Logo

«Աշխարհին անհայտ Ագուերոն». Բարդագույն ճանապարհ՝ ծննդյան օրից մինչև ԱՊԼ լեգենդ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 27.12.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Սերխիո Ագուերոյի ճանապարհը

Ի՞նչ է զգում մարդը, երբ իրեն ասում են, որ ինքն ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարող զբաղվել իր սիրելի գործով։ Պատասխանները տարբեր են՝ անբացատրելի տխրություն, դատարկություն ու բացասական մի շարք հոմանիշներ։ Հիմա պատկերացրեք՝ Դուք բժիշկ եք ու ասում եք նման միտք ֆուտբոլիստին, որը դեռ ունակ է մի քանի տարի զարմացնել երկրպագուներին։ Լավ կլինի՝ չպատկերացնեք, այլապես կդառնաք այդ ֆուտբոլիստի ու նրա տասնյակ հազարավոր երկրպագուների «աչքի գրողը»։ Թեպետ Սերխիո Ագուերոն վերին աստիճանի պրոֆի է ու երբեք նման կարծիք չի արտահայտի, բայց հոգու խորքում «թուղթ ու գիր» է անում իրեն հարկադրաբար և վաղաժամ թոշակի ուղարկած բժիշկներին։

Բայց լինենք անկեղծ. Սերխիո Ագուերոն գործնականում ոչնչի համար չպետք է ափսոսա։ Նրա անցած ֆուտբոլային ճանապարհի մասին կարող է երազել ու անգամ մոտ չհասնել ոչ մի խաղացող։ Իր ֆանտաստիկ կարիերայի ընթացքում Ագուերոն նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, գավաթներ, գրանցել է անհասանելի ռեկորդներ։ Նույնիսկ եթե Ագուերոն սեփական կամքով ավարտեր կարիերան, ընկալումը դրանից չէր փոխվի։ Սակայն հատկապես այս պահին է տխուր, ընդ որում՝ կրկնակի ու եռակի.

skysports sergio aguero barcelona 5401274 960x540 - «Աշխարհին անհայտ Ագուերոն». Բարդագույն ճանապարհ՝ ծննդյան օրից մինչև ԱՊԼ լեգենդ

  • Ամռանն Ագուերոն փոխարինեց սիրելի ու հարազատ դարձած Անգլիան «Բարսելոնայով»՝ հանուն վաղեմի ընկերոջ՝ Լիոնել Մեսիի հետ խաղալու, բայց Լեոն «փախավ» Փարիզ
  • Ագուերոն եկավ Կատալոնիա «Բարսելոնայի» պատմության գուցե ամենաճգնաժամային հատվածում, երբ կար ակումբ, բայց չկա/ր թիմ
  • Տախիկարդիա

Ագուերոյի կարիերայի ամենակարևոր պահերի մասին, կարծում եմ, շատերը գիտեն, իսկ նրա գլխավոր այցեքարտը երևի թե «Քուինզ Փարկ Ռեյնջերսի» դարպասն ուղարկած այս գնդակն է, որը «Մանչեսթեր Սիթիին» պարգևեց բաղձալի ու պատմական չեմպիոնություն։ Գոլը համացանցում դիտելու համար նույնիսկ մանրամասներ գրել պետք չէ. ընդամենը գրում եք «Aguerooooo» ու վերջ։ Ա՛յ այդքան լեգենդար է այս գոլը։

***

1988-ի մարտի սկզբին Բուենոս Այրեսում սարսափելի ջրհեղեղ եղավ։ Մայրաքաղաքի միջին վիճակագրական ընտանիք ձևավորած Լեոն ու Ադրիանան(6 ամսական հղի) ստիպված եղան սեփական ջանքերով վերացնել ջրհեղեղի հետևանքները։ Սակայն ամսվա վերջում տարերային աղետը կրկնվեց, նույնիսկ ավելի ուժգին։ Հետևանքներն այնպիսին էին, որ առանձնատունը քանդվելու եզրին էր: Լեոն ու Ադրիանան իրենց փոքր դստեր հետ բառի ամենաուղիղ իմաստով լողալով դուրս են եկել տնից։ Ավելի քան 2 շաբաթ սարսափելի պայմաններում անցկացնելուց հետո Ադրիանան հայտնվեց հիվանդանոցում։ Բժիշկներին հրաշքով հաջողվեց փրկել նրա ու երեխայի կյանքը։ Երկամսյա բժշկական ինտենսիվ խնամքի շնորհիվ երեխան ծնվեց ժամանակին. նրան կոչեցին Սերխիո անունով։ Մոր կյանքին վտանգ չէր սպառնում, սակայն ծննդօգնության ժամանակ բժիշկները թույլ տվեցին աններելի սխալ՝ կոտրելով անրակը։

Նման կոտրվածքով ապագա ֆուտբոլիստը մոր հետ ստիպված եղավ 2 շաբաթ ավելի մնալ հիվանդանոցում, իսկ Ադրիանան 2-3 ժամը մեկ արթնանում էր ու գնում նորածինների բաժանմունք՝ ստուգելու՝ երեխան տեղու՞մ է, թե՞ ոչ. ծննդաբերությունից 2 օր առաջ նույն թաղամասի մյուս ծննդատնից երեխա էին առևանգել։ Դուրս գրվելուց հետո Ադրիանան կանգնեց ևս մեկ բարդության առաջ. Արգենտինայի օրենքի համաձայն՝ երեխան իրավունք չուներ կրելու հոր ազգանունը, եթե վերջինս անչափահաս է (այդ երկրում 21 տարեկանից ցածրն անչափահաս է)։ Այդպես Սերխիոն ստացավ մոր ազգանունն ու դարձավ Ագուերո։ Բայց երանի խնդիրներն այդքանով սահմանափակվեին։

88-ի վերջին Արգենտինայում գնաճը հասավ աննախադեպ՝ 96 տոկոսի, ինչի հետևանքով փակվեց գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ հրուշակեղենի խանութ-գործարանը, որտեղ աշխատում էր Սերխիոյի հայրը՝ Լիոնելը: Գումար հայթայթելու միջոցը դարձավ ֆուտբոլը։ Սիրողական մակարդակի խաղերն սկսվում էին առավոտյան 9-ին և ավարտվում այն ժամանակ, երբ մութն ընկնում էր. Լիոնելն օրական անցկացնում էր 5 խաղ։ Հուլիսին ծնվեց երրորդ երեխան՝ Գաբրիելան։ Ընտանիքը կերակրելու համար Լիոնելը գործի տեղավորվեց նաև շինհրապարակում որպես բանվոր։ Երբ սկսեց գումար հավաքել, Լիոնելը գնեց գունավոր փոքր հեռուստացույց։ Երբ Սերխիոն սկսեց լիարժեք ընկալել աշխարհը, հեռուստացույցով հեռարձակվում էր ճապոնական «Կում-Կում» մուլտֆիլմը։

ruea78b3bd895 960x960 - «Աշխարհին անհայտ Ագուերոն». Բարդագույն ճանապարհ՝ ծննդյան օրից մինչև ԱՊԼ լեգենդ

6 տարեկանում Ագուերոն սկսեց ֆուտբոլ խաղալ։ Սկզբում հոր պես՝ սիրողական մակարդակով, հետո փորձեց հաճախել լուրջ թիմերի մանկապատանեկան դպրոցներ, սակայն ամենուրեք գումար էին պահանջում ընդունելության համար։ Հանրահայտ «Լանուսում» խաղալու համար մուտքավճար պետք չէր, փոխարենն Ագուերոյի ծնողները պետք է գնեին մարզահագուստի երկու հավաքածու, սակայն նույնիսկ դրա համար գումար չկար. Լիոնելն արդեն 7 երեխայի հայր էր։ Ի վերջո, մանկապատանեկան 2 թիմի հետ միջինից ցածր նշանակության գավաթներ նվաճելուց հետո հայտնվեց «Լոս Պրիմոս» ակումբի ուշադրության կենտրոնում։ Սեփականատերը թույլ տվեց խաղալ առանց մուտքավճարի, իսկ Ագուերոյի հայրը գործի «տեղավորվեց» որպես վարորդ։

1998 թվականին՝ «Ինդեպենդիենտե» ակումբի մասին պատմող հեռուստահաղորդման ժամանակ, հաղորդավար Էդուարդո Գոնսալեսն իր ընկերոջը՝ սպորտային իրավաբան Խոսե Մարիա Աստարլոային, որը ներկայացնում էր 17-ամյա ծագող աստղ Դիեգո Ֆորլանի իրավունքները, պատմեց Սերխիո Ագուերոյի մասին։ Դեռևս 1998 թվականի նոյեմբերին Սերխիո Ագուերոյի ընտանիքը 9 հոգով ապրում էր փոքրիկ բնակարանում, սակայն Աստարլոայի այցից հետո ամեն ինչ փոխվեց։ Նա առաջարկեց Ագուերոյի իրավունքների 100 տոկոսի դիմաց շքեղ, երկհարկանի առանձնատուն: Առաջարկն ընդունվեց միաձայն։ Նոր՝ 1999 թվականն ընտանիքը դիմավորեց նոր տանը, իսկ Ագուերոն դարձավ «Ինդեպենդիենտեի» սան։

RPX66MAIPNCAVEFPIS2P4MFMJM - «Աշխարհին անհայտ Ագուերոն». Բարդագույն ճանապարհ՝ ծննդյան օրից մինչև ԱՊԼ լեգենդ

3 տարի քրտնաջան աշխատանքի արդյունքում Ագուերոն դարձավ ոչ միայն «Ինդեպենդիենտեի», այլև ամբողջ Արգենտինայի ամենատաղանդավոր ու լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ 2002 թվականի հուլիսի 20-ին Ագուերոն գրավեց «Ռոսարիոյի» դարպասն ու իր թիմին դարձրեց Արգենտինայի երիտասարդական առաջնության հաղթող։ Սակայն ուրախությունը կարճ տևեց. դրանից ընդամենը 6 օր անց Ագուերոյի մոր առողջական վիճակը վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Հայտնաբերված սակավարության պատճառով Ադրիանան կորցրեց 8 կիլոգրամ։ Ագուերոն ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր մոր հետ, ինչի պատճառով կորցրեց լավ մարզավիճակը։ Այդ ընթացքում երկնակամարում հայտնվեց «Յուվենտուսը», որն Ագուերոյին առաջարկեց պայմանագիր ու բնակարան Թուրինում։ Սակայն ֆուտբոլիստի համար հոգ տանող գործակալ ու փաստաբան Խոսե Մարիա Աստարլոան խորհուրդ տվեց հրաժարվել այդ առաջարկից. դեռ վաղ էր։

2003 թվականին Ագուերոն արդեն համարվում էր պոտենցիալ աստղ, նույնիսկ պայմանագիր էր կնքել Nike ընկերության հետ։ «Ինդեպենդիենտեի» գլխավոր մարզիչ Օսկար Ռոջերին առաջին անգամ Ագուերոյին հրավիրեց մասնակցելու հիմնական թիմի մարզմանը։ Դա հունիսին էր՝ Ագուերոյի 15-ամյակի տոնակատարությունից 3 օր անց։ Իսկ հունիսի 2-ին մարզիչն առաջին անգամ Կունին ընդգրկեց հիմնական թիմի հայտացուցակում։ «Սան Լորենսոյի» հետ հանդիպումը, թեպետ հեռուստացույցով, բայց ուղիղ հեռարձակմամբ դիտել է ամառային արձակուրդները Ռոսարիոյում անցկացնող մի շատ կարևոր մարդ։

«Այն ժամանակ ես երազում էի «Բարսայում» իմ նորամուտի մասին։ Ռոսարիոյում ֆուտբոլ էի դիտում, երբ ինձ ասացին, որ «Ինդեպենդիենտեի» կազմում շուտով խաղադաշտ դուրս կգա 15-ամյա մի պատանի։ Այդպես, ես առաջին անգամ իմացա Սերխիո Ագուերոյի մասին։ Դաշտ դուրս գալով՝ նա անում էր այնպիսի բաներ, որոնք չէին կարողանում նույնիսկ բազմափորձ պրոֆիները։ Իսկ Սերխիոն 15 տարեկանում արդեն նրանց բոլորին շրջանցում էր»,- պատմում է Լիոնել Մեսին։

maxresdefault 4 1 960x540 - «Աշխարհին անհայտ Ագուերոն». Բարդագույն ճանապարհ՝ ծննդյան օրից մինչև ԱՊԼ լեգենդ

Նորամուտը նշելուց հետո Ագուերոն սկսեց ավելի հաճախ հայտնվել թիմի մեկնարկային կազմում։ 2004 թվականին Ագուերոն սահմանեց մի շարք ռեկորդներ, որոնք նույնիսկ մարդու մտքում չեն տեղավորվում. ձեր ճանաչած 15 տարեկաններն ալարում են իրենց քորել, իսկ Ագուերոն մասնակցում էր Լիբերտադորեսի գավաթի խաղերին։ 2004 թվականի նոյեմբերի 26-ին Ագուերոն խփեց իր առաջին գոլն «Ինդեպենդիենտեի» մեծահասակների թիմի կազմում։ Նման ելույթների ճանապարհը տանում էր Արգենտինայի Մ20 հավաքական, որի հետ Ագուերոն դարձավ Աշխարհի չեմպիոն։ Ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիտ՝ Ագուերոն դարձավ երջանկահիշատակ Դիեգո Մարադոնայի երեկոյան շոուի հյուրը, որտեղ կյանքի բերմամբ, թե պատահմամբ, նա հանդիպեց Ջանինային՝ իր ապագա կնոջը: Ջանինան Դիեգո Մարադոնայի դուստրն է։

2006 թվականի դրությամբ Ագուերոն արդեն լիարժեք համարվում էր եվրոպական մեծ թիմերի գլխավոր թիրախը։ Սակայն նորից գործին խառնվեց Խոսե Մարիա Աստարլոան և խորհուրդ տվեց տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։ Սակայն մինչև տեղափոխությունն Ագուերոն պետք է անցկացներ իր վերջին խաղերը, որոնք ծնվելու պես անցան բարդություններով։ «Օլիմպո» թիմի հետ խաղից առաջ նա մոտեցավ գլխավոր մրցավար Դիեգո Աբալարին ու խնդրեց իրեն դեղին ցույց չտալ, այլապես նա բաց կթողներ «Ինդեպենդիենտեի» հաջորդ տնային հանդիպումը։ «Խախտում չանես՝ դեղին չես ստանա». բայց ամեն բան զուր էր. դեղինից խուսափել չհաջողվեց, ու Ագուերոն չկարողացավ մասնակցել իր թիմի վերջին հանդիպմանը։

sergio aguero1 960x720 - «Աշխարհին անհայտ Ագուերոն». Բարդագույն ճանապարհ՝ ծննդյան օրից մինչև ԱՊԼ լեգենդ

Իսկ թե ինչ եղավ դրանից հետո, այ դա արդեն գիտեն բոլորը։ Ագուերոն դարձավ Պեկինի Օլիմպիական խաղերի հաղթող, հաղթեց Եվրոպա լիգան ու չեմպիոն դարձրեց 50-ականներից խոշոր գավաթի երես չտեսած «Մանչեսթեր Սիթիին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա