Logo

«Ավելի շատ մեդալի հույս ունեինք». Գրիգոր Բարսեղյանն ամփոփել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:50 / 13.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ընդհանուր առմամբ բավարարված է Մալթայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունից։ Այնուհանդերձ, VNews-ի հետ զրույցում նա նշեց, որ գրանցված արդյունքները մասամբ են արտացոլում նախամեկնարկային ակնկալիքները։

«ՎԱՏ ՉԷ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԵԼ...»

«Այս ստուգատեսում նվաճեցինք 2 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ։ 15 թիմերի պայքարում Հայաստանը ոչ պաշտոնական հաշվարկով 5-րդն է։ Այդ առումով մասնակցությունն առավել քան բավարար եմ գնահատում, քանի որ նշված առաջնությունում միանգամից 2 ոսկե մեդալ չէինք ունեցել։ Ընդհանուր առմամբ՝  արդյունքները գոհացնող են։ Բավական բարձր են ոչ միայն հաղթողների, այլև մրցանակակիրների արդյունքները։ Չեմպիոն դարձան հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը և վազորդուհի Էլլադա Ալավերդյանը։ Սակայն պետք է նշեմ, որ ակնկալում էինք ևս 1-2 մեդալ։ Աղջիկների հեռացատկում առանձնակի սպասելիքներ ունեինք Յանա Սարգսյանից, բայց այս անգամ նա չհաջողեց։ Պատճառը դժվարանում եմ ասել։

Կանանց 400 մետր վազքում արծաթե մեդալ նվաճեց  Գայանե Չիլոյանը, որը վերջին տարիների համար բավական լավ արդյունք գրանցեց։ Ճիշտ է՝ այն ավելի ցածր է մի քանի տարի առաջ գրանցած ցուցանիշից։ Հունիսի 18-19-ին նա մեր թիմի ևս 6 անդամների հետ մասնակցելու է Ռումինիայում կայանալիք Բալկանների առաջնությանը, և հուսով ենք՝ կբարելավի իր արդյունքը։

Միջին տարածությունների վազքում մասնագիտացող մեր թիմի առաջատար Երվանդ Մկրտչյանը թեժ պայքարում բարձր արդյունքով կարողացավ բրոնզե մեդալ նվաճել, սակայն, միևնույն է, նրանից ավելին էինք ակնկալում։ Նա պատրաստվում էր ոչ միայն չեմպիոն դառնալ, այլև թարմացնել Հայաստանի ռեկորդը, բայց չկարողացավ։ Վերջնագիծը հատեց 1 րոպե 50,79 վայրկյան արդյունքով, մինչդեռ այդ մրցատարածությունում նրա անձնական ռեկորդը 1 րոպե 50,75 վայրկյան է։ Բալկանների առաջնությունում Երվանդը մեկնարկելու է 800 և 1500 մետր մրցատարածություններում: Հուսով ենք՝ ավելի բարձր արդյունք կունենա»։

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԻՑ

«Բալկանների առաջնությունն ավանդաբար բարդ մրցում է Հայաստանի մարզիկների համար։ Դժվարությամբ, թերևս, զիջում է միայն Օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։ Պատահական չէ, որ մեր հաշված մարզիկների է հաջողվել մեդալ նվաճել այդ մրցաշարում՝ Լևոն Աղասյանին, Երվանդ Մկրտչյանին ու Ալեքս Դոնիգյանին։ Սակայն հիմա ունենք այդ պակասը լրացնելու հնարավորություն։

Ի դեպ, Աղասյանը ելույթ չի ունենա Ռումինիայում։ Նա պատրաստվում է Մարսելում կայանալիք միջազգային մրցաշարին։

Բացակայում է նաև Դոնիգյանը, որը կարծես արդեն ավարտել է կարիերան։ Համենայն դեպս, այս տարի դեռ մրցումների չի մասնակցել և հավանաբար ընթացիկ մրցաշրջանում նրանից առանձնակի ակնկալիք ունենալ չենք կարող»։

ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԷԼ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

«Հանգստյան օրերին Չեռնոգորիայում միջազգային մրցման մասնակցեցին նաև մեր պատանի մարզիկները, որոնց արդյունքներն այնքան էլ գոհացնող չեն։ Դա պայմանավորված է գլխավորապես փորձի պակասով։ Նրանց մեծամասնությունն առաջին անգամ էր միջազգային ասպարեզ դուրս եկել։ Առհասարակ, այս տարի մրցումների պակաս ենք ունեցել, ինչը չէր կարող չանդրադառնալ հատկապես պատանիների վրա»։

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ

«Մեր գլխավոր խնդիրը Հայաստանում մարզումային բարվոք պայմանների բացակայությունն է։ Վազքային ձևերի ներկայացուցիչները հիմա չունեն մարզվելու հնարավորություն, քանի որ դրա համար առավելապես հարմարեցված Արտաշատի մարզադաշտում հիմա նորոգման աշխատանքներ են ընթանում։ Նախատեսվում է, որ նոր վազքուղիների տեղադրումն ավարտվի ամռան վերջին։

Այս տարի նույնիսկ Հայաստանի առաջնություններ չենք անցկացրել։ Ցավալի է, որ Երևանը տարածաշրջանում թերևս միակ մայրաքաղաքն է, որտեղ չկան աթլետիկայով պարապելու նորմալ պայմաններ։ Արտաշատի մարզադաշտում վազքուղիների տեղադրումն իհարկե որոշ չափով կնպաստի մեր արդյունքների աճին, բայց դա, միևնույն է, բավարար չէ լուրջ զարգացման համար։ Առանձնակի սպասելիքներ ունենք նաև Գյումրիում կառուցվող մարզադաշտից, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա