Logo

Հաբեթնակ Կուրղինյան. «Վազգեն Թևանյանը լիովին ապաքինվել է վնասվածքից» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:04 / 25.08.2022Ըմբշամարտ
Բացառիկ
Վազգեն Թևանյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլում է։

Սեպտեմբերի 10-18-ը կայանալիք ԱԱ-ին հայտավորված հայ 6 ըմբիշները հաջորդ շաբաթվա սկզբից կանցկացնեն վերջին ուսումնամարզական հավաքը։ Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը VNews-ին հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթները նվիրվելու են կատարած աշխատանքի ամբողջացմանը և մարզիկների որակների վերջնական հղկմանը։

Գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ թիմը նոր է վերադարձել Ռուսաստանում անցկացրած հերթական հավաքից և կարճատև դադարից հետո կվերսկսի մարզումները։

«Օրեր առաջ ենք վերադարձել Կիսլովոդսկից։ Հավաքին ընդգրկել էինք աշխարհի առաջնությանը պատրաստվող տղաներին։ Այնտեղ մարզումները հիմնականում տակտիկա-տեխնիկական ուղղվածություն ունեին։ Չէինք մոռացել նաև մարզումային գոտեմարտերի մասին։ Բոլոր ըմբիշներն էլ դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և նվիրվածություն։ Գոհ եմ նրանց կատարած աշխատանքից և մոտեցումից։ Այս պահին նրանց մարզավիճակն ընդհանուր առմամբ գոհացնում է։ Կարճատև դադարից հետո հաջորդ շաբաթվա սկզբից Երևանում կանցկացնենք վերջին հավաքը, որի ընթացքում կամփոփենք կատարած ամբողջ աշխատանքը»,- նշեց Հաբեթնակ Կուրղինյանը։

Մարզչի խոսքով՝ առաջիկա հավաքի ընթացքում ուշադրություն է դարձվելու տակտիկական և տեխնիկական աշխատանքին ու մարզումային գոտեմարտերի անցկացմանը։ Հիմնական կազմի մարզիկներից բացի, հավաքին ներգրավված են լինելու նաև նրանց մարզումային մրցակիցները։

«Հիմա մեր գլխավոր նպատակն է շտկել, մաքրել դեռևս առկա որոշ թերությունները»,- ընդգծեց մասնագետը։

Հաբեթնակ Կուրղինյանը հայտնեց, որ 2020 թվականի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է դարձյալ ուրախացնել երկրպագուներին։ 

Անդրադառնալով ԱԱ-ում հավաքականի կազմին՝ մարզիչը նշեց, որ ընտրվել են առավել պատրաստ, միջազգային ասպարեզում իրենց լավագույնս դրսևորած և արդեն անհրաժեշտ փորձառություն ունեցող ըմբիշները։ Հայաստանը մասնակիցներ չի ունենալու ծանր քաշային կարգերում, ինչն, ըստ Կուրղինյանի, պայմանավորված է աշխարհի առաջնության մակարդակին համապատասխանող մարզիկների բացակայությամբ։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբիշներից Բելգրադում մրցագորգ են դուրս գալու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 12-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա