Logo

Եվրոպական խաղեր․ Աթլետիկայի Հայաստանի հավաքականի մարզիչի ամփոփումը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:02 / 23.06.2023Աթլետիկա
Բացառիկ
null

Հայ աթլետներն ավարտել են ելույթները Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում, որի ընթացքում անցկացվում է նաև աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Արդեն ավարտվել են երկրորդ և երրորդ դիվիզիոնների մրցումները։ Երրորդ դիվիզիոնում ընդգրկված Հայաստանի հավաքականը 15 թիմերի հաշվարկում գրավել է 10-րդ տեղը։ Հայաստանի թիմի առանձին մարզիկներ անհատական ցուցանիշներով հաստատվել են դիվիզիոնի մրցումների լավագույն եռյակում։ Մասնավորապես, եռացատկորդ Լևոն Աղասյանը լավագույն արդյունքը գրանցեց և իրապես հավակնում է ընդհանուր հաշվարկով մեդալակիր դառնալուն, Յանա Սարգսյանը երկրորդ և երրորդ տեղերը գրավեց համապատասխանաբար եռացատկում և հեռացատկում, իսկ Երվանդ Մկրտչյանը երրորդն էր 1500 մետր վազքում։

VNews-ի թղթակցի հետ զրույցում աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է հայ աթլետների ելույթներից։

«Հաշվի առնելով մեր մարզիկների հնարավորությունները, Հայաստանում առկա մարզումային անմխիթար պայմանները, հավաքներ և Հայաստանի առաջնություն չանցկացնելու հանգամանքը, նաև կադրային խնդիրը՝ մասնակցության արդյունքները գնահատում եմ բավարար։ Վնասվածքի պատճառով այս մրցմանը չկարողացավ մասնակցել մեր առաջատար արագավազորդ Ռազմիկ Մկրտչյանը, որի բացակայությունը որոշակիորեն անդրադարձավ թիմի ընդհանուր արդյունքին։ Մասնակցության հետ կապված խնդիր ունեցավ նաև երկրորդ համարը։ Այնուհանդերձ, բացառությամբ 1-2 հոգու, մեր մարզիկ-մարզուհիները հիմնականում հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում։ Իսկ առանձին աթլետներ նաև հաջողության հասան։ Պետք է նշեմ, որ թեպետ Արտաշատի մարզադաշտի վազքուղին նորացվել է, բայց առայժմ չունենք այնտեղ մարզվելու հնարավորություն։ Այդ ամենի պարագայում թիմային հաշվարկում երրորդ դիվիզիոնում գրավեցինք 10-րդ տեղը։ Մոտ 5 միավորով հետ մնացինք 7-8-րդ տեղերը գրաված հավաքականներից»,- նշեց Գրիգոր Բարսեղյանը։

Մարզիչն առանձնացրեց հատկապես մրցանակային եռյակում հայտնված մարզիկներին՝ Լևոն Աղասյանին, Յանա Սարգսյանին և Երվանդ Մկրտչյանին։

«Աղասյանի արդյունքը բավականին բարձր է։ Նա հավակնում է մինչև իսկ ընդհանուր հաշվարկի մրցանակակիր դառնալուն։ Դա պարզ կլինի հունիսի 25-ին, երբ կավարտվի նաև առաջին դիվիզիոնի մրցաշարը և կամփոփվեն առաջնության արդյունքները։ Այս պահին Լևոնն ընդհանուր հաշվարկում ընթանում է երկրորդ տեղում։ 16,36 մետրը նրա հնարավորությունների սահմանը չէ, ավելացնելու տեղ ունի։ Ընդհանուր հաշվարկում բարձր տեղի է հավակնում նաև Երվանդ Մկրտչյանը։

Մեր թիմի մյուս անդամները պարզապես անձնական ցուցանիշները բարելավելու խնդիր ունեին։ Լավ տպավորություն թողեց մեր հավաքականի նորեկ Էլիսոն Հալվերսոնը, որը մասնակցեց չորս մրցաձևի մրցումների և բավականին բարձր արդյունքներ գրանցեց։ Նա արժանի ներդրում ունեցավ Հայաստանի հավաքականի թիմային արդյունքում։

Գայանե Չիլոյանը բավականին բարձր արդյունք ցույց տվեց 200 մետր վազքում։ Այս ցուցանիշը մոտ է նրա լավագույն արդյունքին։ Նմանապես Էլլադա Ալավերդյանը բարձր արդյունք գրանցեց իր առանցքային մրցաձևում՝ 800 մետր վազքում։ Իսկ 3000 մետր խոչընդոտավազքում ազգային ռեկորդ սահմանեց (11 րոպե 02,54 վայրկյան)՝ թարմացնելով իր իսկ լավագույն ցուցանիշը։ Իրենց բավականին լավ դրսևորեցին նաև մեր թիմի նորեկները։ Կարող եմ ասել, որ մեր թիմի 21 մարզիկներն էլ իրենց հնարավորությունների սահմանում բավականին լավ հանդես եկան»,- նշեց Գրիգոր Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ այս օրերին Լեհաստանում է նաև հեռացատկի Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

Մարզիչը տեղեկացրեց նաև, որ հուլիսի-օգոստոսին նախատեսված է հայ աթլետների մասնակցությունը Ֆրանկոֆոնյան խաղերին։ Հուլիսի 22-23-ին մեկական մարզիկ և մարզուհի մասնակցելու է Երուսաղեմում անցկացվելիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Նմանապես Հայաստանը մեկական մարզիկի և մարզուհու է գործուղելու օգոստոսին անցկացվելիք մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Իսկ Գայանե Չիլոյանը և Երվանդ Մկրտչյանը մասնակցելու են Չինաստանում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերին։

Եվրոպական խաղեր. Հայաստանի աթլետների արդյունքները       

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա