Logo

Արթուր Դավթյանն առաջին անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն. նա մանրամասներ է հայտնել VNews-ին

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:08 / 16.06.2022Մարմնամարզություն
Բացառիկ
Arthur Davtyan

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր Արթուր Դավթյանը ևս մեկ տիտղոս է ավելացրել իր նվաճումների ցանկին։ Նա առաջին անգամ Ֆրանսիայի ակումբային առաջնության հաղթող է դարձել այդ երկրի «Լա Սոտվիլ» թիմի կազմում։ Այդ ստուգատեսի և իր ելույթների մասին անվանի մարմնամարզիկը պատմել է VNews-ին։

Եզրափակիչ մրցավեճում «Լա Սոտվիլն» առավելության է հասել Ֆրանսիայի վերջին հինգ տարիների անփոփոխ չեմպիոն «Անտիբուա» ակումբի նկատմամբ։ Վերջին անգամ «Լա Սոտվիլը» չեմպիոն էր դարձել 2004 թվականին, որին հաջորդած տարիներին նվաճել էր 3 արծաթե ու 5 բրոնզե մեդալ։ 

«Մասնակցեցի օղակների ու նժույգթափի վրա վարժությանը, ինչպես նաև հենացատկերին։ Միայն նժույգթափի վրա վարժությունից չկարողացա հաղթական միավորներ բերել մեր թիմին։ Ելույթներիցս հիմնականում գոհ եմ, նորմալ էին։ Հենացատկերս գնահատեցին 14,8 միավոր։ Պետք է նշեմ, որ ծնկի հատվածում ցավեր ունենալու պատճառով վերջին երկու շաբաթում միայն մեկ անգամ էի ցատկեր կատարել, ընդ որում՝ այն պարագայում, երբ մյուս մարմնամարզիկները, ինչպես տեղեկացա, պարբերաբար մարզվել էին։ Մեկ օր եմ ցատկել, որովհետև չէի ցանկանում ծանրաբեռնել ծնկահոդս, որպեսզի ցավը փոքր-ինչ թուլանար և չխանգարեր բուժմանը։ Համարում եմ, որ նորմալ գնահատական ստացա։ Իսկ ցավը, իհարկե, գլուխ բարձրացրեց, բայց առանց դրա չի լինի»,- VNews-ին պատմեց Արթուր Դավթյանը։

Նա մանրամասնեց, որ մրցակարգի համաձայն՝ մրցող թիմերը կարող էին 3-ական մարզիկ ներկայացնել յուրաքանչյուր վարժությունում, մարզիկներից միայն մեկը կարող էր լեգեոներ լինել։ «Լա Սոտվիլն» ուներ երկու արտասահմանցի մարզիկ՝ Դավթյանը և կանադացի Ֆելիքս Դոլչին։ Տվյալ վարժությունում հաղթելու դեպքում մարզիկը 3 միավոր էր ավելացնում իր թիմի ընդհանուր արդյունքին, իսկ պարտված մարզիկի հաշվեհամարը համալրվում էր 1 նիշով։ Այդ ամենի հանրագումարում էլ ձևավորվում էր հանդիպման վերջնական հաշիվը։

Արթուրն 8-րդ անգամ էր մասնակցում Ֆրանսիայի ակումբային առաջնությանը, սակայն նախկինում ելույթ էր ունեցել «Մոնտաժիս» ակումբում։ «Լա Սոտվիլ» տեղափոխվել է այս տարի։ Նա ելույթ է ունենում նաև գերմանական «Կ.Տ. Օբերլան» ակումբում, որի կազմում 2018 թվականին դարձել է Բունդեսլիգայի հաղթող։ Գերմանիայի առաջնությանը դարձյալ նախատեսում է մասնակցել սեպտեմբերին։

Առաջիկա օրերին Դավթյանն իրեն փորձելու է նոր՝ մրցավարի կարգավիճակում։ Նա լինելու է Գյումրիում անցկացվելիք մանկապատանեկան մրցաշարի մրցավարների թվում։ Դրանից հետո մտադիր է ավարտել բուժումը, մի փոքր հանգստանալ և սկսել նախապատրաստությունը Եվրոպայի առաջնությանը։ Հուլիսի 20-ից սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը նախատեսում է հավաք անցկացնել Թբիլիսիում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա