Logo

Դալիդա. Բացահայտելով ողբերգական դիվային

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:12 / 17.01.2022Երաժիշտներ
Դիվա Դալիդա

Պատկերացրեք մի երաժշտի, որը հաջողակ էր, սիրված թե՛ հանդիսատեսի, թե՛ մտավորականների շրջանում, և ում կարիերան երեք տասնամյակ կրել է մշակութային և ոճային փոփոխություններ: Շատ քիչ երաժիշտներ են համապատասխանում այդ նկարագրին, բայց Դալիդան՝ բոլոր ժամանակների ամենահաջողակ ֆրանսիացի դիվաներից մեկը, արել է այս ամենն ու դեռ ավելին: Չնայած նրա տաղանդին՝ ողբերգություններով լի էր Դալիդայի կյանքը... և այդ ամենն ի վերջո հանգեցրել է մութ ավարտի:

Իտալական ծագմամբ ֆրանսիացի երգչուհին իր կարիերայի ընթացքում վաճառել է միլիոնավոր ձայնասկավառակներ՝ երկրպագուներ ունենալով ամբողջ աշխարհում իր սենտիմենտալ բալլադներով և ավելի թեթև մեղեդիներով:

Այսօր Դալիդայի ծննդյան օրն է...

Դիվա Դալիդա -1

Ընտանիքը...

Ծնողների շնորհիվ Դալիդան և նրա երկու եղբայրները լավ մանկություն են ունեցել, լավ կրթություն և սեր երաժշտության նկատմամբ… մինչև ընտանեկան ողբերգությունը տարավ նրա հորը:

1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմն ամբողջությամբ գլխիվայր շրջեց Դալիդայի կյանքը։ Դաշնակից զորքերը նրա հորը և մի քանի այլ իտալացիների տարան Կահիրեի մոտ գտնվող Ֆայեդ ռազմագերիների ճամբար: 4 տարի անց դաշնակիցներն ազատեցին Դալիդայի հորը... և Դալիդայի համար սկսվեց սարսափների տարի:

Դալիդայի հայրը բանտից դուրս գալուց հետո ամբողջովին փոխվեց. նա այլևս այն սիրառատ կերպարը չէր: Ընդհակառակը, սառն էր ու դաժան։ Դալիդան հիշել է. «Ես ատում էի նրան, երբ ծեծում էր ինձ, ատում էի նրան հատկապես, երբ ծեծում էր մորս ու եղբայրներիս»։ Նա ընդամենը 11 տարեկան էր, և ցանկանում էր, որ հայրն ընդմիշտ անհետանա իր կյանքից։

Ողբերգություն ողբերգության հետևից. 1945 թվականին ուղեղի թարախակույտի պատճառով մահանում է Դալիդայի հայրը: Նրանց վիշտը մեղմվում էր երախտագիտությամբ, որ այլևս ստիպված չէին լինի դիմանալ նրա դաժանությանը: Ազատվելով հորից՝ Դալիդան շարունակում է ապրել իր կյանքը որպես սովորական դեռահաս՝ դե գոնե մեծ մասամբ:

Դիվա Դալիդա -2

Երաժշտություն 7 լեզվով

Դալիդայի մեծագույն հիթերից մի քանիսը ֆրանսերենով են:

Դրանցից են «Itsi Bitsi Petit Bikini», «Il venait d'avoir 18 ans», «Laissez-moi danser» և «Mourir sur scène»։ Նա նաև ձայնագրել է Wham «Last Christmas»-ի ֆրանսերեն տարբերակը՝ «Reviens-Moi»-ն:

Դալիդան երգել է նաև իտալերեն, օրինակ՝ Շերի «Bang Bang (My Baby Shot Me Down)» երգի քավր տարբերակում։

Երբեմն նա ձայնագրում էր նույն երգը երկու տարբեր լեզուներով. «Salma Ya Salama» երգը և' արաբերեն է թողարկվել, և' ֆրանսերեն:

Գեղեցկության մրցույթը

Դեղագործական ընկերությունում ձանձրալի աշխատանք ստանալուց կարճ ժամանակ անց Դալիդայի լավագույն ընկերը համոզել է նրան միանալ Miss Ondine՝ Կահիրեի գեղեցկության փոքրիկ մրցույթին: Դալիդան չի հաղթել մրցույթում, բայց զբաղեցրել է 2-րդ տեղը, ինչը նույնպես ցնցող արդյունք էր: Երկրորդ տեղը գրավելու լուրը հայտնվել է եգիպտական 2 խոշոր թերթում: Հրաշալի է, չէ՞: Սակայն, մայրը, որը մինչ այդ պահը չէր իմացել աղջկա` մրցույթին մասնակցելու մասին, պատժել է նրան՝ բռնի կերպով կարճ կտրելով դեռահասի մազերը՝ հավանաբար, շատ ավելի դժվարացնելով աղջկա՝ ապագա մրցույթներին մասնակցությունը: Դալիդան, սակայն, համառ էր. նա չէր պատրաստվում թույլ տալ, որ վատ սանրվածքի նման փոքր խոչընդոտները խանգարեն իր երազանքներին:

Մոր հայացքները շքեղության և նորաձևության մասին ժամանակի ընթացքում մեղմվում էին: Դալիդան օգտվում է այս հնարավորությունից՝ թողնելով իր աշխատանքը դեղագործական ընկերությունում և մոդելային կարիերան շարունակելով Կահիրեի նորաձևության տանը՝ Donna-ում:

Դիվա Դալիդա -3

21 ամյակը....

Իր 21-ամյակի օրը Դալիդայի համար որոշիչ էր...

1954 թվականին Դալիդան մասնակցում է «Միսս Եգիպտոս» մրցույթին և հաղթում: Մրցույթի ընթացքում նրա հաղթանակը գրավել է 3  կինոռեժիսորի։ Մարկո դե Գաստինը նրան առաջարկել է դեր «Թութանհամոնի դիմակը» ֆիլմում, Նիազի Մոստաֆան՝ գլխավոր դերը «Բաժակ և ծխախոտ» ֆիլմում, իսկ երրորդը երկարաժամկետ ու կայուն դերասանական պայմանագիր է առաջարկել, բայց աղջնակը մերժել է. Դալիդան իրականում ավելի մեծ ծրագրեր ուներ։

Սիրո քաղաքը

1954 թվականին Սուրբ Ծննդյան օրը Դալիդան ժամանել է Փարիզ և տեղավորվել ռեժիսոր Գաստինի ընկերոջ մոտ: Կահիրեում համեմատաբար հեշտ մեկնարկից հետո, Փարիզում մերժումները շոկի են ենթարկել Դալիդային, բայց նա հանձնվող տեսակ չէր:  Նա սկսում է պրոֆեսիոնալ  երգչուհու կարիերա: Ուսուցչի օրհնությամբ Դալիդան սկսում է ելույթ ունենալ Ելիսեյան կաբարեում։ Կատարումը հիացնում է կաբարեի ռեժիսոր Ժակ Պաոլին: «Օլիմպիա» թատրոնի տնօրեն Բրունո Կոկատրիքսը, իր հերթին, հրավիրում է աղջկան ելույթ ունենալ իր «Les numéros 1 de demin» երգի մրցույթում:

Դիվա Դալիդա -4

Ճակատագրական ելույթը

2 տղամարդու հետ ճակատագրական հանդիպումը Դալիդային գերաստղ է դարձրել. Դալիդայի ելույթը գրավել է Էդդի Բարքլիի և Լյուսիեն Մորիսի (Եվրոպա 1 ռադիոկայանի գեղարվեստական ղեկավար) ուշադրությունը։ Դալիդայի ճանապարհը դեպի դիվա կարգավիճակ պաշտոնապես սկսվել է այս ելույթից հետո:

Մորիսի օգնությամբ Դալիդան թողարկել է «Bambino» երգը՝ մեկ գիշերում դառնալով աստղ՝ ակամա փոխելով երաժշտական արդյունաբերության դեմքը:

Անձեռնմխելի Դալիդան

Դալիդայի հաջորդ երկու երգերը՝ «Miguel» և «Tu n’as pas très bon caractère», վերջապես «Bambino»-ին դուրս են թողել չարթերի առաջին հորիզոնականից: Ոչինչ այլևս չէր կարող կանգնեցնել աղջնակին. 1958 թվականին Դալիդան վերջապես հնարավորություն է ստացել վերակենդանացնել իր հին երազանքը՝ դառնալ կինոաստղ: Նա առաջին անգամ հայտնվել է առեղծվածային ֆիլմում, որը կոչվում էր Rapt au deuxième bureau: Այնուհետև Բարքլիի հետ հայտնվել է Brigade des moeurs-ում: Այնուամենայնիվ, նրա կինոկարիերան այնքան հաջողակ չէր, որքան երգարվեստը:

Դիվա Դալիդա -5

Սերը...

1961 թվականին Դալիդան ամուսնանում է Լյուսիեն Մորիսի հետ: Համաշխարհային շրջագայությունն ավարտելու և Սուրբ Ծննդյան ռեկորդային ալբոմ ստեղծելու միջև ընկած ժամանակահատվածում նրան հաջողվում է լինել իր երազանքների տղամարդու հետ: Հարսանիքից ընդամենը մի քանի ամիս անց հայտնի է դառնում Դալիդայի և Լյուսիենի հարաբերությունների իրական պատկերը. Դալիդան սիրավեպ է ունեցել ֆրանսիացի դերասան և նկարիչ Ժան Սոբեսկիի հետ։ Զույգն ամուսնալուծվում է:

Նրա ժողովրդականությունն աստիճանաբար խամրում է մի քանի անհաջող երգերից հետո: «Amore scusami» սենտիմենտալ փոփ բալլադը հետ է բերում Դալիդայի նախկին փառքը: Երգչուհին նոր սեր է գտնում իտալացի երգիչ-երգահան Լուիջի Թենկոյի գրկում: Այս սիրավեպն էլ երկար կյանք չի ունենում: Դալիդան հյուրանոցի համարներից մեկում գտնում է Թենկոյի մարմինը՝ ինքնասպանության գրառման հետ մեկտեղ: Ինքնասպանությունը մեծ հարված էր Դալիդայի համար, և դա ազդել է նրա հոգեկան անդորրի վրա:

Նույն տարում Դալիդան կարճատև հարաբերություններ է ունենում քոլեջի 22-ամյա ուսանողի հետ, որի արդյունքում հղիանում է: Չցանկանալով մայրանալ՝ դիմում է բժշկի, որն էլ ձախողում է՝ դարձնելով նրան անպտուղ: Թենկոյի մահն ու երբևէ երեխա չունենալու միտքը Դալիդայի հոգեկան առողջության վրա մեծ հետք են թողնում:

1970 թվականը երգչուհու համար նոր ողբերգություն էր պատրաստել: Մորիսը` նրա նախկին ամուսինը, 41 տարեկանում ինքնասպան է լինում։

Հերթական խորը հուսահատությունից հետո Դալիդայի երգերն ավելի քիչ ռոմանտիկ էին և ավելի շատ նման էին օգնության աղերսի: Նրա տագնապը զգացվում էր վոկալում, որը գրավում էր երկրպագուներին, ինչպես երբևէ: 1972 թվականին նա թողարկում է «Paroles, paroles» երգը` դատարկ խոսքերի և դատարկ խոստումների մասին, ինչպես նաև «Je suis malade»-ը («Ես հիվանդ եմ»)։

Դիվա Դալիդա -6

Կյանքը՝ վերահսկողությունից դուրս

Նույն թվականին Դալիդան սիրահարվում է Ռիչարդ Չանֆրեյ անունով մի մարդու։ Վերջինս  պնդում էր, որ ինքը Սեն Ժերմենի կոմս է և հաճախել է Լյուդովիկոս XV-ի արքունիքը: Չանֆրեյը նաև պնդում էր, որ ինքը 17.000 տարեկան է:

Դալիդայի հարաբերություններն այս տղամարդու հետ տարօրինակ էին, բայց դա ոչինչ է նրա երաժշտության հետ կատարվածի համեմատ:

1975 թվականին նրա մտերիմ ընկերը՝ Մայք Բրանտը, ինքնասպանություն է գործում՝ նետվելով Փարիզի բազմաբնակարան շենքի պատուհանից։

1983 թվականի հուլիսին Չանֆրեյը նույնպես ինքնասպան է լինում:

Դալիդան օգնության կարիք ուներ։ Ցավոք, օգնությունը ժամանակին վրա չհասավ։

Դիվա Դալիդա -7

Կյանքը նրա համար չափազանց շատ էր....

1987 թվականի մայիսի 2-ի երեկոյան ծանր դեպրեսիայի մեջ գտնվող Դալիդան ինքնասպան է լինում` բարբիտուրատի չափից մեծ դոզա ընդունելով և թողնելով մի պարզ և կործանարար գրություն, որում գրված էր.

 «Կյանքն ինձ համար անտանելի է: Ներեք ինձ»:

 

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա