Logo

Այսօր Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 01.07.2022Կինո
Կարեն Ջանիբեկյան

Սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանը կդառնար 85 տարեկան:

Փաստեր դերասանի կյանքից և կարիերայից:

Ծնվել է Երևանում:

1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:

1953թ-ից, ընդհատումներով, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1966-67թթ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, 1991թ-ից` Երևանի Համազգային թատրոններում` որպես դերասան: 

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ն.Զարյանի «Հացավան» (Գրիգոր), Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Վինտեր), Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը» (Մոլիեր), Յ.Օ'նիլի «Սերը ծփիների տակ» (Քեբոտ), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (Ջոուն), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Ֆաբիո) և այլն:

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Կարեն Ջանիբեկյան 1

Հատվածներ Կարեն Ջանիբեկյանի հարցազրույցներից

– Ձեր լավագույն դերը կինոյում ո՞րն եք համարում:

– Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արևը» ֆիլմում է լավագույն դերս: Այն ժամանակի մեծերը` Ֆրունզը, Խորենը, Սոսը, Մհերը… Նրանց կողքին հեշտ չէր: Հիմնականում նկարահանվում էինք այն ֆիլմերում, որոնցից նրանք զբաղվածության պատճառով հրաժարվում էին: Էդ էր բաժին հասնում: Իմ դեպքում հիմնականում Սոսի մերժածն էր. տեսակով նման ենք: Հեռուստաներկայացումներում ու թատրոնում շատ ավելի դերեր եմ խաղացել, դրանց մեջ լավագույնն ասելն ավելի դժվար կլինի:

– Գաղափարը, սերը, հավատը, հույսը… Եթե ոչ բացակա, ապա ստորադասված եք համարում, ուրեմն ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ:

– Առաջինը, որ պիտի արվեր, ազգին, այսինքն` նրա արվեստը աշխարհ հանելու հաստատ ուղի պիտի ստեղծվեր: Իսկ մենք մինչև այսօր կինոյի, թատրոնի օրենք չունենք: Բայց եթե անգամ ուշ է, միևնույն է, պետք է սկսել, ու թե պետք է, անգամ քանդել ու նորից սկսել:

– Դուք երբեք մռայլ մարդու տպավորություն չեք թողել, բայց մեր զրույցը կարծես այդպիսին ստացվեց:

– Չէ, չկարծեք, թե անհույս եմ ու եղած լավը չեմ տեսնում: Օրինակ` վերջերս Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմի պրեմիերան էր: Հոգեբանական ուժեղ ֆիլմ է: Հրաժարվել է էսթետիկ արտաքին գրավչություններից ու հոգեբանական ազդեցիկ գործ արել, որում մարդը կարևոր է: Հույս ունեմ, որ լավ է լինելու: Առանց հույսի ու սիրո կյանքն անիմաստ կլիներ:


Հարցազրույցը՝ kinoashkharh.am-ից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա