Logo

Ֆանտաստիկ զգեստներ, որոնք միաձուլում են նորաձևության, արվեստի և քանդակի սահմանները . Guo Pei

Հեղինակ
Ելենա Մարգարյան
15:13 / 26.04.2022Արվեստանոց
Guo Pei

Մշակութային հեղափոխության ժամանակ մեծացած և անցյալ դինաստիաների մասին իր տատիկի հեքիաթներով ոգեշնչված՝ չինուհի դիզայներ Գուո Պեյը (Guo Pei) այժմ ԱՄՆ-ի խոշոր ցուցահանդեսի հեղինակն է:

Նորաձևության նմուշներն արվեստի գլուխգործոց անվանելը, իհարկե, սխալ բառընտրություն կլինի, բայց այս կուտյուրիեի դեպքում համեմատությունը խիստ տեղին է: Սան Ֆրանցիսկոյի Պատվո Լեգեոն թանգարանում «Couture Fantasy» ցուցահանդեսում ներկայացված նրա աշխատանքները ոգեշնչված են Չինաստանի կայսերական պատմության, եվրոպական պալատական հագուստի և տաճարների ճարտարապետական մոտիվներով:

«Նրա ֆանտաստիկ զգեստները միաձուլում են նորաձևության, արվեստի և քանդակի սահմանները: Նրա մեջ կա ներքինի և արտաքինի անմիջական զգայունություն, և նա չի կաշկանդվում դրանից»,- ասում է Սան Ֆրանցիսկոյի Գեղարվեստի թանգարանների տնօրեն Թոմաս Քեմփբելը՝ հավելելով՝ «Նա գալիս է բոլորովին այլ ուղղությունից՝ իր կերտած սեփական ճանապարհով, որը հիմնված է իր  փորձառության և բուռն երևակայության վրա՝ միավորելով ամենատարբեր բաղադրիչներն ու ձևավորելով դրանցում բացառիկ կապ: Ես չեմ պատկերացնում, որ նրա նման լայն մասշտաբներով համադրություն կատարող մեկ այլ մարդ կա այս աշխարհում»:

Քեմփբելն առաջին անգամ հանդիպել է Գուոյին Չինաստանում՝ 2015 թվականին՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում անցկացվող «China: Looking Glass» ցուցահանդեսում, որտեղ մոդելավորողը ներկայացնում էր «Da Jing» զգեստը: Նրա կրծկալի և զանգակաձև կիսաշրջազգեստի ամբողջ մակերեսը շքեղ ասեղնագործված էր ոսկյա և արծաթյա թելերով, գործընթաց, որը տևել է երկու տարի և արժեցել 1 մլն դոլար: Նույն տարում Գուոն հայտնվեց միջազգային ուշադրության կենտրոնում, երբ Ռիհանան Met Ball-ի համար ներկայացավ կիտրոնի երանգի հարուստ զարդարված թիկնոցով՝  4,3 մ երկարությամբ և 25 կգ քաշով:


Գուոն նման գեղագիտությունն իր մեջ զարգացրել է տասնամյակներով։ Գիշերները նրա տատիկը խրախուսում էր երիտասարդ Գուոյին նրբագեղ հագուստի նկարագրություններով՝ դնելով բուռն երևակայության հիմքերը։ Նրա անսովոր ստեղծագործ միտքը զարգացել է ոչ այնքան բարենպաստ միջավայրում: Ծնվել է 1967 թվականին Մաոյի մշակութային հեղափոխության սկզբում. նա ծանր մանկություն է ունեցել իր՝ դասակի ղեկավար հոր ընտանիքում: Մխիթարությունը եկել է իր մորական տատիկի տեսքով, որը մեծացել էր էլիտար ընտանիքում վերջին կայսերական դարաշրջանի` Ցին դինաստիայի մթնշաղի օրերին:

Գերազանց առաջադիմությամբ կրթություն ստանալուց հետո Գուոն իր կարիերան է սկսել չինական նորաձևության ոլորտում: 1997-ին նա հիմնել է իր սեփական դիզայներական տունը՝ Rose Studio-ն, որն աշխատել է միայն իր երևակայության և ստեղծագործական մտքի ճախրանքով՝ չվերցնելով ոչինչ և ոչ մեկից: Իր Da Jing զգեստը նա ստեղծել է 20 տարեկանում, որն  «արևի պես է, բեկում, որի շնորհիվ ես գտա իմ ուղղությունը դիզայների կարիերայում: Այն ներկայացնում է իմ գեղարվեստական ստեղծագործության սկիզբը»,- ասում է Գուոն։ 


Ինձ համար աշխատանքների ստեղծման նպատակը դրանք կիսելն է այն հույսով, որ տարբեր մշակութային ծագում ունեցող մարդիկ կհավաքվեն մշակույթի փոխանակման և տարածման համար: - Guo Pei


Նրա նմուշներն աչքի են ընկնում ասեղնագործության լուրջ աշխատանքներով, որոնք իրականացնելու համար Գուոն չուներ համապատասխան մասնագետներ. այդ ժամանակահատվածում՝ մշակութային հեղափոխության ժամանակ, հազիվ թե գտնվեր մեկը, որ զբաղվեր ասեղնագործությամբ: Գուոն ստիպված էր ճանապարհորդել Պեկինի շրջակա գյուղեր, որպեսզի գտներ անհրաժեշտ հմտություններով գյուղացիներ՝ չնայած որ նրանց կատարած աշխատանքը խիստ տարրական էր: Ճանապարհորդությունների ընթացքում նա կարողացավ ձեռք բերել ասեղնագործության վերաբերյալ պատմական օրինակների միջոցով հմտություններ և կատարելագործել իր ասեղնագործողների կարողությունները:


Դ'Ալեսանդրոն ասում է, որ թատրոնն ու նորաձևությունը չինական պրակտիկայում փոխազդեցաբար են աշխատում, և Գուոն ևս կարողանում է լավագույնս համադրել դրանք՝ իր ցուցադրությունները վերածելով թատրոնի և համագործակցելով ռեժիսորների հետ: Քովիդ-19-ի համաճարակը խանգարեց նրան իրականացնել իր մեծ երազանքներից մեկը՝ ցուցադրություն կազմակերպել Փարիզում, քանզի Փարիզը նա իր համար լավագույն բեմն է համարում: Իսկ այսօր իր ստեղծագործությունները հնարավոր է տեսնել բնական միջավայրում՝ թանգարանում, որտեղ մոտիկից կարելի է հիանալ ֆենոմենալ վարպետության մանրամասներով:

Թափանցիկ խեժից բարձր ֆուտուրիստական կոշիկներ՝ ծաղկային ասեղնագործությամբ (Guo Pei/ Պատվո լեգեոն/ Գեղարվեստի թանգարան, Սան Ֆրանցիսկո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա