Logo

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից»… Արշիլ Գորկու ծննդյան օրն է

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:12 / 15.04.2022Արվեստանոց
Արշիլ Գորկի

Արշիլ Գորկի՝ «հզոր սյուրռեալիստներից վերջինը, աբստրակտ էքսպրեսիոնիստներից առաջինը» և քսաներորդ դարի արվեստի ամենակարևոր դեմքերից մեկը։

Այսօր վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1904 թվականին, Արևմտյան Հայաստանում։

Նկարչի ինքնատիպ աշխատանքներն այսօր կարող եք գտնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող թանգարաններում ու պատկերասրահներում, սակայն նրա ամենահայտնի կտավը շարունակում է մնալ 1928-32թթ.-ին ստեղծված «Նկարիչն ու իր մայրը» նկարը: 

Նկարիչը և նրա մայրը - Արշիլ Գորկի

Նրա ստեղծագործություններում ամենից հաճախ կրկնվող պատկերները հիմնված են մանկության ողբերգական հիշողությունների վրա, չնայած, իհարկե, նկարիչ Գորկու վրա ազդել են 20-րդ դարի արվեստի առավել առաջադեմ միտումները:

Աշակերտի հուշերը

Արշիլ Գորկի 2

Վիլլեմ դե Կունինգը Գորկու աշակերտն էր և ամեն օր գալիս էր ուսուցչի արվեստանոց։ Ըստ դե Կունինգի՝ Գորկին անսովոր անձնավորություն էր՝ նուրբ հոգեկան աշխարհով։ Նա հիշում է վարպետին որպես մի անձնավորության, որն ուներ լայն գիտելիքներ և պատրաստակամորեն կիսվում էր դրանցով այլոց հետ:

Դե Կունինգը հիշում է, որ արվեստագետների հավաքների ժամանակ Գորկին սովորաբար մեկուսացած էր ուրիշներից ՝ խորասուզված իր մտքերի մեջ: Պատահել է, որ նա հին հայկական գրամաֆոնային սկավառակներ է դրել ու սկսել պարել «ճկուն ու պլաստիկ շարժումներով»:

Ըստ դե Կունինգի՝ Գորկին միշտ բացարձակ մաքրություն էր պահպանում իր փոքրիկ արվեստանոցում։ «Ամեն օր նա ժամեր էր անցկացնում հատակը փայլեցնելու համար՝ ընտանեկան ավանդույթը վերածելով սուրբ ծեսի: Պատերին կախված էին Ուչելլոյի նկարների վերարտադրությունները և իր սեփական էսքիզները»։

Երբեմն Գորկին անտեսում էր բոլոր պայմանականություններն ու ձևականությունները, մարդկանց դեմքին ասում այն ամենը, ինչ ուզում էր՝ չթաքցնելով իր վերաբերմունքը։ Ինչ-որ նկարչի ցուցահանդեսի բացման ժամանակ Գորկին կարող էր մոտենալ նրան և բարձրաձայն ասել. «Ի՜նչ դեմքեր: Ի՜նչ արտահայտություններ»՝ նկատի ունենալով այցելուների «սպառողական» մակարդակի հիացմունքը։

Վարպետի հուշերը

Аршил Горки
•     «Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»։
•    «Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց՝ անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…
•    «Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով։ Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրն այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»։

Հայտնիների հուշերը

Արշիլ Գորկի 4
    

      «Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»,- Վիլլեմ դե Կունինգ, ամերիկացի նկարիչ     

     «Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին։ Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո։ Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք։ Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության՝ գեղանկարչության...»,- Ալեն Ջուֆրի

Աղբյուր՝ armmuseum.ru

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա