Logo

Այդպես էլ չհասնելով ոսկուն․ 5 աշխարհահռչակ մարզիկ, որ չեն նվաճել Օլիմպիական ոսկին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 03.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
hi res 149848699 crop north scaled - Այդպես էլ չհասնելով ոսկուն․ 5 աշխարհահռչակ մարզիկ, որ չեն նվաճել Օլիմպիական ոսկին

Տոկիոյում շարունակվում է ամառային Օլիմպիական խաղերը։ Այն լի է անակնկալներով, ռեկորդներով ու թարմացվող ցուցանիշներով, ճիշտ այնպես, ինչպես Օլիմպիական բոլոր խաղերը։

Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի թերևս ամենամեծ անակնկալներից մեկը գրանցվեց թենիսի տղամարդկանց մենախաղում, որտեղ բացահայտ ֆավորիտ Նովակ Ջոկովիչը ոչ միայն ոսկի չնվաճեց, այլ առհասարակ մնաց առանց մեդալի։ Ջոկովիչն այս տարի հաղթել է Մեծ սաղավարտի երեք մրցաշարերում, այդ մրցաշարերում տիտղոսների քանակով հավասարվել է Ռոջեր Ֆեդերերին ու Ռաֆա Նադալին։ Սերբը մոտ էր Օլիմպիական ոսկուն, որն այդքան կարևոր էր իր համար, սակայն չստացվեց նաև այս անգամ։

Ջոկովիչի անհաջողությունը ստիպեց մեզ վերհիշել այլ մարզիկների, որոնք չնայած իրենց հնչեղ անուններին, չունեն օլիմպիական ոսկի։ VNews-ը ներկայացնում է 5 հայտնի մարզիկի, որոնք չեն ճաշակել օլիմպիական ոսկու համը։

1․ Նովակ Ջոկովիչ (թենիս)

Նովակ Ջոկովիչը 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր։ Սերբ հեռանկարային խաղացողի ֆանտաստիկ կարիերան դեռ առջևում էր։ Փորձագետները վստահ էին, որ եթե ոչ հիմա, ապա հետո Ջոկովիչին հաստատ հաջողվելու է ոսկի տանել Օլիմպիական խաղերում։ 2008-ի կիսաեզրափակիչում Ջոկովիչը պարտվեց Ռաֆա Նադալին, իսկ բրոնզի համար պայքարում հաղթեց Ջեյմս Բլեյքին։

Playing for my country is the highest honor and privilege" - Novak Djokovic ahead of Tokyo Olympics 2020

2012-ին Ջոկովիչը նորից կանգ առավ կիսաեզրափակիչում։ Այս անգամ նրան պայքարից դուրս թողեց Էնդի Մարեյը։ Ջոկովիչը դարձյալ պարտվեց Օլիմպիական ապագա չեմպիոնին։ Բրոնզի համար պայքարում նա նույնպես պարտվեց՝ զիջելով արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին։

2016-ին Ջոկովիչի ճանապարհին նորից հայտնվեց դել Պոտրոն։ Արգենտինացին առաջին շրջանում պայքարից դուրս թողեց աշխարհի առաջին ռակետին՝ հաղթելով երկու թայ-բրեյքերում։ Ջոկովիչը նորից մնաց առանց ոսկու։ Այս տարի պատմությունը կրկնվեց։ Կիսաեզրափակիչում Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց Ալեքսանդր Զվերևի դեմ խաղում։ Բրոնզի համար պայքարում էլ զիջեց Պաբլո Կարենյո-Բուստային։ Սերբ խաղացողը խոստանում է Բեռլինի Օլիմպիական խաղերում նորից պայքարել ոսկե մեդալի համար։

2․ Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)

Մեսիի ու Ռոնալդուի անվերջ պայքարը շարունակվում է։ Այս ամառ՝ Կոպա Ամերիկան հաղթելուց հետո ֆուտբոլասերները շտապում են ասել, որ այս մի ցուցանիշով էլ արգենտինացին ու պորտուգալացին հավասարվեցին իրար․ երկուսն էլ հաղթել են իրենց աշխարհամասի գլխավոր մրցաշարերում՝ Ռոնալդուն՝ ԵՎՐՈ-ում (2016թ․), Մեսին՝ Կոպայում (2021թ․)։ Սակայն քչերն են հիշում, որ Մեսին միջազգային մակարդակում շատ արժեքավոր մի մեդալ ունի, որով չի կարող պարծենալ Ռոնալդուն։ 2008 թվականին Արգենտինայի հավաքականը հաղթեց Պեկինի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում։ Մեսին այդ թիմի գլխավոր աստղերից էր։

Portugal have so much more than Cristiano Ronaldo in attack | Marca

Իսկ ահա Ռոնալդուն երբեք չի հաղթել Օլիմպիական խաղերում, ու նրա շանսերը հիմա մարզական այդ բարձունքին հասնելու համար աննկարագրելի քիչ են։ Գուցե երկրպագուների մոտ հարց առաջանա․ «Իսկ Ռոնալդուն ունեցե՞լ է Օլիմպիական խաղերում արդյունք գրանցելու հնարավորություն»։ Իհարկե, ունեցել է։ 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերին մասնակցում էր նաև Պորտուգալիայի հավաքականը։ 18-ամյա Կրիշտիանուն այդ թիմի գլխավոր աստղն էր։ Նա բոլորովին վերջերս էր փայլել ԵՎՐՈ-2004-ում ու հիմա էլ իր Օլիմպիական հավաքականին պետք է տաներ առաջ։

Սակայն Պորտուգալիան անհաջող խաղաց Օլիմպիական խաղերում։ Ընդգրկված լինելով Իրաքի, Կոստա Ռիկայի ու Մարոկոյի հավաքականների հետ նույն խմբում՝ Պորտուգալիան երեք միավոր վաստակեց ու զբաղեցրեց վերջին տեղը։ Ռոնալդուն մեկ գոլ խփեց ու այդքանով ավարտեց իր առաքելությունը Օլիմպիական խաղերում։

Մեր ընտրանին․

3․ Ռոջեր Ֆեդերեր (թենիս)

Համաշխարհային սպորտի ևս մեկ սուպերաստղ, որը մենախաղում երբեք ոսկե մեդալ չի նվաճել։ Ի տարբերություն Ջոկովիչի, Ֆեդերերը Օլիմպիական ոսկու քաղցրությունը զգացել է, սակայն միայն զուգախաղում։ 2008 թվականին նա Ստեն Վավրինկայի հետ դարձավ Օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղի հաղթող։

Ֆեդերերը շատ մոտ է եղել նաև Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին։ 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարն առանձնանում էր նախորդ խաղերի մրցաշարերից։ Լոնդոնում թենիսի մրցաշարն անցկացվում էր Ուիմբլդոնի կորտերում։ Այդտեղ ամիսներ առաջ Ֆեդերերը հաղթել էր Մարեյին ու Մեծ սաղավարտի մրցաշարում նվաճել կարիերայի հերթական տիտղոսը։ Սակայն Օլիմպիական խաղերում Մարեյին հաղթել չհաջողվեց։ Դել Պոտրոյի հետ ծանրագույն կիսաեզրափակիչից հետո Ֆեդերերը հոգնել էր, ու եզրափակիչում զիջեց Մարեյին։ Ֆեդերերը Լոնդոնում արծաթ տարավ։

London 2012: Roger Federer Nabs Olympic Singles Silver Medal in 4th Attempt | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

2016 թվականի Օլիմպիական խաղերը Ֆեդերերը բաց է թողել։ Նա վնասվածք ուներ ու հրաժարվեց Ռիոյում Օլիմպիական խաղերի ու US Open մրցաշարի մասնակցությունից։ Ֆեդերերը մասնակցել է նաև 2000 թվականի Սիդնեյի ու 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերին: Այդ խաղերում նա մեդալ նվաճել չի կարողացել, սակայն հենց Սիդնեյի Օլիմպիական խաղերի ընթացքում է ծանոթացել ու հետագայում ամուսնացել շվեյցարացի նախկին թենիսիստ Միրկա Վավրինեցի հետ։ Այդ պատճառով Ռոջերը Օլիմպիական խաղերը շատ է գնահատաում ու սիրում։ Այս տարի նրան անհանգստացրեց ծունկը։ Ֆեդերերը շուտով կդառնա 40 տարեկան։

4․ Մարսելո (ֆուտբոլ)

«Ռեալի» նորագույն պատմության գլխավոր աստղերից մեկը կարող էր Օլիմպիական չեմպիոն լինել, սակայն Բրազիլիայի հավաքականի կազմում Մարսելոյին տրված է ներկա լինել դառնագույն պարտությունների, այլ ոչ թե հաղթանակների։ Ամեն դեպքում Մարսելոն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է «պենտակամպեոնների» կազմում, բայց նա այնքա՜ն մոտ էր այդ ոսկուն 2012 թվականի Օլիմպիական խաղերում։

Mexico Devastates Brazil In Historic 2-1 Olympic Soccer Final | WVXU

Բրազիլիայի հավաքականը Լոնդոնի Օլիմպիական խաղերում հրաշալի տեսք ուներ։ Նրանք առանց որևէ խնդրի հասան եզրափակիչ ու հանդիպեցին Մեքսիկայի ընտրանուն։ «Պենտակամպեոնները» մրցաշարի գլխավոր ֆավորիտն էին ու այսպիսի վստահ խաղով եզրափակիչ հասնելուց հետո ֆավորիտ էին նաև մրցաշարի գլխավոր խաղում։

Սակայն այդ տարի Բրազիլիայի ուժեղ կազմը անակնկալ պարտություն էր կրելու Օլիմպիական խաղերի եզրափակիչում։ Մարսելոն թիմի մեկնարկային կազմում էր։ Բրազիլիան այդ խաղում պարտվեց 1-2 հաշվով։ Մեքսիկան դարձավ Օլիմպիական խաղերի հաղթող։ Բրազիլիան նվաճեց արծաթե մեդալ, մինչդեռ բոլորը ոսկու էին սպասում։ Մարսելոն 4 տարի անց այլևս Օլիմպիական հավաքականի կազմում չէր, հակառակ դեպքում կկարողանար ճաշակել օլիմպիական ոսկու համը տնային խաղերում, երբ Ռիոյում Նեյմարն ու ընկերները դարձան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Իր բազմաթիվ տիտղոսների կաբինետում Մարսելոն օլիմպիական ոսկի չունի։

5․ Պաու Գասոլ (բասկետբոլ)

Եվս մեկ մարզիկ, որն իր՝ Օլիմպիական ոսկի չունենալու ծանր վիճակագրությունը, կարող էր ուշքի բերել Տոկիոյում, սակայն չստացվեց նաև այս անգամ։ Գասոլն առհասարակ ավարտեց կարիերան ազգային հավաքականի կազմում Սլովենիային պարտվելուց հետո։ Նա հարուստ կարիերա է ունեցել «ֆուրիա ռոխայում» ու մանավանդ Օլիմպիական խաղերում։

Գասոլը Իսպանիայի հավաքականի կազմում առնվազն երկու անգամ շատ մոտ է եղել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին։ Առաջինը Պեկինի Օլիմպիական խաղերում էր, որտեղ Իսպանիայի հավաքականը վստահ խաղով հասավ մինչև եզրափակիչ։ Սակայն այնտեղ նրանց մրցակիցը ահեղ ու սարսափելի Միացյալ Նահանգների հավաքականն էր։ «Ֆուրիա ռոխան» պարտվեց՝ մնալով արծաթե մեդալով։

Pau Gasol dreaming of making a fifth Olympics at 41

Չորս տարի անց Լոնդոնում Իսպանիայի ու Միացյալ Նահանգների հավաքականները նորից հանդիպեցին Օլիմպիական խաղերի եզրափակիչում։ Ու նորից նույն պատմությունը։ Գասոլն ու ընկերներն այս անգամ ևս զիջեցին Միացյալ Նահանգների հավաքականին։

2016 թվականին Իսպանիայի բասկետբոլի հավաքականը նորից նվաճեց Օլիմպիական մեդալ, սակայն այս անգամ արծաթի փոխարեն բրոնզ։ Իսպանիան այս անգամ նորից պարտվեց Միացյալ Նահանգներին, սակայն զիջելով ոչ թե եզրափակիչում, այլ կիսաեզրափակիչում։ Փոխարենը նրանք հաղթանակով ավարտեցին մրցաշարը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Գասոլն ու ընկերներն այդպես էլ չնվաճեցին Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում բազմաթիվ չեմպիոնություններն ու օվկիանոսից այն կողմ ունեցած խելահեղ կարիերան հաստատ մեղմում է Գասոլի ցավն առ այն, որ նա այդպես էլ չի նվաճելու Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա