Logo

«Հենց այդպիսին պետք է լինի ազգային հավաքականը». Վահագն Հարությունյան 

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:29 / 04.07.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը վստահ լուծեց իր առջև դրված խնդիրը և երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։ Եզրափակիչ խաղում Հայաստանի ընտրանին 84։68 հաշվով հաղթեց Մալթայի բասկետբոլիստներին և կրկնեց 6-ամյա վաղեմության հաջողությունը։ Մեր թիմի հաջորդ մեկնարկը կարող է լինել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը՝ VNews-ին հայտնեց ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը։

Գնահատելով այս մրցաշարում Հայաստանի հավաքականի խաղը՝ VNews-ի զրուցակիցը նշեց, որ այն լիովին համապատասխանում էր ազգային թիմի խաղամակարդակին։ «Հենց այդպիսին պետք է լինի ազգային հավաքականը, որը ցանկացած իրավիճակում պետք է կարողանա վերակազմավորվել, փոխել խաղի ոճը և որակը։ Մեր ընտրանին ցույց տվեց բարձր մակարդակի խաղ»,- արձանագրեց Վ. Հարությունյանը։

Նա հայտնեց նաև, որ ազգային հավաքականին առնչվող հետագա ծրագրերը կհստակեցվեն Մալթայից թիմի վերադառնալուց հետո։ «Ցանկանում ենք մասնակցել Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարին։ Բայց դրա համար պետք է բոլոր հարցերն ուսումնասիրել, քննարկել և հետո միայն սկսել գործընթացը։ Անհրաժեշտ է նպատակին հասնելու ճանապարհային քարտեզ մշակել, որից հետո միայն սկսել նպատակին հասնելու աշխատանքները։ Տարբեր հարցեր կան, այդ թվում՝ ֆինանսական։ Միշտ ասել եմ ու կրկնում եմ՝ առանց պետական մոտեցման չենք կարող զարգացնել որևէ մարզաձև։ Պետությունը պետք է կանգնած լինի Հայաստանի հավաքականի կողքին։ Ֆեդերացիան իր հնարավորությունների սահմանում անում է ամեն ինչ, բայց պետք է լինի նաև պետական աջակցություն»,- ընդգծեց Վ. Հարությունյանը։

Նա նշեց, որ թեպետ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարն սպասվում է միայն երկու տարուց, սակայն դա չի նշանակում, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը մատնվելու է պարապուրդի։ «Եթե մասնակցության վերաբերյալ որոշում կայացվի, ապա պետք է փորձենք հնարավորինս լավ պատրաստվել. անցկացնել ընկերական հանդիպումներ, մասնակցել ոչ պաշտոնական միջազգային մրցաշարերի, հավաքներ անցկացնել։ Պետք է լուրջ մոտենալ և պատրաստվել որակավորման մրցումներին։ Անմտություն կլինի երկու տարի ոչինչ չանել, ապա կրկին թիմ հավաքել և մասնակցել։ Այսօրվանից պետք է դրա մասին մտածենք և համապատասխան աշխատանք տանենք»,- ասաց ՀԲՖ փոխնախագահը։

Առաջիկայում Եվրոպայի տարբեր դիվիզիոնների առաջնությանն են մասնակցելու մինչև 16 տարեկան պատանիների և աղջիկների, 18 տարեկան պատանիների և մինչև 20 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա