Logo

Բա հիմա՝ ո՞ւր. 5 ակումբ, որտեղ Մեսին կարող է շարունակել կարիերան

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 07.08.2021ՍՊՈՐՏ
Untitled 2 1 - Բա հիմա՝ ո՞ւր. 5 ակումբ, որտեղ Մեսին կարող է շարունակել կարիերան

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ չէ ու չի էլ լինի: Որքան էլ դժվար լինի պատկերացնելը՝ այս մտքի հետ պետք է հաշտվեն բոլորը: «Բարսելոնան» իր կյանքը շարունակելու է առանց Մեսիի, իսկ արգենտինացին փորձելու է անհատական ու թիմային նվաճումների հասնել այլ ակումբւմ:

Մեսին դեռ ազատ գործակալի կարգավիճակ ունի և առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում կունենա նոր ակումբ: Փորձենք հասկանալ՝ կարիերան շարունակելու ինչ տարբերակներ ունի արգենտինացին:

1. ՊՍԺ

Մեսիի՝ կարիերայի շարունակության առաջին տարբերակը ՊՍԺ-ն է՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական հնարավորություններն ու մարզական հավակնոտ ծրագիրը: ՊՍԺ-ն 2 ամիս առաջ փորձում էր կապ հաստատել Մեսիի հետ, բայց ֆուտբոլիստը պարզ հասկացրել էր, որ մտադիր է մնալ «Բարսելոնայում»: ՊՍԺ-ն հույսը կտրել էր, բայց իրավիճակը փոխվեց:

Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու լուրն իմանալուն պես փարիզյան ակումբն անցել է գործի: Այդ մասին գրում է մամուլն ու, իհարկե, Ֆաբրիցիո Ռոմանոն:

  • ՊՍԺ-ն միանգամից կապ է հաստատել Մեսիի ու նրա գործակալների հետ և այժմ քննարկում է նրա հետ համագործակցության պայմանները:
  • Փարիզյան ակումբը վստահ է՝ ընդհանուր հայտարարի կգա Մեսիի ներկայացուցիչների հետ, միայն թե ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները թույլ տան նրանց պայմանագիր կնքել արգենտինացու հետ:
  • Մեսին ցանկանում է մի փոքր դադար վերցնել՝ «Բարսելոնայից» շոկային կերպով հեռանալուց հետո, բայց ՊՍԺ-ն չի դադարելու նրա հետ պայմանագիր կնքելու փորձերը: Նեյմարը խոսել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ ու խնդրել նրանց՝ ամեն ինչ անել Մեսիին ձեռք բերելու համար:

ՊՍԺ-ի համար գլխավոր խոչընդոտը նույնպես ֆինանսական ֆեյր-փլեյն է, որը սահմանափակում է աշխատավարձերի ֆոնդի չափը: Այս պահին ՊՍԺ-ն դեռ պետք է 180-ից 200 մլն եվրոյի վաճառք իրականացնի՝ կանոնները պահպանելու համար: Նրանք արդեն ձեռք են բերել Դոնարումային, Ռամոսին, Վեյնալդումին, իսկ Հաքիմիի համար վճարել են 70 մլն եվրո: ՊՍԺ-ն ունի երկու տարբերակ. կամ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանում է՝ վաճառելով Կիլիան Մբապեին (այդ դեպքում բոլոր հարցերը կփակվեն), կամ վաճառում է Իկարդիին, Սարաբիային, Հերերային, Կեյլոր Նավասին, Սերխիո Ռիկոյին, Կերերին, Դանիլոյին ու Կուրժավային, ինչն անհամեմատ ավելի դժվար է, քանի որ ամեն ինչ չէ, որ կախված է իրենցից:

Nasser Al-Khelaifi : "Pochettino ne m'a jamais dit qu'il voulait partir" - Sport.fr

Մեսիի համար, մարզական առումով, ՊՍԺ-ն լավ տարբերակ է: Հավաքվել է բավական մրցունակ թիմ, որ պայքարելու է բոլոր տիտղոսների համար, իսկ նա իր կողքին ունենալու է իր լավագույն խաղընկերներից մեկին՝ Նեյմարին, ինչպես նաև Արգենտինայի հավաքականում խաղընկերներ Անխել դի Մարիային և Լեանդրո Պարեդեսին: Եթե Մբապեն մնա, Մեսին կխաղա Մբապեի ու Նեյմարի թիկունքում, իսկ եթե նա հեռանա, Մեսին կգործի կենտրոնից, Նեյմարն ու դի Մարիան՝ եզրերից:

2. «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» նախորդ տարի Մեսիի կարիերայի շարունակության համար մեկ թեկնածուն էր: Բայց մեկ տարվա ընթացքում շատ բան փոխվեց:

Նախ՝ մինչև երեկ ոչ մի թիմ չէր կարող պատկերացնել, որ Մեսին կհեռանա «Բարսելոնայից»: «Մանչեսթեր Սիթին» էլ արդեն կազմել էր իր ծրագրերը, որում կային 2 ֆոտբոլիստ՝ Ջեք Գրիլիշ և Հարի Քեյն: Գրիլիշի տրանսֆերը «Սիթին» հայտարարեց Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու լուրից րոպեներ անց: Ավելին՝ «Սիթին» «Ասթոն Վիլային» ֆուտբոլիստի համար վճարեց 117 մլն եվրո, Գրիլիշն էլ վերցրեց 10 համարի մարզաշապիկը:

Գուցե՝ ամեն ինչ այլ լիներ, եթե Մանչեսթերում իմանային, որ Մեսին հեռանալու է «Բարսելոնայից»: Այժմ ամեն ինչ շատ ավելի բարդ է, «Սիթիում» էլ հարձակման գծում արդեն խցանում է: Այնուամենայնիվ՝ կա փոքր հավանականություն, որ գործարքը կիրականանա: Եթե «Սիթին» հրաժարվի իր մյուս թիրախից՝ Քեյնից և այդ գումարը վճարի Մեսիին՝ որպես աշխատավարձ:

Guardiola: "I am still thinking that the Barça is the best of the world"

Մեսիի համար «Սիթի» տեղափոխվելը ևս լավ տարբերակ է: Վերամիավորում՝ Գվարդիոլայի հետ, փորձ՝ Պրեմիեր լիգայում, և կրկին հավակնոտ ծրագիր՝ ևս մեկ ՉԼ/«Ոսկե գնդակ» նվաճելու համար: «Սիթին», այդ դեպքում, կշարունակի խաղալ առանց նոմինալ կենտրոնական հարձակվողի: Մեսին կգործի կենտրոնում՝ որպես կեղծ 9 համար, եզրերից կխաղան Ջեք Գրիլիշն ու Ռահիմ Ստեռլինգը, իսկ թիկունքում՝ Ռոդրին, դե Բրույնեն և Ֆոդենը:

3. «Չելսի»

Մեսիի համար Պրեմիեր լիգա տեղափոխվելու այլ տարբերակ ևս կա: Լոնդոնի «Չելսին» ունի ֆինանսական հնարավորություն և մարզական գրավիչ նախագիծ՝ Մեսիին գրավելու համար:

Լոնդոնյան ակումբը դեռ ոչ մի ձեռքբերում չի կատարել Տուխելի ժամանումից և Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո: Աբրամովիչը պատրաստել է բավական կլորիկ գումար՝ կենտրոնական պաշտպանի և կենտրոնական հարձակվողի տրանսֆերների համար: Կենտրոնական պաշտպանի հարցով «Չելսին» բանակցում է «Սևիլիայի» հետ՝ Ժյուլ Կունդեին գնելու համար: Կենտրոնական հարձակվողի դիրքում «Չելսիի» համար մեկ թեկնածուն «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդն էր, բայց քանի որ դորտմունդյան ակումբը պատրաստ չէ ընդունել 175 մլն եվրոյից ավելի քիչ առաջարկ, «Չելսին» սլաքներն ուղղեց Ռոմելու Լուկակուի կողմը, որի համար պատրաստ է առաջարկել 130 մլն եվրո:

Բայց «Չելսիի» ծրագրերը կարող են փոխվել: Հնարավոր է՝ լոնդոնյան ակումբը հրաժարվի Լուկակուից և այդ 130 մլն եվրոն վճարի Մեսիին՝ որպես աշխատավարձ: «Չելսիում» Մեսին նույնպես կխաղա կեղծ 9 համարի դիրքում: Իրենից ձախ կխաղա Տիմո Վերները, իսկ աջ եզրում կօգնի Կայ Հավերցը:

Մեր ընտրանին

4. «Յուվենտուս»

Մեսիի՝ կարիերան շարունակելու 4-րդ տարբերակն Իտալիայում է:

«Բարսելոնայի» շոկային հայտարարությունից հետո շատերի մտքին միանգամից եկավ «Յուվենտուսը»՝ հասկանալի պատճառներով: Երկրպագուների մեծամասնության երազանքն է Մեսիին ու Ռոնալդուին տեսնել միևնույն թիմում: Ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ կլիներ, եթե նրանք իրենց ամբողջ կարիերայի ընթացքում միմյանց դեմ մրցակցելուց հետո խաղային միասին: Բայց, ինչպես Ժոան Լապորտան էր հայտարարել, պետք չէ իրականությունից կտրվել: Ֆուտբոլում, գոնե այս ժամանակահատվածում, ռոմանտիկա չկա: «Յուվենտուսը» նույնիսկ Մանուել Լոկատելիին չի կարողանում գնել, իսկ Ռոնալդուին ու Մեսիին միասին թիմում պահելը ֆանտաստիկայի ժանրից է: Մեսիին գնելու միակ հնարավորությունը Ռոնալդուից ազատվելն է:

Ronaldo tops Messi with 2 goals as Juventus beats Barcelona 3-0 | Daily Sabah

Այնուամենայնիվ՝ եթե մի պահ պատկերացնենք, որ Մեսին գալիս է «Յուվենտուս», ապա թուրինցիները կխաղան երկու խաղարկողներով. Մեսին ու Պաոլո Դիբալան կգործեն Կրիշտիանու Ռոնալդուի թիկունքից: Նրանք կմատակարարեն գնդակները, Ռոնալդուն էլ կխփի գոլերը:

5. «Ինտեր»

Ա սերիայում միայն «Յուվենտուսը» չէ, որտեղ կարող է խաղալ Մեսին:

Արգենտինացի հարձակվողը, տեսականորեն, կարող է համալրել «Ինտերը»՝ հաշվի առնելով նաև այն, որ Մեսին մի քանի անգամ հայտարարել է մի օր «ներաձուրիների» կազմում խաղալու իր ցանկության մասին: «Ինտերը» ֆինանսական բարդ դրության մեջ էր նախորդ մրցաշրջանի ավարտից հետո: Ակումբի ղեկավարությանը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հայտնեց, որ պատրաստ չէ կատարել իտալացի մասնագետի տրանսֆերային պահանջները, ինչից հետո Կոնտեն որոշեց հեռանալ: «Ինտերը» վաճառեց նաև նախորդ մրցաշրջանի իր լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Աշրաֆ Հաքիմիին, հիմա էլ մոտ է Ռոմելու Լուկակուին վաճառելուն:

Եթե «Ինտերը» վաճառի բելգիացուն ու ստանա 130 մլն եվրո, կարող է մտածել Մեսիի հետ պայմանագիր կնքելու մասին: Մեսին, ֆինանսական տեսանկյունից, բացառություն է, քանի որ նա իր ժամանումով կկրկնապատկի «Ինտերի» եկամուտները, իսկ մարզական առումով տիտղոսներ հաղթելու հավանականությունը:

Messi is sincere: "Everything I did was thinking about the best for Barça"

«Ինտեր» տեղափոխվելու դեպքում Մեսին կխաղա Արգենտինայում իր ամենամտերիմ ընկերներից մեկի՝ Լաուտարո Մարտինեսի կողքին՝ որպես ենթահարձակվող: Նրանց թիկունքում՝ խաղարկողի դիրքում կխաղա Հաքան Չալհանողլուն, ապաքինվելու դեպքում նաև Քրիստիան Էրիկսենը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա