Logo

Գրիգոր Բարսեղյանը՝ Մյունխենից. «Կարծում եմ՝ մեր մարզիկները պետք է ավելի պատասխանատու լինեն»

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:53 / 16.08.2022Աթլետիկա
Բացառիկ
Գրիգոր Բարսեղյան

Հայ աթլետները հնարավորություններից ցածր են մասնակցել Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությանը։ Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը և հրաժեշտ են տվել առաջնությանը։ Մկրտչյանն ուժերը փորձել է 1500 մետր վազքում։ 

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը Գերմանիայից Vnews-ի թղթակից հետ զրույցում մեկնաբանել է հայ աթլետների ելույթները։

«Միանգամից ասեմ, որ Լևոնն ու Երվանդը անբավարար մրցելույթ ունեցան, իրենց հնարավորություններից անհամեմատ ցածր հանդես եկան։ Հատկապես՝ Աղասյանը։ Ճիշտ է, չեմ բացառում, որ դա պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, սակայն ամեն անգամ պատճառաբանություններ ներկայացնելն արդեն հետաքրքիր չէ։ Ինչևէ, Լևոնը ցավեր ուներ կրունկի հատվածում, իսկ Երվանդը չէր հասցրել վերականգնվել, քանի որ բանակայինների մրցումներից միանգամից ժամանել էր Եվրոպայի առաջնությանը։ Կարծում եմ՝ մոտեցումը մի փոքր պետք է փոխվի. մեր մարզիկների պատասխանատվության զգացումը պետք է ավելին լինի։ Ամեն դեպքում, դեռ լիահույս եմ, որ մեր առաջատար մարզիկներն իրենց լավագույնս կդրսևորեն հետագա բարձրակարգ մրցումներում։ Չմոռանանք նաև, որ սա գերտարածված ու զարգացած աթլետիկա մարզաձևն է, որից մեր երկիրը զգալիորեն հետ է մնացել»,- զրույցում նշեց Գրիգոր Բարսեղյանը։

 

Ամիսներ առաջ 1500 մետր վազքում Հայաստանի ռեկորդ սահմանած Երվանդ Մկրտչյանն այս անգամ շուրջ 2 վայրկյանով դանդաղ է հաղթահարել նույն մրցատարածությունը։ Մյունխենում նա 3 րոպե 43,42 վայրկյան արդյունքով իր մրցահերթի 13 մասնակիցների հաշվարկում գրավել է 11-րդ տեղը։ 28 մարզիկների ընդհանուր հաշվարկում գյումրեցին 22-րդն է։

Լևոն Աղասյանն էլ եռացատկում գրանցել է 16,03 մետր արդյունք, որը 7-րդն էր նրա մրցահերթի 10 մասնակիցների հաշվարկում։ Ամփոփիչ աղյուսակում կապանցի եռացատկորդը 24 մարզիկների մեջ 14-րդն է։ Յուրաքանչյուր մրցաձևում եզրափակիչի ուղեգիր են նվաճում 12 լավագույնները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա