Logo

Մաս 1. Բացառիկ պատմություններ Ռեմբրանդտի կյանքի և կտավների մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:30 / 10.06.2022Արվեստանոց
Ռեմբրանդտ

Ձեզ ենք ներկայացնում պատմություն, որ կազմված է երկու մասից, և որի գլխավոր հերոսը Ռեմբրանդտն ու իր կտավներն են՝ ներկայացված բացառիկ պատմություններով, որոնց մասին, գուցե, երբեք չեք լսել:

Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:

ՄԱՍ 1

1656 թվականի օոստոսին, Ամստերդամի պանդոկներից մեկի դռների մոտ ահռելի մի բազմություն էր հավաքվել: Մարդկանց մի փոքրիկ մասն, ըստ երևույթին, այնտեղ էր գտնվում գործնական նկատառումներով, իսկ մյուսները, որ ոչ մի անելիք չունեին, եկել էին միայն ժամանակ անցկացնելու, գուցե նաև զվարճանալու համար: Նման աճուրդներ շատ էր տեսել Ամստերդամը: Բախտն ու հաջողությունը հաճախ էին լքում իրենց ընտրյալներին, ու գալիս էր մի պահ, երբ երեկվա մեծահարուստի ամբողջ կարողությունը հանում էին փողոց, դնում աճուրդի: Սնանկանում էին մանր և խոշոր առևտրականները, դեռ նոր ձևավորվող արդյունաբերության առաջին տերերը: Ամբոխը հաճույք էր զգում նրանց ստորացումից: Ամբոխը չէր խղճում նրանց, ամբոխը ծիծաղում էր:

Իսկ այսօրվա աճուրդն արտակարգ էր: Գիտակներն անգամ չէին հիշում, թե վերջին անգամ ո՛ր նկարիչն էր այն աստիճանի սնանկացման հասել, որ նրա կարողությունը փողոց հանեին:

Եվ ահա, երկար տարիներից հետո պատահել էր այդ դեպքը, աճուրդի էր հանվել Ռեմբրանդտ վան Ռեյնի Բրեեստրաատ փողոցի վրա գտնվող տան ողջ ունեցվածքը՝ սկսած տնային օգտագործման իրերից, հագուստներից, վերջացրած բազմաթիվ նկարներով, որոնց մեծամասնության հեղինակն ինքն էր՝ Ռեմբրանդտը: 

Աճուրդը վարողի ամեն մի խոսքն ուշադրությամբ կլանող ամստերդամցիները չնկատեցին էլ միջահասակ, ամուր կազմվածքով, արդեն սպիտակող մազերով մարդուն, որը մի կողմ քաշված լուռ հետևում էր հրապարակում ծավալվող իրադարձություններին: Դժվար էր ասել, թե երբ էր եկել նա, գուցե վաղ առավոտից էր այնտեղ, իսկ գուցե հենց նոր անցել էր պանդոկի կողքով և մի պահ կանգ առել: Նա կանգնեց ևս մի քանի րոպե, հետո տարօրինակ մի շարժումով ուսերի մեջ քաշեց գլուխն ու արագ քայլերով ուղղություն վերցրեց դեպի քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկը: 

Դա 17-րդ դարի և բոլոր ժամանակների հոլանդացի ամենամեծ նկարիչ Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնն էր: 


 Rembrandt - Rijksmuseum

«Գիշերային պարեկ» ստեղծագործությունը


...Այդպես ավարտվեց անհաջողությունների երկար շղթան, որը սկսվել էր 1642 թվականից, այն ժամանակներից, երբ նա նկարեց իր գլուխգործոցներից մեկը՝ հետագայում «Գիշերային պարեկ» անվանված «Կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի և լեյտենանտ Վիլլեմ վան Ռայտենբարխի գումարտակը» կտավը: Տարաձայնությունները, որ գոյություն ունեին պատվիրատուների և այն ժամանակ դեռևս փառքն ու բարեկեցությունը չկորցրած նկարչի միջև, «Գիշերային պարեկից» հետո ավելի խորացան, որ վերջապես դառնան ահռելի մի անդունդ:

Լեյդենցի ջրաղացպանի որդուն դժվար էր սովորական մարդ անվանել: Ռեմբրանդտը հակասությունների մի իսկական կծիկ էր, անհատականություն, որին երբեմն ինքն իսկ ի վիճակի չէր լինում հասկանալ: Նա ուսումնասիրում էր իրեն ամեն օր, ամեն ժամ, հայելու առաջ կանգնած, երբեմն՝ արևելյան էկզոտիկ հագուստներով, ուրախ ու զվարթ, երբեմն՝ իր մտքերի ու հոգսերի մեջ թաղված, մտասույզ ու մռայլ, ամեն ինչից հոգնած: Տառապանքը, ըստ երևույթին, նրա համար դարձել էր սովորական մի հոգեվիճակ, որը երբեք չէր կարող խանգարել ամենօրյա աշխատանքին, ստեղծագործական որոնումներին: 

Նրա երկար կյանքի միայն տասը տարիները կարելի է ինչ-որ չափով անհոգ համարել: Դա 1631 թվականից հետո էր, երբ նա, Ամստերդամ գալով, արագորեն լայն ճանաչում ձեռք բերեց, ամուսնացավ սիրելի կնոջ՝ Սասքիայի հետ, սկսեց աշխատել, պարապել բազմաթիվ աշակերտների հետ: Ասում էին՝ Ռեմբրանդտը ժլատ էր, փող կուտակելու կատաղի մոլուցքով տարված: Բայց այդ «փողասեր» մարդը ոչինչ չէր խնայում արևելյան արդուզարդեղեն, հազար ու մի տեսակ հագուստներ, գեղանկարչական ստեղծագործություններ գնելու համար: Դրանցով նա ուղղակի լցրել էր իր տունը, բայց էլի գնում էր, պարտք էր անում, մուրհակներ բաժանում սրան նրան:


Wife of the Painter Rembrandt

Ռեմբրանդտի կինը՝ Սասքիան


Սակայն այդ երջանիկ տարիներն էլ առանց տառապանքի չէին անցնում. իրար հետևից մահացան երեք երեխան, իսկ 1642-ին, «Գիշերային պարեկից» անմիջապես հետո մահացավ նաև կինը՝ Սասքիան: Ռեմբրանդտի համար դա մեծ հարված էր, նա սիրում էր խոր, անդավաճան սիրով, և դա նրա կյանքի միակ իսկական սերը մնաց: Ավելացել է չարախնդողների բանակը, չկա Սասքիան, միակ մխիթարանքը որդին է՝ Տիտուսը, որը հիմա նկարչության դասեր է առնում հոր մոտ և մեծ հույսեր է ներշնչում: Ռեմբրանդտն ընտանիքի մարդ է, նա պետք է նորից ամուսնանա, զգա ինչ-որ մեկի մշտական հոգատարությունը, դարձյալ նվիրվի նրան, նկարի այնպես, ինչպես մի ժամանակ Սասքիային էր նկարում: Բայց օրենքներն անողոք են, ամուսնության դեպքում որդին՝ Տիտուսը կզրկվի Սասքիայի թողած ժառանգությունից: Եվ Ռեմբրանդտը առանց ամուսնությունը գրանցելու սկզբում ապրում է Գերտյե Դիրկսի, ապա Հենդրիկյե Ստոֆֆելսի հետ: Սա նոր բամբասանքների, չարախոսությունների տեղիք է տալիս: Սակայն Ռեմբրանդտը չի ընկճվում, նա շարունակում է նկարել: 

Աղբյուրը՝ Նարեկ Մեսրոպյանի «Գեղանկարներ և ճակատագրեր» գրքից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա