Logo

Բագրատ Նավոյան. «Չունեմ ֆուտբոլիստներ գողանալու հիվանդություն՝ ի տարբերություն որոշ ակումբների»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
19:53 / 28.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Հայկական ֆուտբոլում իրադարձություններն արագ են զարգանում, իսկ «Ալաշկերտում»՝ սրընթաց: Ակումբը հերթական մարզչական փոփոխությունը կատարեց և զգալիորեն թարմացրեց կազմը: Այժմ թարմացված «Ալաշկերտը» նախապատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, որտեղ ակումբը լուրջ նպատակներ ունի: Այդ և այլ թեմաների մասին VNews-ը զրուցել է «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ:

- «Ալաշկերտն» ինչպե՞ս է նախապատրաստվում նոր մրցաշրջանին.

 - Թիմը նախապատրաստական հավաք է անցկացնում Հանքավանում: Ընկերական խաղերի համար ընտրել ենք Հայաստանում հնարավորինս ուժեղ մրցակիցների՝ «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային»: Այդ հանդիպումները թույլ կտան հասկանալ, թե «Ալաշկերտն» այս պահին ինչ վիճակում է: Հավաքը կշարունակվի մինչև հուլիսի 1-ը, այնուհետև թիմը կվերադառնա Երևան: Հուլիսի 7-ին պետք է արդեն մեկնարկենք եվրագավաթներում: 

- «Ալաշկերտը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Կարեն Բարսեղյանին նշանակելու մասին. ինչու՞ է ընտրությունը կանգ առել հենց նրա վրա.

- Բարսեղյանի հետ նախկինում աշխատել ենք, նա մեծ փորձ ունի: Կարծում եմ՝ հայկական թիմերում պետք է հայ մարզիչներ աշխատեն: Դա ամենաճիշտ որոշումն է: Հայ մարզիչները թե՛ ֆուտբոլիստներին են լավ ճանաչում, թե՛ մրցակիցներին: Իսկ արտասահմանցի մասնագետ հրավիրելու դեպքում հարկավոր է երկար ժամանակ, մինչև նա կծանոթանա թիմին և հայկական ֆուտբոլին: 

- Եթե հայ մարզչի կողմնակից եք, ինչու՞ որոշեցիք բաժանվել Արամ Ոսկանյանից. փաստացի նրա մարզչական շտաբը լուծել էր «Ալաշկերտին» եվրագավաթներ դուրս բերելու խնդիրը. 

 - Ոսկանյանի հետ պայմանավորվել էինք, որ եթե թիմը 3-4 խաղ անհաջող է անցկացնում, նա պետք է հրաժարական տա: Նույն պայմանը գործում է նաև Կարեն Բարսեղյանի հետ: Ոսկանյանը լավ մասնագետ է, բայց մեզ մոտ նրա աշխատանքը չստացվեց: Երեք պարտություն, և մարզիչը փոխվեց: Բարսեղյանն էլ պետք է ձգտի նման արդյունքներ թույլ չտալ, որ աշխատանքից չազատվի: Չգիտեմ՝ ֆեդերացիան կամ մյուսներն ինչպես են պայմանավորվում, բայց մեզ մոտ նման ներքին կարգ կա: 

- Թիմում լուրջ փոփոխություններ են կատարվել. կազմի գրեթե կեսը հեռացել է, և մոտավոր այդքան էլ նորեկներ ունեք. ինչո՞վ էին պայմանավորված նման մեծաթիվ փոփոխությունները. 

- Հրավիրել ենք շատ խաղացողների, որոնց ունակություններին քաջատեղյակ ենք: Օրինակ՝ Սարգիս Շահինյանը, Ռումյան Հովսեփյանը, Անան Մենսան, Տյագո Գալվաոն, որը մեր նախկին առաջատարներից է: Մյուս նորեկների մասին նույնպես հայտարարել ենք: Լավ լուրեր ունենք նաև վնասվածքներից ապաքինվածների վերաբերյալ: Ալեքսանդր Կարապետյանը, որը լուրջ վնասվածք էր ստացել և երկար ժամանակ բաց թողեց, արդեն ապաքինվել է և թիմի հետ է մարզվում: Բարեբախտաբար, ապաքինվել է նաև Տարոն Ոսկանյանը և նույնպես մասնակցում է հավաքին: 

Հարձակման գիծն ուժեղացրել ենք կոլումբիացի երկու ֆուտբոլիստների՝ Բլադիմիր Դիասի և Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոյի միջոցով: Նրանց հետ մեծ հույսեր ենք կապում: Երկար ժամկետով պայմանագիր ենք կնքել և հուսով ենք՝ մեզ շատ կօգնեն հատկապես Կոնֆերենցիաների լիգայում: 

- Հեռացողներից ու՞մ կորուստն եք լուրջ համարում. 

- Գիտեք, որ Ժոզե Էմբալոն հեռացավ: Նա շատ գոլ էր խփում: Բայց սպառվել էր պայմանագրի ժամկետը, և նա որոշեց կարիերան շարունակել արտասահմանում: Դմիտրի Գուզը տեղափոխվել է Ռուսաստան և պայմանագիր կնքել տեղի ակումբներից մեկի հետ: Նա հիանալի մարդ է և նորմալ պաշտպան: 


- Արդյոք ճի՞շտ են շշուկները, թե դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը նույնպես մտադիր է հեռանալ «Ալաշկերտից». 

- Ո՛չ: Նա ոչ միայն ցանկանում է մնալ մեր ակումբում, այլ նաև ամեն ինչ անում է՝ հայկական անձնագիր ստանալու և Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվելու համար: Նա գրեթե 5 տարի է՝ «Ալաշկերտում» է, երկարաժամկետ պայմանագիր ունի և կմնա մեր ակումբում: 

- Ասել էիք՝ իբր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում ձեր մրցակից «Համրուն Սպարտանսն» «Ալաշկերտին» հավասարազոր թիմ է. մի՞թե Մալթան ներկայացնող թիմն այդքան ուժեղ է, թե՞ «Ալաշկերտն» է թուլացել. 

- Միշտ էլ «Ալաշկերտն» ուժեղ է եղել, բայց որպեսզի մեր թիմին շատ չգովենք, ինչպես նաև հաշվի առնենք ֆուտբոլի անկանխատեսելիությունը, կարող ենք ասել, որ հավասար մրցակիցներ ենք: Ամեն ինչ ցույց կտան մեր միջև երկու խաղերը: «Ալաշկերտի» առջև խնդիր է դրված այս տարի նույնպես նորմալ արդյունքի հասնել, որպեսզի ուրախացնենք երկրպագուներին, և հայկական ֆուտբոլն էլ ավելի զարգանա: 

- «Համրուն Սպարտանսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» մրցելու է բոսնիական «Վելեժի» հետ. այդ թիմի մասին ի՞նչ կասեք. 

- Շատ լավ ծանոթ ենք «Վելեժին»: Եթե բարեբախտաբար հաղթահարենք առաջին փուլի արգելքը, ապա երկրորդում նույնպես մեզնից ուժեղ մրցակից չենք ունենա: Նույնպես հավասարազոր և անցանելի մրցակից է: 

- Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի խմբային փուլ մտնելու համար հարկավոր է հաղթահարել բոլոր մրցակիցներին: Այդ նվաճումը կրկնելու հնարավորությունը ինչքա՞ն եք գնահատում. 

- Մենք հենց խմբային փուլ մտնելու նպատակ ենք դրել թիմի առջև: 

- Կարեն Բարսեղյանի ապագան այդ խնդրի լուծման հետ կոնկրետ առնչություն ունի՞.

- Մեր նոր մարզչի հետ 1 տարվա պայմանագիր ունենք: Այնպես չէ, որ նրա ապագան պայմանավորված է պարտադիր խմբային փուլ դուրս գալով: Գիտենք, որ հեշտ խնդիր չէ: Մեզ համար ոչ պակաս կարևոր է, որ եվրագավաթներին զուգահեռ մեկնարկող VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում լինենք արդյունավետ: Անցած տարի շատ միավորներ կորցրինք հենց մեկնարկում, թիմն առաջին անգամ էր մտել խմբային փուլ, սովոր չէր նման խիտ գրաֆիկին, ուստի չէր հասցնում վերականգնվել: Այս տարի արդեն ունենք պահեստայինների երկար նստարան, ինչը հնարավորություն կտա մեկ թիմ նախապատրաստել Հայաստանի առաջնության համար, իսկ մյուսը՝ եվրագավաթների: 

- Նման յուրահատուկ մոտեցմամբ «Ալաշկերտի» առջև ի՞նչ խնդիր եք դրել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում.

- Միակ նպատակը չեմպիոնությունն է: 

- Այդ խնդիրը որքանո՞վ է լուծելի՝ հաշվի առնելով, թե ձեր հիմնական մրցակիցները որքան ուժեղ են և այս ամառ շարունակում են ուժեղացնել կազմը. 

- Ես ոչ մի մրցակցի չեմ թերագնահատում: Ֆուտբոլում ուժեղ կամ թույլ թիմ հասկացություն չկա: Ո՞վ կսպասեր, որ «Նորավանքը» հիմնադրվելուց այդքան կարճ ժամանակ անց կդառնա գավաթակիր: «Ալաշկերտը», «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և «Ուրարտուն» պայքարելու են չեմպիոնության ու եվրագավաթային ուղեգրերի համար: Շատ կարևոր կլինի մինչև դեկտեմբեր միավորների մեծ պաշար հավաքելը: 


- Ինչպես հայտնի է, «Նորավանքը» մոտ է ելույթները դադարեցնելուն. չե՞ք փորձում այդ ակումբից ֆուտբոլիստներ հրավիրել, որովհետև մյուսներն ուժեղացնում են կազմը այդ խաղացողների շնորհիվ. 

- Չունեմ նման հիվանդություն՝ ի տարբերություն մեր որոշ ակումբների: Ֆուտբոլիստը գործող պայմանագիր ունի, առանց ակումբին տեղյակ պահելու, զանգահարում են նրան: Դա անշնորհքություն է: «Նորավանքում» կան լավ ֆուտբոլիստներ, բայց քանի դեռ ակումբը պաշտոնապես չի հայտարարել ելույթները դադարեցնելու մասին, իմաստ չեմ տեսնում: 

Այո՛, գիտեմ՝ որոշ խաղացողներ արդեն հայկական այլ ակումբներ են տեղափոխվել, սակայն այդ ակումբից մեզ հետաքրքիր ֆուտբոլիստների հարցով կզբաղվենք, եթե ակումբը փակվի: Այս պահին որևէ գործողություն չենք ձեռնարկում: 

Բայց ամենալավ ելքը կլինի այն, որ «Նորավանքի» պես ակումբը շարունակի ելույթները, և եթե պետք լինի, բոլոր ակումբներով կօգնենք: Ես զրուցել եմ ակումբի նախագահի հետ, լավ բաներ եմ ասել, նշել, որ նա մեծ բաների է հասել՝ «Նորավանքի» գոյության 2-րդ տարում գավաթակիր դառնալով, սակայն նա նեղված է, որ չի մասնակցելու եվրագավաթներին: Բայց պետք է հասկանա, որ դա ոչ նրա մեղքով է, ոչ էլ ֆեդերացիայի: Դա աշխարհի օրենքն է: 

- Հայաստանի հավաքականի վերջին ելույթների մասին. վստահություն կա, որ եթե Դուք որոշողը լինեիք, Կապառոսին պաշտոնանկ կանեիք. 

- Պետք չէ մոռանալ, թե ինչպիսի մրցակիցների հետ էինք խաղում, որքան ուժեղ էին նրանք: Հիմա բոլորը խոսում են Ազգերի լիգայում Վրաստանի հավաքականի հաջողությունների մասին, բայց մեր մրցակիցների խաղամակարդակներն անհամեմատելի են: Միայն Կապառոսին մեղադրել չի կարելի: Խաղացողներ կան, որ պետք է ամեն ինչ անեն: Թարմ արյուն կա հավաքականում, ընթացքում նրանք կարող են օգուտ տալ թիմին: 

- Դուք մարզիչներին փոխելու յուրահատուկ սխեմա եք մշակել, և դա հաճախ արդյունք է տալիս: Նախորդ տարի չեմպիոն դառնալու ճանապարհին թիմը 3 մարզիչ փոխեց. այդ սխեման կաշխատե՞ր ազգային հավաքականում.

- Ես միայն իմ ակումբի համար եմ պատասխան տալիս: Ինձ մեղադրում են, որ «Ալաշկերտում» հաճախ եմ փոխում մարզիչներին, բայց երբ մարզիչն ինձ հետ հավասարաչափ բաժնետեր լինի, այդժամ ավելի շատ կաշխատի անհաջող արդյունքների դեպքում: Թիմը խաղում է արդյունքի համար: Եթե չկա արդյունք, միանշանակ մարզիչն է առաջին մեղավորը: Ակումբի սեփականատերից հասնում է ճիշտ ժամանակին աշխատավարձերն ու պարգևավճարները տալը, իսկ գլխավոր մարզչինը՝ լավ թիմ կառուցելը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա