Logo

«Եթե Հայաստանում ունենանք աթլետիկական 5 մարզադաշտ, ապա առաջիկա 5 տարում կունենանք Եվրոպայի մրցանակակիրներ». Գրիգոր Բարսեղյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:52 / 27.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Ամառային այս շրջանում հագեցած է հայ աթլետների մրցակցային ժամանակացույցը։ Մեր մարզիկները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր կարգի մրցաշարերի և մեդալներ նվաճում։ Վերջին նշանակալի իրադարձությունների մասին VNews-ը զրուցել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի հետ, որը հետաքրքիր մանրամասներ է հայտնել և նշել, թե հատկապես ինչ է պետք անել՝ Հայաստանում աթլետիկան որակապես նոր մակարդակի հասցնելու համար։ Նա միանգամից առանձնացրեց Բալկանյան երկրների առաջնությունում գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի սահմանած Հայաստանի ռեկորդը։

ԹԱՐՄԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ռումինիայի Կրայովա քաղաքում անցկացված մրցաշարում Մկրտչյանը, 3 րոպե 41,89 վայրկյանում հաղթահարելով 1500 մետր մրցատարածությունը, վազքի այդ ձևում նոր նշաձողի հասցրեց Հայաստանի ռեկորդը։

«Այս ռեկորդը փոքր-ինչ ուշացավ, բայց ուշացած չէ։ Երվանդն արդեն 2-3 տարի փորձում էր բարելավել ցուցանիշը, բայց անընդհատ չէր ստացվում։ Նա գերազանցեց դեռևս 1980 թվականին Քիշնևում Զորիկ Վարդանյանի գրանցած բարձրագույն ցուցանիշը՝ 3 րոպե 43,6 վայրկյան։ Պետք է նշեմ, որ Հայաստանի անկախանալուց հետո այդ մրցատարածությունում ռեկորդներ է գրանցել հենց Մկրտչյանը, սակայն դրանցից որոշները չէին գրանցվել։ Հիմա նա պաշտոնապես ռեկորդակիր է։ Ռումինիայում հաղթելուց հետո, ինչպես ընդունված է, անմիջապես դոպինգ ստուգում անցավ. ամեն ինչ նորմալ է»։

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ

«Սա միջազգային կարգի սպորտի վարպետի նորմին շատ մոտ ցուցանիշ է, ինչն աթլետիկայում լուրջ նվաճում է համարվում։ Հիմա Երվանդը մտածում է միջազգային կարգի սպորտի վարպետ դառնալու մասին։ Նրա ներուժը բավականացնում է դրա համար։ Այնպես որ, նոր ռեկորդի է պատրաստվում։ Ի դեպ, այս մրցաշարում նա մտադիր էր երկրի ռեկորդ սահմանել նաև 800 մետր վազքում, բայց, ցավոք, չստացվեց։ Դա զուտ ժամանակի հարց է։

Թեպետ ներկայիս արդյունքը բավարար չէ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալու համար, բայց միջազգային լուրջ մրցաշարերում դա առանձնացող ցուցանիշ է։ Եթե կարողանա բարելավել ևս 2-3 վայրկյանով, ապա կընդգրկվի արդեն էլիտար վազորդների շարքում։ Երվանդը միանգամայն ունակ է կրճատելու այդ տարբերությունը»։

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՀԱՑՐԱԾ ԱՐԴՅՈՒՆՔԸ

«Ռումինիայում ունեինք ևս 5 մասնակից։ Կուզենայի առանձնացնել արտաշատցի երիտասարդ եռացատկորդ Գոռ Հովակիմյանին, որը նորամուտի մրցմանը մասնակցեց ազգային հավաքականի մարզիկի կարգավիճակում։ Նա, կարելի է ասել, տոհմական եռացատկորդ է. շարունակում է պապի և հայրիկի ավանդույթները։ Հիմա էլ նրա անձնական մարզիչն է հայրը՝ Գառնիկ Հովակիմյանը։

Գոռն արդարացրեց սպասելիքները. 15,18 մետր արդյունք ցույց տվեց։ Եվ ցատկից էլ զգացվում էր, որ ավելացնելու տեղ ուներ։ Իսկ լավագույն փորձի ժամանակ չհարմարվեց հրման տախտակին, ինչի պատճառով մոտ 20 սմ պակաս ցատկեց։ Հիմա Հովակիմյանը պատրաստվում է հուլիսի կեսին Թուրքիայում կայանալիք Բալկանյան երկրների՝ մինչև 20 տարեկանների առաջնությանը, որում ավելի լավ կդրսևորի իրեն։ Դրան հաջորդելու է օգոստոսի 2-7-ը Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու մեր մի քանի թեկնածուներից է»։

ՄՅՈՒՍՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՍՊԱՍՎԱԾԻՑ ՑԱԾՐ ԷԻՆ 

«Մեր մյուս մասնակիցները 10-րդից ցածր տեղեր գրավեցին։ Փորձառու Արտակ Համբարձումյանը հնարավորություններից ցածր մասնակցեց հեռացատկի մրցմանը՝ բավարարվելով 7,48 մետր արդյունքով։ Նրան 3 սմ չբավարարեց եզրափակիչ անցնելու համար։ Հաջողելու դեպքում եզրափակիչում կկատարեր ևս երեք փորձ և, համոզված եմ, կբարելավեր իր արդյունքը։
Կանանց հեռացատկում և եռացատկում նույնպես անբավարար մասնակցություն ունեցավ Յանա Սարգսյանը։ Չենք հասկանում, թե վերջին երկու մրցումներում ինչ է կատարվում նրա հետ։ Կարծում եմ՝ Յանային անհրաժեշտ է վերալիցքավորվել։ Նա ունի միջազգային ասպարեզում ավելի լավ ելույթ ունենալու ներուժ. 6 մետրից պակաս չպետք է ցատկի։

Գայանե Չիլոյանը 200 մետրը վազեց 24,8 վայրկյանում, բայց դա էլ մոտ չէ իր լավագույն արդյունքին։ Կարող էր ավելի լավ վազել, բայց ինչ-որ մի բան խանգարեց։

Ժաննա Շահնազարյանն էլ ոչ այնքան հաջող մասնակցեց մուրճի նետման մրցմանը՝ 47,56 մետր»։

ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆԻ՝ ՄԱՐՍԵԼՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԳՐԱՎԱԾ 3-ՐԴ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ

«Լևոնը, ճիշտ է, նման հարգի մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել եռացատկում, բայց իր հնարավորություններից ցածր է ելույթ ունեցել։ Զգալ է տվել հին վնասվածքը, որի պատճառով լիարժեք չի մասնակցել. բաց է թողել վերջին երկու փորձերը։ Արդյունքը կարելի է բավարար համարել, բայց Լևոնն ունի ավելացնելու պոտենցիալ հնարավորություն։ Նա կարող է 17 մետրին մոտ արդյունք գրանցել։ Միջազգային մրցաշարերում ինձ համար մեդալից ավելի կարևոր է արդյունքը, իսկ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում՝ հակառակը»։ 

ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

«Առաջնայինը մարզումային նորմալ պայմաններն են, որը մեր երկրում բացակայում է։ Երկրորդ կարևոր գործոնը մասսայականությունն է։ Տեսեք, հիմա պայմանականորեն լավագույններին ընտրում ենք երկու մարզիկից։ Չափազանց բարդ է նման սահմանափակ հնարավորությունների պարագայում գտնել տաղանդավոր մարզիկի։ Մասսայականություն է պետք, որպեսզի ընտրենք ոչ թե 10, այլ հազար հոգուց ու կարողանանք առանձնացնել առանձնակի շնորհ ունեցող աթլետների։ Հիմա Հայաստանում լավագույն դեպքում 700-800 հոգի է մարզվում աթլետիկայով, բայց պետք է գոնե 3-4 հազար լինի։ Երկրի շատ բնակավայրերում առհասարակ մարզումային պայմաններ չկան, իսկ խոշոր քաղաքներում առկա է մասսայականության խնդիր։ Թերևս, միայն Գյումրիում է գործում 2 մասնագիտացված մարզադպրոց, բայց դրանք էլ խիստ անմխիթար վիճակում են։ Մյուս խոշոր քաղաքներում կա 1-ական մարզադպրոց։ Եթե պայմաններ ունենանք, հավանաբար մասսայականությունն էլ կաճի։ Խիստ կարևոր է ունենալ ձմեռային մարզասրահներ։

Հաջորդը մարզչական ներուժի խնդիրն է, թեպետ ունենք բավական գրագետ մարզիչներ, որոնք ի զորու են պատրաստելու սպորտի վարպետներ և միջազգային ասպարեզում ելույթ ունենալու ընդունակ մարզիկներ։

Պետական աջակցություն, ճիշտ քարոզչություն պետք է լինի։ Սիրողական վազքարշավները, իհարկե, որոշ չափով նպաստում են, որ մարզաձևն ավելի տարածված դառնա մեր երկրում, բայց դա պետք է վերածվի մշակույթի, որպեսզի ազգաբնակչությունն ակտիվանա ոչ թե միջոցառումից միջոցառում, այլ ամբողջ տարին ակտիվ լինի։ «Վարչապետի գավաթ» կրոսավազքը շատ հաճելի միջոցառում է, բայց տարին մեկ անգամ է։ Արտասահմանում յուրաքանչյուր քաղաք իր վազքարշավն ունի, որը քաղաքի ամենամեծ և նշանակալի միջոցառումներից է։

Մթնոլորտ է պետք ստեղծել, ավելացնել ֆինանսավորումը, քանի որ աթլետիկան, միշտ նշում եմ, ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։ Եթե Հայաստանում ունենանք աթլետիկական 5 մարզադաշտ, ապա առաջիկա 5 տարում կունենանք Եվրոպայի մրցանակակիր աթլետներ։ Հակառակ պարագայում կսահմանափակվենք նման համեստ նվաճումներով։ Օրինակ՝ Երվանդի պես շնորհալի մարզիկը, որքան էլ մեծ ցանկություն ունենա, ձմռանը չի կարող արդյունավետ մարզվել, քանի որ ցրտին պարապմունքների որակը նվազում է։ Ձմեռվա սառնամանիքին դրսում մարզվելը նման է ինքնախաբեության։ Բայց նույնիսկ այդ պայմաններում Երվանդը հաջողացնում է մեդալ նվաճել ձմեռային մրցումներում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա