Logo

Արթուր Դավթյանը նպաստել է «Սոտվիլյեզ» ակումբի՝ Ֆրանսիայի առաջնության կիսաեզրափակիչ անցնելուն 

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:42 / 20.04.2022Մարմնամարզություն
Բացառիկ
null

Ֆրանսիական հանրահայտ «Սոտվիլյեզ» մարմնամարզական ակումբում ելույթ ունեցող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, մասնակցելով այդ երկրի ակումբային առաջնության հերթական հանդիպմանը, նպաստել է իր թիմի կիսաեզրափակիչ անցնելուն։ Իր ելույթի մանրամասները 29-ամյա մարզիկը ներկայացրեց VNews-ի հետ զրույցում։

«Ակումբի հետ համագործակցության պայմանագիր ունեմ։ Մասնակցությունիցս գոհ եմ. նորմալ ելույթ ունեցա։ Առաջադրանքս լիարժեք կատարեցի. արձագանքները դրական են։ Մասնակցեցի հենացատկերի, ինչպես նաև նժույգթափի և պտտաձողի վրա վարժությունների մրցումներին։

Այս առաջնությունն անցկացվում է մարմնամարզությունում ընդունված ձևաչափից տարբերվող մրցակարգով։ Յուրաքանչյուր վարժությանը մասնակցում է մրցող թիմերի մեկական մարզիկ, որոնց պայքարում հաղթող է հռչակվում առավել բարձր գնահատական ստացողը, որը նաև միավոր է բերում իր թիմին։ Պատկերավոր ասած՝ «գոլի» հեղինակ է դառնում։ Ինքնատիպ այդ մենամարտերի հանրագումարում էլ որոշվում է հանդիպման արդյունքը։

Ես շահեցի բոլոր մենամարտերս և, ինչպես խաղային մարզաձևերում են ասում, հեթ-տրիկ ձևակերպեցի։ Սակայն ընդհանուր հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։ Դա միանգամայն նպաստավոր արդյունք էր մեր ակումբի համար, քանի որ Ֆրանսիայի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ անցնելու հնարավորություն տվեց։

Ի դեպ, առաջնության ընթացքում ակումբներն իրար հետ մրցում են ինչպես սեփական հարկի տակ, այնպես էլ մրցակցի մարզադահլիճում։ Դա նույնպես ընդօրինակված է խաղային մարզաձևերից։ Հաջորդ հանդիպումը մեր ակումբն անցկացնելու է մայիսի վերջին»,- VNews-ի հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ, ցավոք, այս մրցելույթից հետո իրեն սկսել են անհանգստացնել ծնկի ցավերը, որոնց պատճառները պարզելու և խնդիրը վերացնելու հարցերով է զբաղվելու առաջիկա օրերին։ Բուժման ավարտին մարմնամարզիկը մտադիր է սկսել նախապատրաստությունն օգոստոսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Այս տարի Արթուր Դավթյանն արդեն հաղթել է Աշխարհի գավաթի խաղարկության Կոտբուսի, Դոհայի և Կահիրեի փուլերում՝ առաջինը դառնալով մրցումների ընդհանուր հաշվարկում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա