Logo

«Թևանյանը վերականգնում է իր լավագույն որակները». Հաբեթնակ Կուրղինյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:32 / 14.06.2022Ըմբշամարտ
Բացառիկ
Habetnak Kurghinyan

Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը պատրաստվող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն Իրանում մասնակցել է Օլիմպիական չեմպիոն Թախտիի հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարին։ Նախապատրաստական այս փուլի անդրանիկ փորձամրցումից մեր մարզիկները վերադարձել են 1-ական ոսկե ու արծաթե, 2 բրոնզե մեդալով։ Ընդ որում՝ ստուգատեսում հաղթած 2020 թվականի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը, կարելի է ասել, պատմական արդյունք է գրանցել։ Մրցաշարի արդյունքների և հավաքականի հետագա ծրագրերի մասին VNews-ին պատմել է մեր ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Հարազատ 65 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Թևանյանն առաջին մրցմանն է մասնակցել ծնկի վնասվածքից ու դրան հաջորդած վիրահատությամբ պայմանավորված տևական ընդմիջումից հետո։ 22-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ, եզրափակիչում 4։3 հաշվով հաղթել է իրանցի մարզիկին։ Թիմակցի հաջողությունը կրկնելուն մոտ էր այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ), որը, տանելով երեք հաղթանակ, միայն եզրափակիչում է զիջել կազմակերպիչ երկրի ներկայացուցչին՝ աշխարհի անցյալ տարվա փոխչեմպիոնին։ Բրոնզե պարգևների են արժանացել Արսեն Հարությունյանը (61 կգ) և Խաչատուր Պապիկյանը (74 կգ)։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն տանտերերին։

«Մրցաշարին 21 ըմբիշ էինք ներկայացրել՝ ընդգրկելով նաև մինչև 23 տարեկանների հավաքականի մարզիկների։ Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Պետք է նշեմ, որ Հայաստանի անկախանալուց հետո միայն մեկ հաղթող էինք ունեցել այս մրցաշարում։ Արդեն հեռավոր 1995 թվականին նման հաջողության էր հասել աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանը։ Եվ ահա՝ նոր հաղթանակ։ Դա նշում եմ նաև նրա համար, որպեսզի հասկանալի լինի, թե որքան բարդ մրցաշար է Թախտիի գավաթի խաղարկությունը»,- VNews-ին հայտնեց Կուրղինյանը։

Անդրադառնալով Թևանյանի հաղթական վերադարձին՝ գլխավոր մարզիչն արձանագրեց, որ հաշվի առնելով վնասվածքից նոր վերականգնվելու հանգամանքը՝ երիտասարդ մարզիկը միանգամայն լավ տպավորություն թողեց։

«Ճիշտ է՝ թերություններ նկատվեցին, բայց այս պահին նրա համար ամենակարևորը մասնակցությունն էր, միջազգային գոտեմարտեր անցկացնելը։ Բացթողումները միասին արձանագրեցինք և հիմա կանցնենք դրանք շտկելուն: Բավականաչափ ժամանակ ունենք դրա համար։ Կարող եմ ասել, որ Վազգենը որոշ չափով վերականգնել է իր որակները։ Առհասարակ, բոլոր տղաներն էլ լավ տպավորություն թողեցին՝ հաշվի առնելով, որ մրցաշարին մեկնել էինք Ծաղկաձորում անցկացրած ընդհանուր ֆիզիկական պատրաստականության հավաքից հետո։ Այսինքն՝ մինչև մրցումը գորգի վրա մասնագիտական մարզումներ չէինք անցկացրել։ Ի դեպ, այս փուլում բարձր արդյունքներ չէին էլ պահանջվում։ Սա զուտ ճանաչողական մասնակցություն էր, որը շատ կարևոր էր նախապատրաստական այս փուլում»,- ներկայացրեց մարզիչը։

Հաբեթնակ Կուրղինյանը հայտնեց նաև, որ մեկ շաբաթից հավաքականը Երևանում կանցկացնի կարճ հավաք, որից հետո վերջնականապես կհստակեցվեն հետագա անելիքները։ Հնարավոր է՝ հաջորդ հավաքներից մեկը կազմակերպվի Ռուսաստանում կամ այլ երկրում։ Հուլիսին նախատեսված է մասնակցել ևս մեկ ստուգողական միջազգային մրցաշարի Լեհաստանում կամ Ռումինիայում։ Նա նշեց, որ աշխարհի առաջնության մեր մասնակիցների նեղ շրջանակն արդեն հայտնի է. կազմում լինելու են արդեն բոլորին քաջ հայտնի և միջազգային խոշոր մրցումներում իրենց լավագույն կերպով դրսևորած ըմբիշները։ Մյուս հստակեցումները կկատարվեն արդեն մարզումների ընթացքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա