Logo

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 06.06.2019Կինո
almodóvar - Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Նրա ձեռագիրը չես շփոթի ոչ մի ռեժիսորի ձեռագրի հետ, նա սիրում է տաք գույներ, և համեմում իր ֆիլմերը դրանցով: Նա խենթ է, շատ խենթ, երբեմն…ոչ՝ միշտ ապշեցնող և այնքա՜ն, այնքա՜ն սիրելի…

Այսօր խոսքը գնալու է իսպանացի վարպետ Պեդրո Ալմոդովարի մասին…

1. Պեդրո Ալմոդովար Կաբալլերոն ծնվել է 1949 թ.Կալսադա դե Կալատրավա քաղաքի, Կաստիլիա-Լա Մանչա համայնքում, Իսպանիա:
Մինչև 8 տարեկանը տղան ընտանիքի հետ ապրել է այդտեղ, իսկ ավելի ուշ Ալմադովարների ընտանիքը տեղափոխվում է Իսպանիայի հարավ-արևմուտք:

2. Ալմոդովարի ծնողները հավատացյալներ էին, և փորձում էին որդու մեջ էլ հավատ սերմանել, բայց…

Տղայի ընտանքիը միշտ ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, այդ իսկ պատճառով փոքրիկ Պեդրոն ստիպված սովորում էր միաժամանակ երկու կաթոլիկ դպրոցներում, այսինքն՝ անվճար կրթություն էր ստանում: Տղան, սակայն, այդպես էլ չի արդարացնում ծնողների հույսերը. Պեդրոյի՝ կյանքի մասին պատկերացումները ամբողջովին տարբերվում էին ծնողների հայացքներից:

 

Կաթոլիկ դպրոցում ինձ հետ սարսափելի բաներ էին կատարվում: Ինձ թվում է՝ դուք հասկացաք, թե ինչի մասին է խոսքը: Այդ ամենի մեղավորները քահանաներն էին: Նման բաներ, իհարկե աշակերտների միջև էլ էր տեղի ունենում, բայց միայն փոխադարձ համաձայնությամբ: Կարծում եմ՝ սեքսը պետք է բացահայտել բնականորեն, այլ ոչ թե պատահաբար և հարկադրաբար: Այդ ամենից հետո երեք տարի վախենում էի մենակ մնալ:

 

3. 16-ամյա Պեդրոն թողնում է հայրական տունը և ուղևորվում Մադրիդ: Գրպանում նա ոչ մի գրոշ չուներ, բայց նրա սրտում բնակվում էր հույսը և Ալմոդովարը վստահ էր, որ կկարողանա դուրս գալ այդ ճահճից:

aaa - Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Տղան դժվարությամբ էր ծայրը ծայրին հասցնում…

Նա զբաղվում էր պիցցայի առաքմամբ, սրճարանում մատուցող իսկ այնուհետև՝ թղթի թափոնների գործարանում էր աշխատում: Ի զարմանս իրեն Ալմոդովարին հաջողվում է «Տելեֆոնիկա» ընկերությունում աշխատանք գտնել, որը և՛ նրա սրտով էր, և՛ աշխատավարձն էր բարձր: Արդյունքում նա այդ ընկերությունում անց է կացնում 12 տարի և այդ ընթացքում, օգտվելով առիթից, ծանոթանում նորագույն տեխնոլոգիաներին և բացահայտում նոր հնարավորություններ:

Հենց այստեղ էլ ձևավորվում է Ալմոդովարի՝ կինոյի հանդեպ սերը, որը գնալով ուժգնանում էր:

Դու կարող ես կինեմատոգրաֆ սովորել, սակայն ուրիշներին սովորեցնելը հնարավոր չէ: Կինոյում քիչ, շատ քիչ կանոններ կան, որոնք կարող ես յուրացնել: Մնացածը քո հայացքն է այն պատմության վերաբերյալ, որը պատմում ես:

 

4. Կինոյից զատ Պեդրոն հետաքրքրվում էր նաև երաժշտությամբ և պատմություններ էր գրում, որոնք տպագրվում էին տարբեր ալմանախներում:

5. Մի օր Ալմոդովարը թատրոն է այցելում: Այս նոր ու չբացահայտված ոլորտն այնքան է գերում նրան, որ նա չի կարողանում մտածել ոչ մի այլ բանի մասին: Նա ընդունվում է “Los Goliardos” թատերական խմբակ, և սկսում դերասանությամբ զբաղվում:

Զարմանում եմ՝ ինչպես  է ստացվել, որ ֆիլմեր եմ նկարահանում: Ես ծնվել եմ սխալ ժամանակ, սխալ վայրում և սխալ ընտանիքում: Դա նույնն է, որ ծնվեի Ճապոնիայում և ուզենայի ցլամարտիկ դառնալ:

6. Քայլ առ քայլ նա մոտենում էր իր երազանքին: «Տելեֆոնիկայի» աշխատանքը թույլ է տալիս Ալմոդովարին գնել իր առաջին տեսախցիկը, իսկ թատրոնում ձեռք բերած կապերի շնորհիվ նա նկարահանում է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը, որով էլ մեկնարկում է խենթ հանճարի խենթ կարիերան:

pedro almodovar fe05 960x640 - Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

1974 թ. Ալմոդովարը հանրության դատին է հանձնում իր առաջին՝ «Երկու անբարոյականները, կամ սիրո պատմություն, որը վերջանում է հարսանիքով» (“Dos putas, o historia de amor que termina en boda”) ֆիլմը: 

1980 թ. էկրաններ է բարձրանում Ալմոդովարի առաջին լիամետրաժ «Պեպին, Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները» (“Pepi, Luci, Bom y otras chicas del montón”) ֆիլմը:

Այն մի աղջկա մասին է, որը պատրաստվում է վրեժ լուծել այն ոստիկանից, որը նրան բռնաբարել է:

Ֆիլմի նկարահանումների հարցում Ալմոդովարին մեծ օգնություն ցուցաբերեցին ընկերները, որոնք վստահ էին, որ Պեդրոն հաջողության  է հասնելու և չսխալվեցին…

Նկարահանումներն իրականացվում էին հանգստյան օրերին, քանի որ մյուս օրերին Պեդրոն աշխատում էր, շատ էր աշխատում: Իրականում նա ոչ մի ակնկալիք էլ չուներ այս ֆիլմից և հաճելիորեն զարմացավ, երբ այն  քննարկումների մեծ ալիք բարձրացրեց:

7. Աղմկահարույց ռեժիսորի մասին գիտեին բոլորը: Նրան սիրում էին, բայց միևնույն ժամանակ քննադատում, սակայն երբեք, երբեք կասկածի տակ չէին դնում նրա տաղանդը: 1980-ականների կեսերին Ալմոդովարի կարիերան արագ տեմպերով վերելք է ապրում:

 

Մայրս չի դիտում ֆիլմերս: Նա կմեռներ, եթե դիտեր դրանք: Բացի դա նա չի գիտակցում, որ ես հայտնի ռեժիսոր եմ, քանի որ միշտ փող չունեմ: Նրա համար ես միայն այն ժամանակ եմ ինձանից ինչ-որ բան ներկայացնում, երբ ինձ ցույց են տալիս հեռուստացույցով:

 

1984, 1986 և 1986 թթ. էկրաններ են բարձրանում համապատասխանաբար «Ինչի՞ համար է սա ինձ» (“¿Qué he hecho yo para merecer esto?” ), «Մատադոր» (“Matador”) և  «Ցանկության օրենք» (“La ley del deseo“) ֆիլմերը: Առաջինը New York Times-ն անվանել է «հիանալի սև կատակերգություն» և «փոքրիկ գլուխգործոց»:

8. 1985 թ. Ալմոդովարը եղբոր հետ հիմնում է “El Deseo” պրոդյուսերական ընկերությունը, որի օգնությամբ էլ 1986 թ. ծնունդ է տալիս իր նոր՝ «Ցանկության օրենք» (“La ley del deseo“) ֆիլմին:

Մի որոշ ժամանակ անց ընկերությունն իր գործունեությամբ մեծ գումարներ է վաստակում:

9. Համաշխարհային ճանաչում, սակայն Պեդրոն ձեռք է բերում միայն «Կանայք նյարդային պոռթկման եզրին» (“Mujeres al borde de un ataque de ‘nervios”) ֆիլմից հետո, որը 1989 թ. արժանացավ Գոյա մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում և սրանով վարպետի մրցանակները չսահմանափակվեցին…

Ֆիլմը նոմինացվեց նաև Օսկարի: Գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում էր վարպետի սիրելի Անտոնիո Բանդերասը, որի հետ նա ավելի ուշ շարունակում է համագործակցել:

 

Կինոն իրականում ոչինչ էլ չի որոշում: Կինոն սեքսի նման է՝ այն քեզ վաղամեռիկ երջանկության է արժանացնում:

 

10. 1999 թ. էկրաններ է բարձրանում ռեժիսորի «Ամեն ինչ մորս մասին» (“Todo sobre mi madre”) ֆիլմը, որն արժանանում է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի»:

2002 թ. Ալմոդովարի բազմաթիվ մրցանակներին ավելացավ ևս մեկը՝ «Խոսիր նրա հետ» (“Hable con ella”) ֆիլմն արժանանում է Օսկարի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում:

11. Իսպանական Կինոակադեմիան չէր կարող համակերպվել Ալմոդովարի հաջողությունների հետ, և երբ 2004 թ. էկրաններ է բարձրանում ռեժիսորի հերթական գլուխգործոցը՝  «Վատ դաստիարակություն» (“La mala educación”) ֆիլմը, նրան կանխամտածված ոչ մի մրցանակ չեն տալիս: Հպարտ Պեդրոն դուրս է գալիս Ակադեմիայի կազմից:

12. 2005 թ. էկրաններ է բարձրանում «Բառերի գաղտնի կյանքը» (“The Secret Life of Words”) ֆիլմը, որի պրոդյուսերը Պեդրո Ալմոդովարն է:

…իսկ մեկ տարի անց՝ 2006 թ. վարպետը հանրության դատին է հանձնում իր նոր՝ «Վերադարձ» (“Volver”) ֆիլմը՝ Պենելոպե Քրուզի մասնակցությամբ:
Ի դեպ Պենելոպեն Պեդրոյի ամենասիրելի դերասանուհիներից մեկն է, ավելի ճիշտ կլինի ասել՝ մուսան, որի հետ վարպետը բազմիցս համագործակցել է և կշարունակի համագործակցել:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Պեդրոն խոստովանել է, որ Քրուզը միակ կինն է, որից նա մեծ հաճույքով երեխա կունենար: Դերասանուհին այս առիթով մեկ անգամ հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, որ նրան և մաեստրոյին կապում են շատ ջերմ և ընկերական հարաբերությունները, և նրանք երբեք էլ սիրավեպ չեն ունեցել:

aaaaaaaaaaaaaaa - Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Սերն իմ մեջ արթնացնում է վատագույն կողմերս: Սիրահարված ժամանակ ես կորցնում եմ հումորիս զգացումը:

Պենելոպայից զատ Ալմոդովարը շատ է սիրում աշխատել Անտոնիո Բանդերասի և Խավիեր Բարդեմի հետ:

Ի դեպ Պեդրոն կանխամտածված է իր ֆիլմերի համար ընտրում միայն իսպանացի դերասան-դերասանուհիների:

13. 2011 թ. Ալմոդովարը հանրության դատին է հանձնում իր հերթական շոկային՝«Մաշկը, որի մեջ ես ապրում եմ»  (“La piel que habito“) ֆիլմը՝ Անտոնիո Բանդերասի և Ելենա Անայայի մասնակցությամբ:

Այն վիրաբույժի մասին է, որը բացահայտել է մաշկի ստեղծման գաղտնիքը և այժմ փորձարկում է այն:

2012 թ. ֆիլմն արժանացել է Սատուրն մրցանակի՝«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

14. Ավելի ուշ՝ 2013 թ. Պեդրոն նկարահանում է «Ես շատ գրգռված եմ» (“Los amantes pasajeros”) ֆիլմը, որը չնայած տարօրինակ անվանմանը ինքնաթիռի վթարի մասին է:

2016 թ. էկրաններ է բարձրանում վարպետի «Ջուլիետա» (“Julieta”) ֆիլմը, որն առաջադրվում է «Ոսկե արմավենու»: Գլխավոր հերոսուհին՝ Էմմա Սուարեսն արժանանում է Գոյա մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ջուլիետայի աղջիկը տարօրինակ կերպով անհետանում է: Ի՞նչ անել, ինչպե՞ս գտնել դստերը: Ջուլիետան վերադառնում է Մադրիդ, որտեղ և փորձում է գտնել իր բոլոր հարցերի պատասխանները, բայց…
Խճճված ինքն իր և արտաքին աշխարհի մեջ՝ մայրը փորձում է հասկանալ, թե ինչ սխալ է թույլ տվել, որ աղջիկն այդքան հեշտությամբ լքել է իրեն: Անցյալի ուրվականները կայցելեն Ջուլիետային և հանգիստ չեն տա:

15. Շատ ռեժիսորների պես Պեդրոն ևս սիրում է որպես կամեո հայտնվել իր ֆիլմերում: Օրինակ ռեժիսորին կարելի է տեսնել «Վատ դաստիարակության» և «Մատադոր» ֆիլմերի մեջ:

16. Ալմոդովարը չի թաքցնում իր սեռական կողմնորոշվածությունը, ավելին՝ նա բացահայտ խոսում է դրա մասին: Թեպետ ռեժիսորը դեռ 80-ականներին է խոստովանել, որ տղամարդկանց է նախընտրում, այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող ասել՝ ում հետ է նա սիրավեպեր ունեցել և ով է նրա կողքին այսօր:
Պեդրոն չի սիրում նաև սոցիալական ցանցերը և դեմ է դրանցում տիրող ակտիվությանը:

Գաղտնիքները հարստացնում են կյանքդ, դրանք կարող են օգնել քեզ աշխատանքումդ, բայց երբեմն պատահում է, որ դրանք խեղդում են քեզ ներսից: Դու կարող ես չխոսել սեռական կողմնորոշվածությանդ մասին, բայց դու պետք է գիտակցես դա:

cannes 2017 pourquoi pedro almodovar est un tres bon choix pour presider le juryM417051 960x1281 - Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին
17. Այս տարի Կաննի 72-րդ կինոփառատոնի շրջանակում Ալմոդովարը ցուցադրեց իր վերջին ոչ պակաս աղմկահարույց «Ցավ և փառք» (“Dolor y gloria”) ֆիլմը: Գլխավոր դերում վարպետի հավատարիմ ընկեր և սիրելի դերասան Անտոնիո Բանդերասն է, որը ճանաչվեց «Լավագույն դերասան»:
Բանդերասի հերոսը կինոռեժիսոր է, որի կյանքում խորը ճգնաժամային շրջան է, և որն անդադար հետ է նայում՝ մտովի տեղափոխվելով մանկություն և հիշելով իր անցած գնացած ուղին, որը նրան բերեց այնտեղ, որտեղ նա այսօր է: Մոր հանդեպ ջերմ զգացմունքները, բաժանումը, ցավը, հաջողության ձգտումները, որոնք ստիպեցին հերոսին բռնել պանդխտության ուղին, երջանկության որոնումները՝ այս հիշողությունները հանգիստ չեն տալիս նրան: Դրանք, իհարկե, հաճելի են, բայց միևնույն ժամանակ՝ ցավալի, այնքա՜ն ցավալի…
«Ցավով և փառքով» վարպետն ավարտում է իր կյանքի որոշ դրվագները մերկացնող եռագրությունը, որը մեկնարկել էր «Ցանկության օրենք» ֆիլմով, որին հաջորդում է «Վատ դաստիարակությունը», և որը եզրափակվում է «Ցավով և փառքով»:
Հունիսի 12-ից ֆիլմը կարող եք դիտել Սինեմա Սթարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա