Logo

«Հիմա շատ կարևոր է թիմ դառնալ». Ռեքս Քալամյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:41 / 15.06.2022Բասկետբոլ
Ռեքս Քալամյան

«Այս փուլում առաջնային է առանձին խաղացողներից թիմ ձևավորելը»,- լրագրողների հարցին արձագանքել է բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը, որի ղեկավարությամբ, ինչպես տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան, մեր ընտրանին սկսել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը նախապատրաստության վերջին փուլը։

Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով առաջին մարզումն է անցկացրել մայրաքաղաքի մարզահամերգային համալիրում, որտեղ հունիսի 23-26-ը մասնակցելու է նաև Սիրիայի, Իրանի և ԱՄՆ թիմերի մասնակցությամբ SADA CUP միջազգային մրցաշարին։ Այդ մարզմանը չեն մասնակցել Անդրե Սպայթ Մկրտչյանը և Քրիս Ջոնսը, որոնք, ինչպես նշվում է, ավելի ուշ կմիանան հավաքականին։

Ռեքս Քալամյանը, որը նաև ամերիկյան «Դեթրոյթ Փիսթոնս» ակումբի գլխավոր մարզչի օգնականն է, լրագրողներին խոստովանել է, որ տպավորված է մարզումային պայմաններից։ Նա հայտնել է, որ նախորդ ամիսներին պարբերաբար շփվել է Հայաստանում մարզվող հավաքականի բասկետբոլիստների հետ և ուղղորդել նրանց մարզումները։ Իսկ ամերիկահայ հինգ բասկետբոլիստները պատրաստվել են Կալիֆորնիայում և, ըստ մարզչի, լավ մարզավիճակում են:

«Հավաքականի տղաները երբեք միասին չեն խաղացել և ելույթ չեն ունեցել իմ ղեկավարությամբ։ Հիմա ամենից կարևորը թիմ դառնալն է, փոխգործակցություն ձևավորելը։ Մինչև եվրոպական ստուգատեսի մեկնարկը մնացել է 2 շաբաթ, ուստի որքան արագ ընդհանուր եզրեր գտնենք, այնքան լավ։ Միասնական դառնալու ու սովորելու դեպքում հաղթելու շատ լավ հնարավորություն կունենանք։ Հայաստանում խաղացող բասկետբոլիստներից մի քանիսն իսկապես հաճելի տպավորություն են թողնում. ունեն խաղային հիանալի որակներ, կարողանում են դիպուկ նետումներ կատարել։ Առհասարակ, Հայաստանում բասկետբոլի զարգացման համար լավ հիմք է ստեղծվել: Պետք է եղածը պահենք ու նպաստենք տեղացի խաղացողների զարգացմանը»,- նշել է Ռեքս Քալամյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա