Logo

Լիլի Էլբակյան. բացահայտելով «Չնչիկի հերոսուհուն»

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 19.04.2022Կինո
Բացառիկ
Լիլի Էլբակյան

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, 3-րդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը:

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակի արժանացավ դերասանուհի Լիլի Էլբակյանը՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար: Սա պատմություն է մի աղջկա մասին, որի «ուրիշ» լինելը չընդունեց ու չհանդուրժեց պատրիարխալ հասարակությունը։

Լիլի Էլբակյան 1

Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը 18 տարի անց առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում։ 

Լիլի Էլբակյան 2

Այս առիթով VNewsCulture-ը զրուցել է Լիլի Էլբակյանի հետ`

- Հարցազրույցը սկսենք այսպես՝ ո՞վ է Լիլին:

-Լիլին մայր է, կին, դերասանուհի, ռեժիսոր, դասախոս և, իհարկե, սովորական մարդ՝ իր առավելություններով և թերություններով:

- Ո՞վ է Լիլիի հանդիսատեսը:

-Իմ հանդիսատեսը ժողովուրդն է, հավես երիտասարդությունը: Ամենից հաճախ իմ բեմադրությունների հանդիսատեսը երեխաներն են իրենց մայրերի ուղեկցությամբ, որոնք ինձ ճանաչում են որպես «Սառցե սրտի», «Գտնված երազի», «Մարդուկ ջարդուկի» ռեժիսոր: Ի դեպ, հպարտ եմ, որ ստեղծագործում եմ երեխաների համար, որ կարողանում եմ ուրախացնել նրանց և, որ ամենակարևորն է, սովորեցնել երազել:

Լիլի Էլբակյանը, իր առաջին դերն ու Չնչիկը...

-Ի՞նչը կփոխեիք Ձեր խաղում, ի՞նչ խորհուրդ կտայիք «Չնչիկի» այն փոքրիկ Լիլիին:

-«Չնչիկն» իմ առաջին դերն էր լուրջ կինոյում: Այսօր, իհարկե, այլ կերպ կմարմնավորեի հերոսուհուն, խաղս այլ կլիներ: Այսօրվա Լիլին այն փոքրիկ Լիլիին խորհուրդ կտար ավելի քիչ «խաղալ», սցենարն ամբողջական մտքում պահել: Բայց նաև խոստովանում եմ, որ այն էնտուզիազմը, որով մարմնավորել եմ գլխավոր հերոսուհուն, այսօր կարող էր և չլինել, քանզի այն ժամանակ ես իսկապես ապրում էի «Չնչիկով»: 

Օրեր առաջ հաղթել եք «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, այն էլ՝ երկար տարիների սպասումից հետո: Ինչպիսի՞նն են զգացողությունները:

-Պետք է խոստովանեմ, որ մրցույթների սիրահար չեմ: Պարտվելու դեպքում կոտրվելու վախ ունեմ, հավանաբար: Հենց այդ պատճառով էլ շատ դեպքերում պարզապես չեմ մասնակցում մրցույթների: «Անահիտ» մրցանակաբաշխությանը մասնակցությունն այլ էր. ֆիլմը նոր չէր ու, անկեղծ, չէի մտածում, որ կհաղթեի: Հաղթանակն անսպասելի էր ինձ համար: 

Ես ինձ հաղթած չեմ զգում, ես ինձ գնահատված եմ զգում, դրանք տարբեր են: 

Ինչպիսի՞նն է Լիլին էկրաններից այն կողմ, իրական կյանքում:

-Իրական կյանքում Լիլին իրական է, ինչպես միշտ է՝ անկեղծ ու անչափ էմոցիոնալ: Սիրում եմ ապրել ու ապրեցնել, աղոթել, սիրել, հավատալ Աստծուն ու վստահ լինել, որ Աստված ինձ սիրում է:

-Ստեղծագործել, երբ պատերազմ է, կարողանո՞ւմ եք:

-Պատերազմը միայն ուժեղացնում է ինձ: Այո, արվեստը պետք է ապրի, որ ապրեցնի, հետևաբար պետք է գործել, մեր գործերն են մնայուն:

Լիլի Էլբակյան 3

  • Լիլի Էլբակյանի սիրո բանաձևը....սիրիր դիմացինին քո անձի պես։

  • Ինչի՞ց է վախենում Լիլին...չհասկացված լինելուց։

  • Լիլին երբեք չի ների ... ես երբեք չեմ ասում երբեք, Լիլին ամեն ինչ կների։

  • Լիլին երջանի՞կ է...երբ զգում է այդ երջանկության պահը, քանզի երջանկությունն ակնթարթ է, ոչ թե կայուն վիճակ։

  • Կինո՞, թե՞ թատրոն...թատրոն։

  • Լիլին երազում է....հայտնվել անմարդաբնակ կղզում, գեթ 1 օրով (ժպտում է)։

  • Սիրելի ֆիլմը...Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհը» (La Strada), Ինյարիտուի «Love's a Bitch»-ը (Amores Perros):

  • Սիրելի գիրքը... Բորիս Վիան` «Օրերի փրփուրը»:

  • Սիրելի զբաղմունքը...երգեր ստեղծել կիթառով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա