Logo

Հաբեթնակ Կուրղինյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:07 / 01.04.2022Ըմբշամարտ
Բացառիկ
Հաբեթնակ Կուրղինյան-2022

Ազատ ոճի հայ ըմբիշները 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ նվաճեցին Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը:

ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ԳՈՏԵՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Ճիշտ եք նկատել՝ Արսենը փոքր-ինչ դժվար է մեկնարկում, բայց եզրափակիչներին ավելի լավ է տրամադրվում։ Կա նման խնդիր, բայց դա պայմանավորված է նաև մրցակցի գործոնով։ Իրավիճակները տարբեր են լինում։ Բոլոր մարզիկներն էլ ունենում են անհարմար մրցակիցներ։

Ամեն դեպքում՝ կիսաեզրափակիչն իրոք դժվար ստացվեց։ Լեհաստանը ներկայացնող ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով։ Նշանակում է՝ Արսենի մոտ ինչ-որ բան չէր ստացվում, բայց հետո մեր մարզիկը հավաքվեց և կարողացավ հաղթական բեկում մտցնել պայքարի ընթացքում։

0:6-Ի ԺԱՄԱՆԱԿ ԻՐ ԽՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ոչինչ չէի մտածում։ Տեսնում էի, որ Արսենը պարտվում է մի փոքր դանդաղելու պատճառով։  Նա կարծես դեռ չէր «մտել» գոտեմարտի մեջ, չէր հավաքել անհրաժեշտ արագություն. իր տեմպը չէր։

Հասկանում էի, որ ավելի տեմպային գոտեմարտ վարելու դեպքում կհաղթի։ Նրան ժամանակ էր պետք «տաքանալու» համար։ Տեսնում ու հասկանում էի դա, քանի որ գիտեի, թե երբ է նրա մոտ լավ ստացվում։ Արսենը տեմպային մարզիկ է»:

ԵԶՐԱՓԱԿԻՉԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իհարկե, անհրաժեշտության դեպքում զրուցում ենք մարզիկների հետ։ Դա կարևոր է, բայց որոշակի սահմաններում չարաշահելն էլ լավ չէ, քանի որ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

Եզրափակիչին սովորականի պես էինք պատրաստվել։ Անշուշտ, տրամադրելու և տրամադրվելու կարիք կար. ամեն դեպքում Եվրոպայի առաջնության եզրափակիչն էր։ Բոլորս էինք լարված։ Դա միայն գոտեմարտից հետո անցավ»։

ԹՈՒՐՔ ԸՄԲԻՇԻ ԴԵՄ ՎՃՌՈՐՈՇ ԳՈՏԵՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Այստեղ առաջին վայրկյանից ամեն ինչ պարզ էր։ Արսենը հաղթում էր 6։0, այնուհետև՝ 8։0 հաշվով։ Արդեն նույնիսկ միջամտելու խնդիր չկար։

Այս անգամ նա հենց սկզբից պայքարին հաղորդեց այն տեմպը, որի պակասը որոշ բարդություններ էր առաջացրել կիսաեզրափակչում։ Եզրափակիչում Արսենը պարզապես խնդիր չուներ՝ 15։3։

Մրցակիցը գոտեմարտի ընթացքում ոտքը ցավեցրեց։ Դա տեղի ունեցավ վերջում, երբ արդեն ամեն ինչ պարզ էր։ Չեմ կարող հստակ ասել, թե ինչ պատահեց։ Հնարավոր է՝ ոչինչ էլ չէր եղել, որովհետև թուրք ըմբիշը գիտեր կամ կռահում էր, թե Արսենը հաջորդիվ ինչ հնարք է կիրառելու, և մարզական խորամանկության դիմեց։ Հնարավոր է նաև, որ իսկապես վնասվածք էր ստացել. չեմ կարող ասել»։

ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԳՈՏԵՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Նա իրոք մոտ էր չեմպիոն դառնալուն. 1 միավորի տարբերությամբ զիջեց վրացի ըմբիշին։ Գուցե նման կարգավիճակի գոտեմարտերի մասնակցելու, այդ կարգի մրցակիցների հետ պայքարելու փորձը չբավարարեց։ Անհրաժեշտ է մի քանի տեխնիկական հնարք հղկել, շտկել, ավելացնել, և Արմանի մոտ ամեն ինչ կստացվի։ Նա նույնպես ոսկե մեդալի համար պայքարող մարզիկ է»։

ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Մանվելի արդյունքից գոհ եմ. լավ գոտեմարտեր անցկացրեց»։

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մինչև համաշխարհային ստուգատեսը շարք կվերադառնա նաև վնասվածքից ապաքինվող Թևանյան Վազգենը։ Ունենք 4-5 մարզիկ, որոնք որևէ մեկի համար հեշտ մրցակից չեն։

Շատերը չեն ուզենա մրցումների ընթացքում հանդիպել նրանց։ Արսենը, Վազգենը, Արմանը, մեր մյուս տղաները մինչև այժմ իրենց գրանցած արդյունքներով ապացուցել են, որ կարող են խնդիր առաջացնել ցանկացած մրցակցի համար։ Սպորտում պատահականություններ գրեթե չեն լինում. մեր տղաների հաղթանակներն ու մեդալները վկայում են կայուն աճը, արդյունքի օրինաչափությունը»։

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ դժվար է որևէ բան հստակ ասել։ Տարեսկզբին հավաքներ և մրցաշարեր էինք նախատեսել Ռուսաստանում, բայց մրցումներ կան, որ չեղարկվել են կամ հնարավոր է չեղարկվեն։

Ամեն դեպքում հիմա մոտ 50 օր կհանգստանանք, որից հետո կսկսենք պատրաստվել աշխարհի առաջնությանը։ Հավանաբար կմասնակցենք 1-2 ստուգողական մրցաշարի, բայց դրանց վայրն ու ժամկետը դեռ հստակեցման կարիք ունեն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա