սպորտի մեջ, ու կարող են շատ բաներ փոխվել տարիքի հետ կապված: Անցած տարի շատ քիչ ժամանակ էր մնացել Օլիմպիական խաղերի մեկնարկին, հավանաբար 2 ամիս, երբ որոշեցին հետաձգել: Այդ ժամանակ արդեն պատրաստ էինք ու տրամադրված Օլիմպիական խաղերին: Հետաձգման որոշումից հետո մի փոքր հիասթափություն կար, բայց այդ ամենն արդեն անցյալում է: Նույն կերպ պատրաստվել ենք այս տարվան:

artur aleksanyan greco roman wrestling 960x572 - Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Այդ շրջանում ինչպե՞ս էր ստացվում կազմակերպել սպորտային կյանքը:

Գիտեք՝ այդ շրջանը շատ բարդ էր: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզադահլիճները փակ էին: Հիմնականում բացօթյա մարզումներ էինք անցկացնում, փորձում էինք լավ մարզավիճակում մնալ, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց, ու իր տեղն ընկավ:

Եղավ նաև պատերազմը. դա ի՞նչ անդրադարձ ունեցավ:

Երկար ժամանակ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետո, չէինք կարողանում կենտրոնանալ ու մարզվել, բայց փորձեցինք ու հաղթահարեցինք այդ ամենը՝ գիտակացելով, որ առջևում կան կարևորագույն մրցաշարեր: Մենք էլ այնտեղ մեր գործն ենք անելու ու փորձելու ենք Հայաստանի պատիվը բարձր պահել:

Աշխարհի 2018 թվականի առաջնությունից անհաջող շրջան ունեցաք: Հիմա կա՞ զգացողություն, որ ապացուցելու բան ունեք բոլորին, ու ինքներդ Ձեզ:

2018-ին շատ վնասվածքներ ստացա: Դրանք շատ էին խանգարում մարզումներիս: Բայց ինչ-որ կա ապացուցելու ես արդեն ապացուցել եմ, բայց գնում եմ այս Օլիմպիական խաղերին, որպեսզի կրկնեմ նախորդ խաղերի արդյունքը: Պետք է փորձենք միշտ առաջ գնալ, ոչ թե հետ, բայց եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է փորձենք կրկնել արդյունքը:

Artur Aleksanyan 1 2 finals 15 960x640 - Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Այս Օլիմպիական խաղերին ըմբշամարտի աշխարհը սպասելու է Ձեր ու Մուսա Եվլոեվի հանդիպմանը: Արդյո՞ք Ձեզ մոտ լարվածություն կա:

Կոնկրետ այդ գոտեմարտի վերաբերյալ լարվածություն չկա: Լարվածություն կա, բայց դա նորմալ է նման մրցաշարերից առաջ դա միշտ առկա է: Բոլոր մարզիկների մոտ էլ կլինի: Բայց ինձ համար բոլորն էլ նույն մրցակիցներն են, Օլիմպիական խաղերը դա այն մրցաշարն է, որտեղ թույլ մարզիկներ չկան: Եթե կենտրոնանաս մեկ հոգու վրա, ապա մյուսների հետ հնարավոր է լավ չկարողանաս գոտեմարտել, ու անակնկալներ գրանցվել: Պետք է կենտրոնանալ բոլոր հակառակորդների վրա, ոչ թե մեկի:

Շատերն ասում են, որ 97 կգ քաշային կարգում մրցակցությունը ավելի է թեժացել ու շատացել են բարձր մակարդակի ըմբիշները: Դուք ի՞նչ եք կարծում, Ձեր խնդիրը ավելի՞ բարդ է լինելու:

Այո, կա այդպիսի խոսակցություն: Եթե առանձնացնենք 2-3 քաշային կարգեր, որտեղ ամենաթեժ պայքարն է ընթանում, ապա ամենաուժեղներից մեկը՝ 97 կգ քաշային կարգն է, որովհետև, երևի թե, մոտ 10-12 լուրջ ըմբիշներ կան, իրար հավասար:

Արթուր, որպես մարզիկ, բոլոր հնարավոր ու անհնարին տիտղոսները նվաճել եք. ո՞րն է Ձեր մոտիվացիան, հագեցե՞լ է քաղցը հաղթանակներից:

Այո, մի քանի տարի առաջ նվաճել եմ բոլոր հնարավոր տիտղոսները, բայց զգում եմ, որ նորից կարող եմ հաղթել, ունակ եմ դրան: Եթե հնարավոր է նորից հաղթել ու մեր երկրի պատիվը բարձր պահել, ինչո՞ւ ոչ, դրա համար շարունակել եմ մարզվել:

Արթուր, ըստ Ձեզ, Օլիմպիական խաղերում դեպի հաղթանակ տանող ամենակարևոր գործոնները որո՞նք ենք:

Ամենակարևորն այն է, որ վերջին հավաքների ժամանակ վնասվածքներից հեռու մնանք, ճիշտ տրամադրվենք, ճիշտ մարզվենք: Բայց առաջինը պետք է ճիշտ տրամադրվել: Այս Օլիմպիական խաղերին ավելի մեծ փորձ ունեմ, ավելի հանգիստ եմ մոտենում:

Artur Aleksanyan 5th gold European championship Rome 2020 9 960x622 - Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Որպես թիմի ավագ ու փորձառու ըմբիշ՝ ի՞նչ խորհուրդներ եք տալիս մեր մյուս ըմբիշներին, որոնք բոլորն էլ առաջին անգամ են մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Միշտ ձգտել եմ իմ փորձով կիսվել ու օգուտ տալ մյուս տղաներին: Փորձում եմ նրանց հետ շատ զրուցել Օլիմպիական խաղերի մասին: Նրանց պատմում եմ այն, ինչ զգացել եմ իմ առաջին Օլիմպիական խաղերին ու հասկացնել, որ չի կարելի շատ լարվել ու կենտրոնանալ, այլ պետք է մոտենալ այնպես, ինչպես մյուս մրցումներին: Չնայած դա շատ դժվար է, բայց փորձում եմ օգուտ տալ:

Գյումրիում արդեն մեկնարկե՞լ են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքները:

Մարզադպրոցի կառուցումը մեկնարկել է մոտ 20 օր առաջ: Հիմա կատարում են հողային աշխատանքները: Երևի թե, 2 կամ 2 ու կես տարի հետո ամեն ինչ պատրաստ կլինի, և Գյումրի քաղաքը կունենա սպորտային մեծ համալիր:

Տեսե՞լ եք մարզադպրոցի նախագիծը ու ի՞նչ տպավորություններ ունեք:

Այո՛ տեսել եմ նախագիծը: Ամեն ինչ հիմնականում մեր ցանկությամբ է եղել, ու կարծում եմ, որ հրաշալի սպորտային համալիր է լինելու, որը կնպաստի մեր երկրում սպորտի զարգացմանը:

գյումրի 960x540 - Արթուր Ալեքսանյան. «Եթե առաջ գնալու տեղ չկա, պետք է կրկնել արդյունքը»

Արթուր, Դուք Ձեր ամբողջ կյանքը նվիրել եք սպորտին, ու Ձեր բոլոր երազանքներն ու մտքերը կապված են եղել ըմբշամարտի հետ, հնարավո՞ր է, որ այս խաղերից հետո այլ մտքեր ունենաք:

Իհարկե, մտածելու եմ ուրիշ գաղափարների ու նպատակների մասին, բայց դեռ առջևում Օլիմպիական խաղերն են: Հիմա միայն Օլիմպիական խաղերի մասին եմ մտածում, Տոկիոյից հետո միայն պարզ կլինի՝ ինչ եմ անելու: Դեռ ոչինչ չեմ որոշել:

Արդյո՞ք Տոկիոյում առաջին անգամ եք լինելու, ու ի՞նչ գիտեք այդ քաղաքի մասին:

Երբ Ճապոնիայի կամ Տոկիոյի մասին ինձ մոտ խոսակցություններ են լինում, միանգամից պատկերացնում եմ Օլիմպիական խաղերն ու ոսկե մեդալը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա