Logo

Արթուր և Վահագն Դավթյանները՝ մարմնամարզության Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկի հաղթողներ

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:01 / 06.04.2022Մարմնամարզություն
Արթուր Դավթյան - Վահագն Դավթյան

Մարմնամարզիկներ Արթուր և Վահագն Դավթյանները դարձել են առանձին վարժություններից աշխարհի գավաթի այս տարվա խաղարկության ընդհանուր հաշվարկի հաղթող՝ առաջին տեղը գրավելով համապատասխանաբար հենացատկերի և օղակների վրա վարժության ամփոփիչ աղյուսակում, որը հրապարակել է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։

Մեր մարզիկները մասնակցել են շարքի 4 մրցաշարերից 3-ին, որոնց արդյունքներով Արթուրը վաստակել է 90, իսկ Վահագնը՝ 85 վարկանիշային միավոր։

Հայաստանի ներկայացուցիչները հայտնի պատճառներով բաց են թողել միայն ապրիլի 1-3-ը Բաքվում անցկացված փուլը, ինչը, սակայն, նրանց չի խանգարել պահպանել նախորդ երեք մրցումներում ձեռք բերած առավելությունը։

Այդ հանգամանքն ընդհանրապես չի անդրադարձել Արթուրի վերջնական արդյունքի վրա, քանի որ մրցակարգի համաձայն՝ հաշվի են առնվում 4 փուլից երեքում գրանցված լավագույն ցուցանիշները։

Ինչպես հայտնի է, Կոտբուսում, Դոհայում և Կահիրեում կայացած մրցաշարերում Արթուր Դավթյանը վստահորեն առաջին տեղն էր գրավել հենացատկերում և գործնականում ժամանակից շուտ էր ապահովել հաղթանակն ընդհանուր հաշվարկում, քանի որ մոտակա հետապնդողներն անհուսալիորեն հետ էին մնացել։

Իսկ ահա Վահագն Դավթյանին հավասարվելու հնարավորություն էր պահպանում թուրք Իբրահիմ Չոլակը, որը, սակայն, օղակների վրա վարժությունում 2-րդ տեղը գրավեց Բաքվում և ընդհանուր հաշվարկում 5 միավոր զիջեց հայ մարմնամարզիկին։

Ի դեպ, այս մրցաձևի սանդղակի 3-րդ տեղում է Արթուր Ավետիսյանը։

Նժույգթափի վրա վարժության ընդհանուր հաշվարկում ընդգրկված 33 մարզիկներից 3-ը Հայաստանի հավաքականի մարմնամարզիկներն են՝ Հարություն Մերդինյան (5-րդ տեղ), Գագիկ Խաչիկյան (23) և Արթուր Դավթյան (29)։ Ազատ վարժությունների աղյուսակում Արթուր Դավթյանն ունի 14-րդ, իսկ պտտաձողի վրա՝ 16-րդ վարկանիշային արդյունքը։

Ստուգատեսի արդյունքներով Արթուր և Վահագն Դավթյանները միանգամից իրավունք են ստացել իրենց հաղթած վարժություններից մասնակցելու աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը։

Նրանք կպարգևատրվեն նաև 5-հազարական շվեյցարական ֆրանկով։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա