Logo

Բենզեման կա՛մ անտեսանելի է, կա՛մ մոգ (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
05:20 / 10.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարունակում է իր ուսերի վրա առաջ տանել «Արքայական ակումբին»: 2018 թվականից՝ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո, ֆրանսիացի ռմբարկուն նոր թափ է հավաքել. Կարիմն այդ ընթացքում անցկացրած 184 խաղում դարձել է 124 գոլի հեղինակ: 

«Ռեալի» կազմում Կարիմի գոլերից մի քանիսը հարցեր են առաջացնում, իսկ եթե ավելի դիպուկ, ապա հարց՝ Բենզեման անտեսանելի՞ է, թե՞ մոգ: Այդ գոլերի ժամանակ ստեղծվում է տպավորություն, թե մրցակցի դարպասապահները չեն տեսնում Բենզեմային կամ ֆրանսիացին մոգական ինչ-որ հնարքով հիպնոսացնում է մրցակցի դարպասապահներին՝ խլելով նրանցից գնդակը կամ ստիպելով նրանց կորցնել կլոր առարկան:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բավարիայի», «Լիվերպուլի», ՊՍԺ-ի ու «Չելսիի» դեմ խաղերում Բենզեմայի խփած գոլերին: Եթե «Բավարիայի» ու «Լիվերպուլի» դեպքում համապատասխանաբար Ուլրայխն ու Կարիուսը նոմինալ պահեստային դարպասապահ էին, ու նրանցից սխալ սպասել գուցե կարելի էր, ապա ՊՍԺ-ի ու «Չելսիի» դեպքերը ճիշտ հակառակն են: Ֆրանսիական ակումբի դեպքում սխալվեց ՈՒԵՖԱ-ի վարկածով ԵՎՐՈ 2020-ի լավագույն խաղացող Ջանլուիջի Դոնարուման, իսկ «Չելսիի» դեպքում սխալվեց ՈՒԵՖԱ-ի վարկածով Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության, Աֆրիկայի ազգերի գավաթի վերջին խաղարկության, ՖԻՖԱ-ի վարկածով 2021 թվականի  լավագույն դարպասապահ Էդուար Մենդին:

Այս բոլոր դրվագների մասին առանձին՝ ստորև, բայց ընդգծենք, որ մրցակիցների դարպասապահների ու պաշտպանների սխալները, չհամաձայնեցված գործողությունները Բենզեմայի հետ պայքարելիս նորություն չեն ու սկսվել են դեռևս Չեմպիոնների լիգայի 2010-11 մրցաշրջանից: Ուրեմն՝ սկսենք սկզբից:

ՉԼ, 2010-11 ՄՐՑԱՇՐՋԱՆ, «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» – «ՕՍԵՐ»՝ 4-0

Չեմպիոնների լիգայի 2010-11 մրցաշրջանի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում, Մադրիդի «Ռեալն» ընդունեց ֆրանսիական «Օսերին» ու ջախջախեց 4-0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, որի գոլերից մեկն առանձնացավ՝ մրցակցի դարպասապահի կոպիտ սխալով պայմանավորված:

«Օսերի» ֆրանսիացի դարպասապահ Օլիվեր Սորինն անբացատրելի կերպով չնկատեց Բենզեմային ու գնդակը փոխանցեց իր հայրենակցին: «Ռեալի» հարձակվողն էլ գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ այդպես մեկնարկ ազդարարելով այն առանձնահատուկ գոլերի շարքին, որին անդրադարձել ենք այսօր:


ՉԼ, 2015-16 ՄՐՑԱՇՐՋԱՆ, «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» – «ՇԱԽՏՅՈՐ»՝ 4-0

Սխալվելու հերթը հասավ «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովին: Չեմպիոնների լիգայի 2015-16 մրցաշրջանի խմբային փուլի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց Դոնեցկի «Շախտյորին» ու մրցակցի դարպասն ուղարկեց 4 անպատասխան գնդակ: Հաշիվը 30-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման:

«Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովն անմեղ դրվագում մեղավոր դարձավ. չկարողացավ ֆիքսել գնդակը, ինչից հետո վրա հասավ ֆրանսիացի հարձակվողն ու հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին:

ԼԱ ԼԻԳԱ, 2015-16 ՄՐՑԱՇՐՋԱՆ, «ԱՏԼԵՏԻԿ ԲԻԼԲԱՈ» – «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»՝ 1-2

«Շախտյորի» դեմ խաղից ընդամենը 8 օր անց, բայց արդեն Իսպանիայի առաջնության շրջանակում, Բենզեման կրկին աչքի ընկավ նմանատիպ գոլով: Բասկյան թիմի պաշտպանի ու դարպասապահի՝ չհամաձայնեցված գործողությունների արդյունքում Կարիմը միջամտեց ու խաղի 19-րդ րոպեին բացեց հաշիվը:

ՉԼ, 2017-18 ՄՐՑԱՇՐՋԱՆ, «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԲԱՎԱՐԻԱ»՝ 2-2

Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի կիսաեզրափակիչում կայացավ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» դիմակայությունը: Մյունխենում անցկացված առաջին խաղում «Ռեալը» հաղթեց 2-1 հաշվով, իսկ պատասխան խաղն ավարտվեց 2-2 հաշվով, ինչի արդյունքում «Արքայական ակումբը» նվաճեց եզրափակիչի ուղեգիր: 

Թիմերի միջև պատասխան խաղի 46-րդ րոպեին անմեկնելի գործողություններով աչքի ընկավ Մանուել Նոյերին դարպասում փոխարինած Սվեն Ուլրայխը: Խաղընկերոջ կատարած փոխանցումից հետո Ուլրայխի համար աշխարհը կարծես մի քանի վայրկյանով կանգ առավ. նա չգիտեր ինչ անել՝ ձեռքերով վերցնե՞լ հետ փոխանցված գնդակը, հարվածե՞լ անհայտ ուղղությամբ, խա՞բք կիրառել՝ Բենզեմային շրջանցելու համար… Տարբերակներ, որոնք դարպասապահը կարող էր ընտրել, բայց նրա ընտրությունը կանգ չառավ նշված տարբերակներից և ոչ մեկի վրա: Ուլրայխը որոշեց ուղղակի ոչինչ չանել, ինչի արդյունքում գնդակն անցավ նման իրավիճակներում արդեն վարպետացած Կարիմ Բենզեմային, իսկ ֆրանսիացին, ինչպես միշտ, պահը ճիշտ գնահատեց, առաջինը հասավ գնդակին ու այն ուղարկեց մրցակցի անպաշտպան դարպասը:

ՉԼ, 2017-18 ՄՐՑԱՇՐՋԱՆ, «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» – «ԼԻՎԵՐՊՈՒԼ»՝ 3-1

«Բավարիայի» դեմ վերոնշյալ կիսաեզրափակիչ պատասխան խաղին հաջորդեց մրցաշարի եզրափակիչը: 2018 թվականի մայիսի 28-ին Կիևում «Ռեալը» հանդիպեց «Լիվերպուլին»: Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո՝ 51-րդ րոպեին, Կարիմ Բենզեման արդեն երկրորդ խաղում անընդմեջ մրցակցի դարպասը գրավեց «թանկարժեք» նվերից հետո: Ուլրայխից հետո ֆրանսիացուն որոշել էր հաճելի անակնկալ մատուցել «Լիվերպուլի» դարպասը պաշտպանող Լորիս Կարիուսը: Գերմանացին, ինչպես իր հայրենակիցը, կա՛մ չտեսավ Բենզեմային, կա՛մ ընկավ անեծքի տակ… Կարիուսը փորձում էր ձեռքով գնդակն ուղարկել խաղընկերոջը, սակայն Բենզեմայի ոտքը վրա հասավ ու դեպի դարպասը փոխեց գնդակի ճանապարհը: Րոպեներ անց Սադիո Մանեն հավասարեցրեց հաշիվը, սակայն կարճ ժամանակ անց Գարեթ Բեյլը նախ՝ առաջ մղեց հաշվի մեջ «Ռեալին», ապա՝ ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ թիմին պարգևելով Չեմպիոնների լիգայի՝ միաժամանակ բաղձալի ու կարծես սովորական դարձած գավաթը(13-րդը՝ պատմության մեջ, 3-րդը՝ անընդմեջ):

ՉԼ, 2021-22 ՄՐՑԱՇՐՋԱՆ, «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» –ՊՍԺ՝ 3-1

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Ֆրանսիայում նվազագույն հաշվով հաղթեց «Ռեալին»: Պատասխան խաղում, երբ ֆրանսիական ակումբը կրկին հաշվի մեջ առջևում էր նվազագույն հաշվով, թվում էր՝ «Ռեալը» դժվար թե կարողանա վերադառնալ խաղ ու ինչ-որ բան փոխել: Դա թվում էր շատերին, բայց ոչ Կարիմ Բենզեմային: 

Հանդիպման 61-րդ րոպեին ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման շատ երկար մտածեց գնդակը խաղընկերոջը փոխանցելիս: Բենզեման պայքարի մեջ մտավ դարպասապահի հետ, ինչից հետո Ջիջին գնդակը փոխանցեց «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուսին: Բրազիլացին էլ գոլային փոխանցում կատարեց ստեղծված դրվագի մեղավոր-հերոս Կարիմ Բենզեմային: Վերջինն էլ իր հերթին խփեց դիմակայությունում իր և «Ռեալի» առաջին գոլը: Շատ կարճ ժամանակահատվածում Բենզեման ևս երկու գնդակ ուղարկեց ՊՍԺ-ի դարպասը և 3-1 հաշվով հաղթանակ պարգևեց «Արքայական ակումբին», որը նվաճեց մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

ՉԼ, 2021-22 ՄՐՑԱՇՐՋԱՆ, «ՉԵԼՍԻ» – «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»՝ 1-3

Բենզեմայի հերոսությունների շարքը չի սիրում ընդհատումներ, և ինչպես 2015-16 ու 2017-18 մրցաշրջաններում, ընթացիկ մրցաշրջանում նույնպես Բենզեմայի հետ պայքարում մրցակցի դարպասապահը սխալվեց երկրորդ խաղում անընդմեջ:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Ռեալին»: Բենզեման 21-րդ և 24-րդ րոպեներին գրավեց մրցակցի դարպասը՝ դիմակայությունում հրաշալի պայմաններ ստեղծելով «Ռեալի» համար: 40-րդ րոպեին Կայ Հավերցը կրճատեց հաշվի տարբերությունը:

46-րդ րոպեին եկավ անտրամաբանական, բայց արդեն պատմություն ունեցող իրադարձության հերթական դրսևորումը. «Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին, որը լավագույն դարպասապահն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանում, Աֆրիկայի ազգերի գավաթի վերջին խաղարկությունում, լավագույնն է նաև ՖԻՖԱ-ի վարկածով 2021 թվականին, փորձեց գնդակը փոխանցել խաղընկերոջը՝ Ռյուդիգերին, սակայն փոխանցումն այնքան անփույթ էր, որ Բենզեման խլեց գնդակը մրցակցից ու հեռահար հարվածով գրավեց անպաշտպան  դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, ապահովելով «Ռեալի» տպավորիչ հաղթանակը դիմակայության առաջին խաղում:


Եվ այսքանից հետո մնում է միայն մի հարց՝ Բենզեման անտեսանելի՞ է, թե՞ մոգ...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա