Logo

Ազատ են ու անվճար․ 5 ֆուտբոլիստ, որոնք զարմանալիորեն առանց ակումբ են մնացել

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
kwsta - Ազատ են ու անվճար․ 5 ֆուտբոլիստ, որոնք զարմանալիորեն առանց ակումբ են մնացել

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք գործարքներ են արդեն եղել ու դեռ լինելու են։ Կան հնչեղ տրանսֆերներ, որոնց իրականացման համար ակումբները ոչ մի լումա չեն վճարել ուրիշ ակումբի, քանի որ խաղացողը թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Օրինակները բավականին շատ են․ Ջորջինյո Վեյնալդում, Էրիկ Գարսիա, Սերխիո Ռամոս, Դավիդ Ալաբա, Մեմֆիս Դեպայ և այլք։ Նրանք խաղացողներ են, որոնք կարող են եղանակ փոխել դաշտում, ու այսպիսի դեմքերի անվճար ձեռքբերումը մեծ ուրախություն է այդ ակումբների համար։

VNews-ը արդեն ներկայացրել է հայտնի, բայց մոռացված անունների, որոնք մնացել են առանց ակումբի։ Հիմա հերթը ազատ գործակալների նոր խմբինն է, որոնք չնայած իրենց հայտնի անուններին՝ այս պահին մնացել են առանց ակումբի։

Ժերոմ Բոատենգ 

Նախորդ ակումբը՝ «Բավարիա»

Մյունխենյան գրանդի հնաբնակներից մեկն այս ամառ պայմանագրի ժամկետն ավարտվելուն պես հեռացավ գերմանական թիմից։ Բոատենգը «Բավարիայի» վերջին խաղում մի բոլ լաց եղավ ու հեռացավ։ Նա ամբողջ կարիերայի ընթացքում ամուր կապով կապված է եղել «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի հետ, որտեղ նա վաղուց այլևս չի խաղում։ Բոատենգը նոր մարտահրավերների հետևից որոշեց գնալ։ «Բավարիայի» պաշտպանության կենտրոնում Բոատենգին այլևս չէին ուզում։ Թիմում մարզչական փոփոխություն եղավ։ Եկել է Նագելսմանը։ Ու չնայած պաշտպանության կենտրոնում խաղացող մեկ այլ ֆուտբոլիստի՝ Դավիդ Ալաբայի հեռանալուն՝ «Բավարիան» չպահեց Բոատենգին։ Եկել է Ուպամեկանոն, որը վստահորեն կարող է փակել այդ դիրքը։

Bayern Munich confirm Jerome Boateng will leave at the end of the season | FootballTransfers.com

Որքան էլ զարմանալի է, անվճար Բոատենգի համար մեծ որս չկա։ Կան տեղեկություններ, որ Բոատենգին իր թիմում ցանկանում է տեսնել «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացի մասնագետը, կարծես թե, բարձր տրամադրվածությամբ է ժամանել Հռոմ ու նոր նախագիծ է կառուցում, որտեղ թիմին կարող են օգուտ տալ նաև Բոատենգի պես բազմափորձ խաղացողները։ Ամեն դեպքում, Բոատենգը ազատ գործակալ է ու այս պահին դեռ առանց ակումբի է մնացել։

Դավիդ Լուիս 

Նախորդ ակումբը՝ «Արսենալ»

Երբ Դավիդ Լուիսը 2019-ին պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ, ֆուտբոլասերները շոկի մեջ էին։ Ոչ ոք չէր կարող սպասել, որ այդքան արագ Լուիսը լոնդոնյան մեկ գրանդը կփոխարինի մեկ ուրիշով։ Նրա՝ «Արսենալ» տեղափոխության մասին որևէ շշուկ չկար։ Ամեն ինչ եղավ շատ արագ ու տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Այդպես բրազիլացի պաշտպանը եկավ Լոնդոնի հյուսիսային հատված։ Նա «Արսենալում» խաղացել է 2 մրցաշրջան։ Սրանք անկասկած բրազիլացու կարիերայի լավագույն մրցաշրջանները չէին ու թերևս հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նա այս պահին առանց ակումբ է մնացել։

David Luiz to leave Arsenal this summer - The Short Fuse

«Արսենալը» չցանկացավ երկարաձգել պայմանագիրը Լուիսի հետ։ Նա բարդ բնավորությամբ ֆուտբոլիստ է, որի հետ վերջին շրջանում շատ մարզիչներ «յոլա» չեն գնում։ Ժամանակին Լուիսին համարում էին մոլորակի լավագույն պաշտպաններից մեկը, սակայն հիմա նա առանց ակումբ է մնացել ու դեռևս հայտնի չէ, թե որտեղ կլինի գալիք մրցաշրջանում։ Կան տեղեկություններ, որ Դավիդ Լուիսը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ Նա հետաքրքրված չէ Միացյալ Նահանգներ, կամ էլ հայրենիք վերադառնալու հեռանկարով։ Որոշ շշուկներ կային, որոնց համաձայն՝ Լուիսը կարող է շոկային վերադարձ կատարել դեպի ՊՍԺ, բայց Փարիզում Ռամոսի ժամանումից հետո, դժվար թե, «նայեն» Լուիսի վրա։

Մեր ընտրանին․

Կևին Գամեյրո

Նախորդ ակումբը՝ «Վալենսիա»

Գամեյրոն այն հարձակվողներից է, որոնք խայտաբղետ կարիերա են ունենում, խաղում են բազմաթիվ ակումբներում՝ երբեմն պաշտպանելով թոփ ակումբների գույները։ Ֆրանսիացու վերջին ակումբը «Վալենսիան» է եղել, որի կազմում անցկացրած 86 խաղերում նա 16 գնդակ է խփել։ Գամեյրոն ժամանակին խաղում էր ՊՍԺ-ում, հետո թափառեց Իսպանիայում՝ խաղալով «Սևիլիայում», «Ատլետիկոյում» ու «Վալենսիայում»։ «Չղջիկների» հետ պայմանագրի ժամկետը լրացել է մի քանի օր առաջ, ու հիմա Գամեյրոն ազատ գործակալի կարգավիճակ ունի։

OM go for Kevin Gameiro

Գամեյրոն 34 տարեկան է, ու դեռ կարող է օգուտ տալ այն ակումբին, որտեղ կշարունակի կարիերան։ Տարբերակները շատ չեն։ Եթե հավատանք ֆրանսիական մամուլին, ապա Կևինը կարող է 10 տարվա դադարից հետո վերադառնալ Լիգա 1 ու մրցելույթները շարունակել «Մարսելում»։ Ֆրանսիական ակումբն ուզում է ուժեղացնել հարձակման գիծը ու այդ ճանապարհին մտածում է հենց Գամեյրոյի տեղափոխության մասին։ Անվճար տրանսֆերի պարագայում Գամեյրոն իսկապես լավ տեղափոխություն կլինի։ Հետաքրքրական է, որ «Մարսելը» ցանկանում է գնել նաև «Վալենսիայի» մեկ այլ խաղացողի՝ Դանիել Վասի տրանսֆերը։

Դիեգո Կոստա

Նախորդ ակումբը՝ «Ատլետիկո»

Նախորդ մրցաշրջանի սկզբնամասում տեղի ունեցավ շատ հետաքրքիր իրադարձություն. «Ատլետիկոյի» խաղացողներից մեկը, առանց որի «ռոխիբլանկոսների» հարձակման գիծը երկար տարիներ պատկերացնել հնարավոր չէր, հեռացավ թիմից պայմանագիրը խզելուց հետո։ Կոստան ազատ գործակալ է։ Նա առանց ակումբ է մնացել։ Կոստայի անկումը բավականին զարմանալի է։ Նա մի քանի տարի առաջ բարձր մակարդակով խաղում էր «Ատլետիկոյում», իսկ հետո «Չելսիում»։ Սակայն Լոնդոնում առկա դժվարությունները նրան ստիպեցին վերադառնալ իր սիրելի Դիեգո Սիմեոնեի մոտ։ Սակայն արգենտինացի մասնագետը իր «հավերժ» մարտիկին փոխել էր Լուիս Սուարեսի ու Ժոաու Ֆելիշի հետ։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, Կոստայի հեռանալը ճիշտ էր, քանի որ «Ատլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Թեպետ մնալու դեպքում էլ չեմպիոնությունը բացառված չէր լինի։

Diego Costa: Atletico Madrid agree to terminate Spain striker's deal | Football News | Sky Sports

Կոստան մոտ մեկ տարի է, ինչ ֆուտբոլ չի խաղացել։ Սակայն նրա ծառայությունները պետք է որ հետաքրքրեն այլ ակումբների։ Այսպիսի խաղացողի անվճար ստանալը հաստատ ոչ մեկին չէր խանգարի։ Սակայն Եվրոպայի առաջատար ակումբներից առաջարկներ չկան։ Կոստան այլևս չի գրավում իր խաղով։ Ներկայումս նրա ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիքտաշը»։ Ակումբի նախագահ Էրոլ Կայնարը նույնիսկ հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում Իսպանիայի հավաքականի նախկին խաղացողի հետ։ Տրանսֆերի իրականանալու դեպքում սա ամենևին էլ առաջին դեպքը չի լինի, երբ Եվրոպայում փայլած հարձակվողը գնում է Թուրքիա։ Հիշենք Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը «Գալաթասարայ»։ Կոստային հաջորդ մրցաշրջանում կարող են նորից տեսնել դաշտում։

Տոմաշ Վացլիկ

Նախորդ ակումբը՝ «Սևիլիա»

ԵՎՐՈ-2020-ին ուշադրությամբ հետևած երկրպագուները հիմա հաստատ զարմացան։ Տոմաշ Վացլիկը լավագույններից մեկն էր Չեխիայի հավաքականի կազմում։ Մրցաշարում նա ընդամենը 4 գնդակ է ընդունել սեփական դարպասը, կատարել է 14 սեյվ։ Նույնքան սեյվ ունի օրինակ Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ Իսկ եզրափակիչում հայտնված թիմերի դարպասապահները Վացլիկից ավելի քիչ սեյվ են կատարել․ Պիկֆորդը իր թիմին փրկել է 11 անգամ, Դոնարուման՝ 9 անգամ։ Ակնհայտ է, որ Չեխիայի հավաքականին ավելի շատ են գրոհել, բայց սրանք իսկապես տպավորիչ թվեր են անկախ ամեն ինչից։ Ու այս ամենի հետ Վացլիկը գալիք մրցաշրջանից առաջ մնացել է առանց թիմ։

Czech Republic Euro 2020: Best players, manager, tactics, form, strengths, weaknesses and chance of winning | Squawka

Անցած մրցաշրջանում չեխ դարպասապահն ամբողջությամբ կորցրեց տեղը «Սևիլիայի» մեկնարկային կազմում։ Անդալուսական ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին սկսեց վստահել Յասին Բոնոյին։ Այնպես չէ, որ Բոնոն երիտասարդ է ու նոր է սկսել խաղային կարիերան։ Սակայն «Ժիրոնայից» մեկ տարով վարձակալությամբ «Սևիլիա» եկած, իսկ հետո նրանց հետ պայմանագիր կնքած դարպասապահի խաղը ստիպեց իսպանացի մարզչին դարպասապահի դիրքում փոփոխություն կատարել։ Վացլիկը կորցրեց տեղն մեկնարկային կազմում ու հիմա առանց ակումբի է մնացել։

Թերևս հենց ԵՎՐՈ-ում ցուցադրած տպավորիչ խաղը հուշում է, որ չեխ դարպասապահը երկար ժամանակ առանց ակումբի չի մնա։ Կան տեղեկություններ, որ Վացլիկի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլին»։ Ճիշտ է, այնպես չէ, որ Վացլիկի տեղը կազմում ապահովված է լինելու, սակայն նա կարող է պայքարել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա