Logo

Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 21.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
PaermoMaradona - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

Հայերի մասնակցությամբ տրանսֆերները հազվադեպ են այնքան երկարում, որ սպասելու պատճառով հետաքրքրությունը զայրույթի վերածվի: Բայց Հարավային Ամերիկայում նույնիսկ հայերին դժվար է այդ «ավանդույթի» մասնիկը չդառնալ:

Երկար բանակցություններից, մերժված առաջարկներից և երրորդ անգամ կոնտակտի դուրս գալուց հետո վերջապես Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն պաշտոնապես տեղափոխվեց «Բոկա Խունիորս»: Շնորհանդեսի ժամանակ Բետոյի դեմքից դժվար չէր հպարտության հայացք նկատել: Նրան դժվար չէ հասկանալ, որովհետև արգենտինական գրանդում խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, որ նրանց հետ նույն պատմության մասնիկը կազմելը մեծագույն պատիվ է:

VNews.am-ը ներկայացնում է «Բոկա Խունիորսում» երբևէ ելույթներ ունեցած ամենահայտնի ֆուտբոլիստներին:

8. Մարտին Պալերմո

Եվրոպայում հաջողության չհասնելը դեռ վերջնագիր չէ: Դա թույլ է տալիս վերադառնալ հայրենիք և մեծ հաջողությունների հասնել այնտեղ: Այդպիսի ֆուտբոլիստ է 11-մետրանոցների «վարպետ» Մարտին Պալերմոն, որը 10 տարի «Բոկայի» կազմում անցկացնելու շնորհիվ դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: «Տիտանը» 300-ից ավելի գոլ է խփել, ինչը դեռ երկար ժամանակ չի գերազանցվի:

martin palermo 960x540 - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

7. Խուան Ռամոն Ռիկելմե

2000-ականների սկզբից դասական 10 համարի դիրքի ֆուտբոլիստները դադարեցին պահանջված լինել: Ստեղծագործող ենթահարձակվողների դարաշրջանի վերջին ներկայացուցիչներից մեկը Ռիկելմեն էր, որը նույնպես Եվրոպայում երկար կարիերա չունեցավ:

Փոխարենը, նա մեծ հաջողությունների հասավ «Բոկայի» կազմում, որտեղ 52 գոլ է խփել և 52 գոլային փոխանցում կատարել. նվաճած տիտղոսներն էլ ավելի տպավորիչ են՝ 5 անգամ Արգենտինայի չեմպիոն և 3 անգամ Լիբերտադորեսի գավաթակիր:

Հիմա Ռիկելմեն «Բոկայի» փոխնախագահն է և հենց նա կազմակերպեց Բալեկյանի տրանսֆերը:

riquelme 960x540 - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

6. Խուան Սեբասիատն Վերոն

Վերոնն այս ցանկում ամենաքիչ առնչությունն ունի «Բոկայի» հետ, որովհետև թիմի կազմում ընդամենը կես տարի է անցկացրել և երբեք այն իր կյանքի ակումբը չի համարել: Վերոնն ավելի շատ սիրում  է «Էստուդիանտեսը», որի ղեկավարը դարձավ կարիերան ավարտելուց հետո:

Արգենտինացին իր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկն է, որը փայլեց Իտալիայում, բայց չկարողացավ դա անել նաև Անգլիայում: Այդուհանդերձ, «Սամպդորիայում», «Պարմայում» և «Լացիոյում» հիասքանչ ելույթները բավարար էին, որ ՖԻՖԱ-ն նրան ընդգրկեր պատմության լավագույն 100 ֆուտբոլիստների թվում:

veron 862x485 wmk - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

5. Դանիելե դե Ռոսի

Իտալացին «Ռոմայի» խորհրդանիշն է, բայց տարիներ առաջ նա խոստովանեց, որ հռոմեական ակումբից բացի ևս մեկ կիրք ունի՝ «Բոկա Խունիորսը»: Իտալացին «Բոկային» էր սիրահարվել նրա երկրպագուների ֆանտաստիկ աջակցությունը տեսնելուց հետո և այդ պահից սկսել է երազել գեթ մեկ խաղ անցկացնել արգենտինական գրանդում:

Մունդիալ-2006-ի չեմպիոնը կարիերան ավարտելուց առաջ տեղափոխվեց «Բոկա» և 7 հանդիպում անցկացնեց այնտեղ: Կիսապաշտպանը հասցրեց նույնիսկ մեկ գոլ խփել, այնուհետև ավարտեց կարիերան:

de rossi 960x640 - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

4. Կառլոս Տևես

Անհավատալի է թվում, բայց «Բոկայի» կազմում Բալեկյանը հենց Տևեսին պետք է փոխարինի: Օրերս, հանրահայտ հարձակվողը հայտարարեց, որ ընտանեկան պատճառներով ստիպված է հեռանալ ակումբից:

Կառլիտոսը, Ռիկելմեի ու Պալերմոնի պես այն ֆուստբոլիստներից է, որը չկարողացավ երկար մնալ առանց իր սիրելի ակումբի: Տևեսը Եվրոպայում փայլեց Անգլիայում և Իտալիայում, բայց ի վերջո վերադարձավ Բուենոս Այրես: Հարձակվողը 2018-ին անհավանական գումար վաստակելու համար մեկնեց Չինաստան, բայց մեկ տարի անց նա կրկին «Բոկայում» էր:

Արգենտինական գրանդի հետ Տևեսը 5 անգամ դարձել է Արգենտինայի չեմպիոն, 1 անգամ նվաճել Լիբերտադորեսի գավաթը և բազմաթիվ այլ մրցանակների արժանացել:

carlos tevez boca juniors 2019 20 1mk0a2ihf8w671obxa2z3yy9ju 960x540 - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

3. Կլաուդիո Կանիջա

Կանիջիան այն ֆուտբոլիստներից է, որը հանրահայտ շատ ակումբներում է խաղացել, սակայն պատմության մեջ է մնացել ազգային ընտրանու կազմում իր ելույթներով: ԱԱ-90-ի հերոսներից մեկը 1995-ին տեղափոխվեց «Բոկա Խունիորս», երբ արդեն 28 տարեկան էր: Դրանից քիչ ժամանակ առաջ Կանիջան հրաժարվել էր կտրել մազերը, և Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դանիելե Պասարելան այդ պատճառով հարձակվողին չէր հրավիրել Մունդիալ-94-ին:

Ակումբային կարիերայում Կլաուդիոն ամենաարդյունավետը եղել է հենց «Բոկայում», հատկապես երբ Մարադոնայի հետ թիմի հարձակումն էր կազմում, ինչես հին ու բարի ժամանակներում:

caniggia - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

2. Գաբրիել Բատիստուտա

«Բատիգոլն» այն յուրահատուկ ֆուտբոլիստներից է (ինչպես և Կանիջիան), որը խաղացել է «Ռիվեր Փլեյթում» և «Բոկա Խունորսում»՝ երկու սկզբունքային մրցակիցների կազմում: Ընդ որում՝ հարձակվողը «Ռիվերից» է տեղափոխվել «Բոկա», ուստի վերջինի երկրպագուները կարող են նրա մասին ասել. «հասկացավ, թե որն է լավագույն թիմը և միացավ նրան»:

Բատիստուտայի համար «Բոկան» մեծ նշանակություն ունի այն պատճառով, որ հենց այդ թիմի կազմում հաջող ելույթներից հետո է առաջին անգամ հրավիրվել Արգենտինայի հավաքական, որի պատմության ռմբարկուն էր երկար տարիներ (հետո հայտնվեց ոմն Լեոն):

Մեր ընտրանին

Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացին ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկն է: Նա իր կարիերայում ուղիղ 300 գոլ է խփել: Այդ ցուցանիշը հատկապես տպավորիչ է, եթե հաշվի ենք առնում, թե որքան փակ էր ֆուտբոլն 1990-ականներին, առավել ևս Իտալիայում:

batistuta 960x847 - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

1. Դիեգո Մարադոնա

Աշխարհում հաշված ակումբներ կան, որոնց երկրպագուները կարող են առանց չափացանցնելու ասել, որ իրենց սիրելի թիմում է խաղացել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Այդպիսի ակումբներից է «Բոկա Խունիորսը», որն ապշեցուցիչ էմոցիոնալ կապի մեջ էր Մարադոնայի հետ: Դիեգոն համարում էր, որ երկու տուն ունի՝ «Նապոլին» և «Բոկան»:

Մարադոնան մայրաքաղաքային ակումբի կազմում երեք անգամ է խաղացել, որոնցից մեկը երկարաժամկետ որակազրկումից հետո, իսկ մյուսը՝ կարիերան առաջին անգամ ավարտելուց հետո:

Նոր հազարամյակից առաջ ՖԻՖԱ-ն 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար երկու մրցանակ հանձնեց: Դրանից մեկը երկրպագուների քվեարկությամբ էր, որում հսկայական առավելությամբ հաղթեց Մարադոնան:

Մեծն արգենտինացին, միգուցե, պատճառներից մեկն է, որ Բալեկյանը հայտնվեց «Բոկայում», որովհետև նրա խաղը տեսնելուց հետո Մարադոնան ասել է. «Այս տղան իսկական գազան է»:

maradona - Բալեկյանը լեգենդների ակումբում. 8 հռչակավոր ֆուտբոլիստ, որ խաղացել են «Բոկա Խունիորսում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա