Logo

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.01.2020Հայկական ֆուտբոլ
2Z7A2027 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:40

-

-

Կամո Հովհաննիսյանն այն ֆուտբոլիստներից է, ովքեր խաղերին միշտ տրվում են անմնացորդ նվիրվածությամբ: Նա սիրում է պայքարել ամեն մետրի և սանտիմետրի համար, խաղադաշտը միշտ լքում է ուժասպառ, որովհետև այնտեղ է թողնում իր ամբողջ ուժն ու էներգիան:

27-ամյա ֆուտբոլիստը հայաստանյան ամբողջ կարիերան անցկացրել է «Փյունիկում», որտեղ նվաճել է բոլոր հնարավոր մրցանակները՝ 3 անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն, 5 անգամ՝ գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր: Տարբեր պատճառներով ուշացավ նրա՝ արտասահման տեղափոխությունը: 2017թ․ մրցաշրջանն անցկացրեց բելառուսական «Տորպեդո-Բելազում», որտեղ իր ակտիվում գրանցեց 4 գոլ ու 3 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ 2 տարիներին հանդես եկավ ղազախական «Ժետիսուում»՝ դառնալով 7 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա իր թիմերում հանդիսացել է հիմնական կազմի ֆուտբոլիստ և ունեցել առանցքային դերակատարություն: Հայ խաղացողն իր կարիերայում հերթական առաջընթացը գրանցեց՝ օրերս պայմանագիր կնքելով Ղազախստանի ուժեղագույն թիմերից մեկի՝ «Կայրաթի» հետ:

82096298 10163036810725247 5533320703761186816 n 1 960x640 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

Դժվար է կոնկրետ նշել, թե Կամոն որ դիրքի ֆուտբոլիստ է: Իր ակումբներում խաղացել է պաշտպանության 2 եզրում էլ, հաճախ ելույթ ունեցել նաև որպես եզրային կիսապաշտպան: Ազգային հավաքականում էլ ելույթները սկսեց պաշտպանության ու կիսապաշտպանության աջ եզրում հանդես գալով, իսկ վերջին շրջանում կատարում է արդեն ձախ պաշտպանի պարտականություն: Նա իրեն համարյա հավասարաչափ լավ է դրսևորում նշված բոլոր դիրքերում:

Հովհաննիսյանը հասցրել է արդեն 50 հանդիպում անցկացնել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, կատարել 5 արդյունավետ փոխանցում: Նա իր հրթիռային արագությանը տարիների ընթացքում գումարել է նաև խաղային գրագիտությունը: Հասցնում է ոչ միայն լավ միանալ գրոհներին, այլև ըստ արժանվույն կատարել պաշտպանությունում իր հիմնական գործառույթները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հովհաննիսյանի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենահետաքրքիր և ամենաուշագրավ մտքերը: Օգտագործվել են հատվածներ «Ֆուտբոլ Պլյուս», «Ֆուտբոլ 365», ArmFootball.com, Armsport․am, News.am պարբերականներին, բելառուսական Tribuna․com կայքին, «Տորպեդո-Բելազի» պաշտոնական կայքին տված հարցազրույցներից, նախախաղյա ասուլիսներից ու հետխաղյա ճեպազրույցներից:

2Z7A2391 960x674 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Ֆուտբոլը միայն գործ չէ, այն իմ հաճույքն է, իմ սիրած զբաղմունքը»:

«Դպրոցական տարիներին իմ ամենասիրելի առարկաներից մեկը ռուսաց լեզուն էր»:

«Մեծացել եմ Բելառուսում: Հայրս ժամանակին ծառայել է Կրիչևում, հետո ընդունվել Մոգիլյովի մեքենաշինական ինստիտուտ: Որոշ ժամանակ անց վերադարձել է Հայաստան ու ծանոթացել մորս հետ: Ընտանիքով տեղափոխվել ենք Բելառուս: Հայրս Մոգիլյովում սեփական խանութ ուներ, իսկ հետո Ժոդինոյում օգնում էր քույրերին աշխատեցնելու «Գուրման» սրճարանը»:

«Հենց Ժոդինոյում սկսեցի հաճախել մանկապարտեզ, հետո զրոյական դասարան: Չնայած իմ բոլոր քմահաճույքներին՝ ինձ սիրում էին: Միշտ խնդրում էին, որ հայերեն խոսեմ»:

18485976 1899962080291802 6993239528653308489 n 960x958 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Շատ պայծառ մանկություն եմ ունեցել, չնայած այն Հայաստանում չի անցել»:

«Հայաստան վերադառնալը հորս որոշումն էր: Նա կարծում էր, որ մենք պարտավոր ենք ապրել հայրենիքում: Ըստ նրա՝ միայն այդպես կարող ես պահպանել քո ազգային ավանդույթները և հայ մնալ»:

«Հայրս պրոֆեսիոնալ մարզիկ չի եղել, բայց լրջորեն զբաղվել է բռնցքամարտով և մեզանում սերմանել սպորտով զբաղվելու ցանկությունը»:

«Արագությունս բնածին է, թեև նախքան ֆուտբոլը մի քանի ամիս մարմնամարզության եմ հաճախել»:

«Մինչև 7 տարեկան հասակը Բելառուսում եմ եղել: Հորաքրոջս տղան այն ժամանակ ֆուտբոլ էր պարապում, նրա հետ իջնում էինք բակ խաղալու: Առաջին ֆուտբոլային քայլերս նրա հետ եմ արել: Հետո, երբ վերադարձանք Հայաստան, հորաքրոջս ամուսինն ինձ ու եղբորս տարավ Շենգավիթի մանկապատանեկան դպրոց: Այնտեղ մի տարի պարապեցի, հետո տեղափոխվեցի «Փյունիկի» դպրոց»:

«Երբ մարզվում էի Շենգավիթի մարզադպրոցում, տատիկս ասաց, որ «Փյունիկում» ծանոթ ունի, և կարելի է դիմել նրան, որպեսզի տեղափոխվեմ այդ ակումբ: Արդյունքում 15 տարի անցկացրի «Փյունիկում»»:

1898838 774629579310619 9062414302007586993 o 960x610 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Շատ լավ է տպավորվել «Փյունիկի» մանկապատանեկան դպրոցում առաջին պարապմունքը: «Նաիրի» մարզադաշտում էինք պարապում: Լիքը երեխաներ կային, ու այդ օրը պետք է որոշվեր՝ ով է լավ, ով՝ վատ: Ու պետք է առանձնացնեին 1992թ․-ի և 93թ․-ի ծնվածներին: Անմոռանալի օր էր ինձ համար»:

«Փոքրուց ինձ համար խոչընդոտ չի հանդիսացել ընտանիքը մասնագիտության ընտրության հարցում: Իսկ հիմա մեր ողջ ընտանիքն է ապրում ֆուտբոլով: Իմ առաջին խորհրդատուն հայրս է: Ինչ էլ լինի, նա միշտ իմ կողքին է»:

«Ես և եղբայրս ծնվել ենք մեկ տարվա տարբերությամբ, բայց նույն օրն ու նույն ժամին» (Կամոյի եղբայրը «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 հավաքականի նախկին հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանն է, որը վնասվածքների պատճառով վաղաժամ ավարտել է կարիերան):

«Հարձակվող չեն դառնում, հարձակվող ծնվում են: Հովհաննեսն ի ծնե հարձակվող է: Նա դաշտում նաև միշտ սևագործ աշխատանք է կատարել: Հովհաննեսը Հայաստանում լավագույն հարձակվողներից մեկն էր, ով կարող էր ավելի մեծ բարձունքների հասնել, եթե վնասվածքները չլինեին»:

«Եղբայրս այս աշխարհում ինձ ամենամոտ մարդն է»:

22140965 1972179883070021 8828827206486431271 n - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Մանկուց հենց սկսեցի խաղալ, միշտ հարձակվող եմ եղել: Բայց երբ եկա Մ-17 հավաքական, ինձ միանգամից տեղափոխեցին պաշտպանության գոտի՝ սկզբում ձախ պաշտպան էի, հետո՝ աջ: Ընթացքում սովորեցի այդ դիրքերին»:

«Որ եզրում է ինձ համար ավելի հարմար խաղա՞լը․ ես այնքան եմ հանդես եկել աջ և ձախ պաշտպանների դիրքերում, կիսապաշտպանությունում, որ տարբերություն չեմ զգում: Աջ և ձախ պաշտպանների գործառույթները, ընդհանուր առմամբ, նույնն են: Կա միայն աշխատող ոտքի տարբերությունը, որը փորձում եմ բարելավել: Այսօրվա ֆուտբոլում պետք է ունիվերսալ լինել»:

«Եթե ինձ նույնիսկ ասեն, որ պետք է լինեմ թիմի դարպասապահը, ես կխաղամ այդ դիրքում: Ինձ համար կարևոր է միայն այն, թե որտեղ է ինձ տեսնում մարզիչը, և որ դիրքում կարող եմ օգտակար լինել թիմին»:

«Եթե ինձ հարցնեն՝ որ դիրքի ֆուտբոլիստ եմ, ինքս էլ կդժվարանամ պատասխանել»:

2Z7A1349 960x633 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Տեսնելով Սարգիս Հովսեփյանի աշխատասիրությունը՝ չես կարող դու էլ նրա պես աշխատասեր չլինել: Նրա, նաև Ռոման Բերեզովսկու նման ֆուտբոլիստների կողքին մարզվելով՝ կարող ես անընդհատ ու ամեն վայրկյան ինչ-որ բան սովորել»:

«Հայաստանում իմ ամենասիրելի մարզիչներից մեկը՝ Ռաֆայել Նազարյանը, ինձ մի առիթով ասաց․ «Աշխատասիրության, նվիրվածության և համեստության շնորհիվ ամեն ինչի էլ կարելի է հասնել»: Ես էլ ամեն ինչ անում եմ դրանց հասնելու համար: Ամեն ինչում էլ դժվարություններ կան, բայց պետք է անես առավելագույնը, որպեսզի հաղթահարես»:

«Հայաստանում շատ մարզիչների մոտ եմ պարապել՝ Արմեն Սանամյան, Գարիկ Հովհաննիսյան, Ռաֆայել Նազարյան, Վարդան Մինասյան․․․ բոլորից էլ շատ բան եմ սովորել»:

«20 տարեկան հասակում փորձաշրջան անցա Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալանիայում», որի գլխավոր մարզիչը Վալերի Գազաևն էր: Նա ասաց, որ լավ տպավորություն եմ թողել, գոհ է մնացել իմ արագությունից, աշխատասիրությունից, բայց թիմը նախավերջին տեղում էր, և իրենց տվյալ պահին փորձառու ֆուտբոլիստներ էին պետք»:

11722522 826175747489335 6252507681736863814 o 960x636 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Մարզիկի համար ամենավատ բանը, որ կարող է պատահել, վնասվածքն է»:

««Փյունիկում» բոլորին սովորեցնում են պրոֆեսիոնալիզմ: Ինչ գիտեմ ֆուտբոլի վերաբերյալ, ամեն ինչ «Փյունիկում» եմ սովորել»:

««Փյունիկի» առաջին թիմում հանդես են գալիս ակումբի դպրոցի կամ ամենատաղանդավորները, կամ ամենաաշխատասերները»:

«Այնտեղ խաղացած լեգեոներներից կառանձնացնեմ Սեզար Ռոմերոյին: Շատ լավ ֆուտբոլիստ էր, շատ գոլեր էր խփում: Հուժկու հարվածների էր տիրապետում: Նրա ժամանակ մեր բոլոր ստանդարտները մրցակիցների համար վերածվում էին 11-մետրանոցների»:

11061660 790654894374754 6859839489502161500 o 960x671 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Նախքան «Տորպեդո-Բելազ» տեղափոխվելը գրեթե ոչ մի տեղեկություն չունեի այդ ակումբի մասին: Միայն գիտեի, որ այնտեղ ժամանակին խաղացել է հայ հարձակվող Նորայր Գյոզալյանը»:

«Բելառուսական և հայկական ֆուտբոլների տարբերությունը զգացի «Տորպեդո-Բելազում» հենց առաջին մարզման ժամանակ: Բելառուսում ուժային պայքարը շատ է, արագություններն այլ են»:

«Բելառուսից հեռանալուց հետո միայն «Ալաշկերտից» առաջարկ ունեի և պայմանագիր կնքեցի այդ ակումբի հետ: Դրանից մեկ օր անց զանգահարեցին ու հրավիրեցին «Ժետիսու»: Շնորհակալ եմ Բագրատ Նավոյանին, որ հասկացավ իրավիճակը և թույլ տվեց տեղափոխվելու արտասահման: Ես այդ պահին չէի նայում հարցի ֆինանսական կողմին, քանի որ դրսում խաղալու այլ տարբերակ չունեի»:

«Դիմացկունություն, աշխատասիրություն ու որակ․ այս հատկանիշները պետք են ցանկացած ֆուտբոլիստի, որը ցանկանում է խաղադաշտում 90 րոպե պայքարել»:

«Հաճելի է գոլեր խփելը և գոլային փոխանցումներ կատարելը, բայց ես դրա վրա չեմ կենտրոնանում»:

2quKWERxKNw - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Ես բոլոր խաղերին տրամադրվում եմ 100%-ով, իսկ անհաջող գործողությունների համար կան պատճառներ և բացատրություններ»:

«Չէի ցանկանա հանդես գալ Իրանի առաջնությունում: Կարծում եմ՝ այդ երկրում չեմ կարողանա ապրել»:

«Հոգեբանորեն շատ դժվար է պարտությունից հետո վերականգնվելը: Ոչ ոք չի խոսում հանդերձարանում, հացը կուլ չի գնում, գիշերը նույնիսկ չես կարողանում քնել, բայց ինչ-որ պահի հասկանում ես, որ այդ ամենն արդեն անցյալում է, պետք է դասեր քաղել և առաջ շարժվել»:

«Հայաստանում մտածելակերպն այնպիսին է, որ մենք չենք սիրում շատ վազել, մեզ դուր է գալիս ավելի շատ լինել գնդակով: Հայաստանում շատ են տաղանդավոր խաղացողները, և եթե նրանց վրա պատանեկան տարիքից անհրաժեշտ ուշադրություն դարձնեն, նրանք կարող են լավ ֆուտբոլիստներ դառնալ: Բայց շատերը մեծանում են և, ցավոք, կորում տեսադաշտից, դառնում սովորական խաղացողներ»:

«Ֆուտբոլիստի առաջին քննադատը հենց ինքն է: Անձամբ ես դիտում եմ իմ մասնակցությամբ խաղերի տեսագրությունները, հասկանում՝ ինչ սխալներ ունեի և փորձում դրանք հետագայում շտկել»:

2Z7A4436 copy 960x640 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Յուրաքանչյուր թիմի դեմ էլ հակախաղ կա»:

«Ես փոքրուց երկրպագել եմ Մադրիդի «Ռեալին»: Սակայն չեմ կարող չհավանել նաև «Բարսելոնայի» խաղը: Այնպես չէ, որ ֆանատիզմով եմ տառապում: Այդ թիմերի մասնակցությամբ խաղերին մոտենում եմ ավելի շատ ուսուցողական տեսանկյունից»:

«Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ եղել և մնում է Ռոնալդինյոն: Կրիշտիանու Ռոնալդուն էլ իմ ամենասիրած խաղացողներից մեկն է»:

«Աջ պաշտպաններից համակրում եմ Դանի Կարվախալի խաղը: Նա, ֆուտբոլային լեզվով ասած, «Տիզ» է: «Կպչում» է հարձակվողին ու պոկ չի գալիս: Դա ինձ դուր է գալիս: Միշտ աշխատում է, նրան հոգնելուց չեմ տեսել»:

«Եթե մի բան անում ես, պետք է անես լավ»:

«Յուրաքանչյուր մարդ, եթե ձգտում ունի, կարող է հասնել իր ուզածին»:

guj3aRZkEaY 960x640 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Ցանկացած հաղթանակ նպաստում է նրան, որ ֆուտբոլիստը զարգացնի հաղթողի հոգեբանությունը»:

«Փոքր տարիքից, ֆուտբոլից զատ, սիրել եմ բիլյարդ, մեծ թենիս: 8 տարեկան հասակում ֆուտբոլի հետ զուգահեռ ցանկանում էի գնալ բիլյարդի, բայց ինձ ասացին․ «Դու դեռ փոքր ես, արի մի քանի տարի հետո»: Տարիներ անց, իհարկե, զբաղվում էի ֆուտբոլով, իսկ բիլյարդ խաղում եմ զուտ ինձ համար»:

«Հանգիստ եմ բնավորությամբ, ակումբներում զվարճանալն ինձ համար չէ, նախընտրում եմ լռություն․ մարզումից տուն, հանգստանալ, կարելի է դուրս գալ զբոսնելու ընկերների հետ, եթե լինում է նման հնարավորություն»:

«Ես միայն ծանր ռոք ու ջազ չեմ լսում, մնացած ամեն ինչ էլ լսում եմ»:

«Սիրածս ֆիլմը Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Սկիզբն» է: Ես սիրում եմ գլուխկոտրուկ ֆիլմեր: Ամեն ժանրի ֆիլմեր էլ նայում եմ՝ պատմական, ֆանտաստիկ, իսկ մելոդրաման կարող է վերջին տարբերակը լինել»:

«Հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ հասկացությունը հարաբերական է: Հավաքականում հանդես են գալիս նրանք, ովքեր տվյալ պահին գտնվում են լավ մարզավիճակում և պատրաստ են 100 ու ավելի տոկոսով ներգրավվելու խաղի մեջ»:

Armenia Gibraltar. H.Khachatryan VivaroNews2Z7A3317 960x640 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Բոլորն ասում են՝ ընկերական խաղերը փորձարկումների համար են: Բայց ես չեմ ուզում ընկերական հանդիպումները զուտ ընկերական ընդունել: Կարծում եմ՝ ընկերական խաղերում էլ պետք է ձգտես հաղթել, որպեսզի այդ բնավորությունը քո մեջ ձևավորվի»:

«Հենրիխ Մխիթարյանն առաջին հերթին լավ անձնավորություն է ու հետո միայն բարձրակարգ ֆուտբոլիստ: Նա միշտ եղել ու մնում է աշխատասեր և շատ համեստ անձնավորություն: Երբ խաղադաշտում ինչ-որ բան այնպես չի ընթանում, խորհուրդներ կտա, կօգնի»:

«Մարկոս Պիզելին հիանալի ինտելեկտի տեր ֆուտբոլիստ է, իսկ որպես մարդ է՛լ ավելի լավն է: Միշտ ուրախ է, դրական ու կամեցող: Միանշանակ է, որ նրան Հայաստանում միշտ կհիշեն որպես լավագույններից մեկի»:

VFxP xOipZo 960x641 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Ֆուտբոլասերը հավաքականից միշտ պետք է հաղթանակ պահանջի: Մարզիչը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նույնպես պետք է հաղթանակ պահանջեն: Ֆուտբոլիստներն էլ պետք է նույն պահանջն ունենան իրենցից: Ֆուտբոլիստները հասկանում են, որ եթե չեն հաղթել, ապա մեղավորն իրենք են»:

«Բնական է, որ մարդիկ հավաքականի պարտություններից հետո առաջինը մարզչին են մեղադրում: Բայց հիմա որ մեկիս էլ նշանակեն հավաքականի գլխավոր մարզիչ, կողքից հայտնվելու է մեկը, ով ինչ-որ հարցերի շուրջ այլ կարծիքներ է ունենալու: Հարկավոր է մարզչին ժամանակ տալ, որպեսզի նա բացատրի ֆուտբոլիստներին իր ուզածը: Ժամանակ է պետք, որ արդյունքներ լինեն»:

«Ինձ համար ամենահիշարժան հանդիպումն աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական փուլում Դանիայի հավաքականի հետ արտագնա խաղն է: 4-0 հաշվով հաղթանակ տարանք: Այդ օրն ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»:

«Մեր հավաքականն Իսպանիան կամ Բրազիլիան չէ, որ կարողանա դուրս գալ խաղադաշտ և հաղթել խաղամակարդակի հաշվին: Մենք դա փոխարինում ենք այլ հատկանիշներով: Մեզ մոտ հավատն ավելի շատ դերակատարություն ունի, քան խաղամակարդակը: Երբ ամբողջ թիմով խաղում ես մեկ նպատակի՝ հաղթանակի, մեկը մյուսին փոխօգնության հասնելու համար, արդյունք անպայման լինում է»:

IMG 1774 960x654 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Ֆրանսիայի հավաքականն ամենաբարձրակարգ թիմն է, որի դեմ խաղացել եմ: Այդ ընտրանու դեմ 2 հանդիպում ենք անցկացրել»:

«Եկեք հիմա ես ձեզ հարցնեմ, ի՞նչ տպավորություն ունեք: Այս անգամ դժգոհելու բան կա՞» (ժպտալով դիմեց լրագրողներին Հունաստանի հավաքականի նկատմամբ Աթենքում տոնած հաղթանակից հետո):

«Ես միշտ ասում եմ՝ այն խաղից առաջ, որ լարվածություն չի լինում, այդ խաղից հաճույք չես կարող ստանալ: Այդ լարվածությունն ինչ-որ առումով պետք է՝ իհարկե ոչ շատ, չափավոր»:

«Եթե հավաքական է հրավիրվել իմ խաղային դիրքի մեկ այլ ֆուտբոլիստ, ապա մենք, իհարկե, մրցակցելու ենք տեղի համար: Բայց մենք հավաքական ենք գալիս մեկ նպատակի՝ մրցակցին հաղթելու համար, և դա միավորում է մեզ»:

«Պաշտպաններն ավելի շատ սիրում են հարձակվել, քան պաշտպանվել: Եթե մարզումները դիտեք, կտեսնեք, որ պաշտպանները միշտ հաղթում են հարձակվողներին: Եվ, ընդհանրապես, պաշտպանվելն այնքան հաճելի չէ, որքան հարձակվելը»:

2Z7A4015 960x614 - «Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

«Երեխաներին խորհուրդ կտամ ունենալ սիրելի խաղացողներ, որովհետև ամեն մեկից կարելի է ինչ-որ բան սովորել: Բայց պետք չէ նմանվել ինչ-որ մեկին: Թող ամեն ոք իր ուրույն ոճն ունենա, որպեսզի ուրիշները ձգտեն նմանվել իրենց»:

«Եթե դու նվիրվես ֆուտբոլին, ապա այն քեզ մի քանի անգամ ավելի շատ բան կտա»:

«Ես երազանք, որպես այդպիսին, չունեմ: Ես ամեն ինչ նպատակ եմ դարձնում, որ կարողանամ հասնել դրանց»:

Ավելի վաղ ձեր ուշադրությանն էինք ներկայացրել նաև Մարկոս Պիզելիի, Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի, Ռոբերտ Արզումանյանի, Գևորգ Ղազարյանի և Էդգար Մալաքյանի հնչեցրած ամենաուշագրավ մտքերը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա