«Գանձասար-Կապանը» շարունակում է նախապատրաստվել Եվրոպա լիգայի գավաթի 2017/18թթ. խաղարկությանը: Հայաստանի փոխչեմպիոնը որակավորման 1-ին փուլում հունիսի 29-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում մրցելու է «Մլադոստի» հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կապանյան ակումբը պայմանագրեր է կնքել երկու նորեկների հետ: Խոսքը 25-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Մասամբա Մանդիանգուի և 23-ամյա եզրային պաշտպան Ալեքս Քրիստիանի մասին է: Թիմից հեռացել է պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը:
Եվրագավաթային հանդիպումներից սպասելիքների մասին VivaroNews.am-ին տված հարցազրույցում պատմել է թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը.
-Մենք մեկշաբաթյա հավաք անցկացրինք Երևանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ ծանրաբեռնված աշխատանք տարանք: Միայն մեկ խնդիր կար: Չկարողացանք համապատասխան թիմեր գտնել, որպեսզի ընկերական խաղեր անցկացնեինք: Բավարարվեցինք «Շիրակի» դեմ հանդիպումով, որին պարտվեցինք 2-3 հաշվով: Այժմ այստեղ արդեն ամենօրյա մարզումներ ենք անցկացնում և նախապատրաստվում առաջիկա խաղերին:
Ի՞նչ տպավորություն են թողնում թիմի նորեկները:
-Մենք ամբողջ մրցաշրջանում խաղացել ենք առանց ենթահարձակվողի, այժմ մեզ մոտ է Մանդիանգուն, ով որակյալ ֆուտբոլիստ է: Ճիշտ է, նրան ժամանակ է պետք թե՛ մարզավիճակը, թե՛ խաղակցվածությունը բարելավելու համար, որովհետև գաղտնիք չէ՝ ոչ բոլոր նորեկներն են թիմին միանում լավագույն մարզավիճակում: Մեզ մոտ է նաև պաշտպան Քրիստիանը, ով նույնպես լավ ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ եթե մենք կարողանանք ավելի վստահ պաշտպանվել, ապա արդյունքները կբարելավեն:
Նոր համալրումներ սպասվո՞ւմ են մինչ եվրոգավաթային հանդիպումները:
-Նորեկներ չեն լինի մինչ Եվրոպա լիգայի մեկնարկը: Մենք միշտ փորձել ենք այնպես անել, որ թիմում լեգեոներները քիչ լինեն, բայց չի ստացվում: Շատ կուզեմ, որ իմ թիմում տեղացի ֆուտբոլիստները շատ լինեն, սակայն մենք հարկադրված ենք հիմնվել լեգեոներների վրա, որպեսզի արդյունքներ ապահովենք: Այժմ մարզվում ենք 18 ֆուտբոլիստներով: Մինչ առաջնությանը մեկնարկը երևի կհամալրվենք ևս մեկ պաշտպանով: Պետք է ուշադրություն դարձնենք նաև մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որ նրանք ավելի շատ խաղաժամանակ ստանան: Եթե նրանք ավելի խաղացին, ապա ավելի քիչ լեգեոներների կհրավիրենք:
Իսկ հեռացողներ կլինե՞ն:
-Ալեքսանդր Պետրոսյանն այլևս թիմում չէ: Մինչ Եվրոպա լիգայի մեկնարկն այլևս հեռացողներ չեն լինի, իսկ հետագայի վերաբերյալ արդեն որոշում կկայացնենք: Մենք ունեցածով չենք բավարարվում: Սա շարունակական գործընթաց է: Մեկ ֆուտբոլիստին գալիս է փոխարինելու մյուսը, և այդպես շարունակ: Կազմն անընդհատ պետք է թարմացվի և երիտասարդանա: Խոսքն, իհարկե, կոնկրետ Պետրոսյանի մասին չէ:
Արդեն հասցրե՞լ եք ուսումնասիրել մրցակցի՝ «Մլադոստի» խաղը:
-Այո: Մենք ունենք ծրագիր, որի շնորհիվ ուսումնասիրում ենք մրցակցի բոլոր հանդիպումները, նաև ֆուտբոլիստների անհատական ելույթները: Արդեն երկու օր է, ինչ օգնականներիս՝ Արմեն Սանամյանի և Արմեն Պետրոսյանի հետ վերլուծում ենք նրանց խաղերը: Հիմա էլ պատրաստվում ենք հավաքվել Ակադեմիայում և մի քանի ժամ աշխատել: Խաղից մի քանի օր առաջ տղաներին կներկայացնենք մրցակցին: Ես միշտ ասել եմ՝ մենք մտադիր ենք ոչ թե պարզապես մասնակցել Եվրոպա լիգային, այլ խնդիրներ լուծել: Շատ բան կախված է մրցակցից, բախտի գործոնից: Ուզում եմ, որ գոնե մեկ փուլ հաղթահարենք, որպեսզի երկրի վարկանիշը բարձրանա:
Չեռնոգորացի երկրպագուներն առանձնահատուկ կերպով են աջակցում իրենց թիմերին, մեծ ճնշում են գործադրում մրցակիցների վրա: Մտադի՞ր եք Ձեր ֆուտբոլիստներին նաև հոգեբանորեն պատրաստելու արտագնա խաղին:
-Ֆուտբոլում մանրուքներ չկան: Անպայման պետք է տրամադրենք, քանի որ Հայաստանում նրանք երբեք չեն կարող զգալ այդ ճնշումը: Պետք է ասենք, որ չընկճվեն, դա նորմալ երևույթ է: Բացի այդ, մեր թիմում փորձառու տղաներ են, առաջին անգամ չէ, որ այդպիսի մթնոլորտում են խաղալու: Պետք է կարողանանք հաղթահարել այդ ճնշումը և լավ արդյունքի հասնել:
Արման Աբելյան