Logo

«Դա ամեն պահ իմ մտքում էր». Պատմություն, որ թաքնված է Բենզեմայի «Պանենկայի» հետևում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
18:32 / 28.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի պատմության ամենաէմոցիոնալ ու դրամատիկ կիսաեզրափակիչը կայացավ այս մրցաշրջանում՝ «Սիթի օֆ Մանչեսթեր» ստադիոնում: 

«Մանչեսթեր Սիթիի» ու «Ռեալի» միջև հանդիպման 80-րդ րոպեին, երբ անգլիացիները հաշվի մեջ առջևում էին 4-2 հաշվով, մրցավարը նշանակեց 11-մետրանոց: Գնդակը վերցրեց Կարիմ Բենզեման ու դրեց այն նշանակետին: Ըստ ամենայնի՝ բոլորը գիտեին, որ Կարիմը նախորդ 2 դեպքում վրիպել էր նշանակետից՝ «Օսասունայի» դեմ խաղում, իսկ առհասարակ նախորդ 4 11-մետրանոցներից նա դիպուկ էր եղել 3-ում:

«Ռեալի» երկրպագուները քարացած սպասում էին, Պեպ Գվարդիոլան տեխնիկական գոտում կքանստած եղունգներն էր կրծում... Իսկ Բենզեման կենտրոնացած էր, կարգավորում էր շնչառությունը, նայում էր գնդակին՝ դեմքի հանգիստ, բայց լուրջ արտահայտությամբ: Մեկ հայացք մրցավարին՝ ազդանշանը ստանալու համար... Ու ոչ մեծ թափավազքով մոտենում է Կարիմը գնդակին, Էդերսոնը նետվում է իրենից ձախ՝ հավանաբար կարծելով, թե Բենզեման 3-րդ անգամ նույն անկյունը չի հարվածի, իսկ ֆրանսիացին հարվածում է կենտրոնով՝ «Պանենկա» ոճով, ու գնդակը նետում է դարպասի վերին հատվածը: Այդ պահին նրա երակներով արյուն չէր հոսում:

Թե՛ «Ռեալի», թե՛ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները քարացած էին: Նրանցից ոչ ոք չէր սպասում, որ դիմակայության այդ վճռորոշ պահին, մրցաշարի այդ ճակատագրական փուլում, այն էլ՝ նախորդ խաղում 2 անգամ վրիպելուց հետո, Բենզեման այդպես կհարվածեր ու կգրավեր դարպասը: Դա հոգեբանական ուժի ու ինքնավստահության անհավանական ցուցադրում էր:

«Դա ամեն պահ իմ մտքում էր: Երբեք չես կարող վրիպել, եթե չիրացնես 11-մետրանոց: Դրա համար պետք են միայն ինքնավստահություն և ուժեղ հոգեբանություն: Իսկ ես ունեմ այդ ինքնավստահությունը», - հայտարարեց ֆրանսիացին խաղից հետո:

11-մետրանոցի պահին նույնիսկ «Ռեալի» խաղացողներն ու Կառլո Անչելոտին էին քարացել: Հստակություն չկար, քանի որ Բենզեման ոչ ոքի ոչինչ չէր ասել, բայց... «Նախորդ շաբաթների ընթացքում նա մարզումներին փորձում էր հարվածել այս ոճով: Գիտեինք, որ մի օր նա այն կիրառելու է», - նշեց Ռոդրիգոն: 

Նման ինքնավստահությունը տրված է միայն ընտրյալներին: Կասկած չկա, որ ձեզանից շատերը Բենզեմայի «Պանենկայի» ժամանակ հիշեցին Կարիմի ֆուտբոլային նախահայր, հայրենակից ու «Արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի իրացումն աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչում: Դա շատ ավելի բախտորոշ իրավիճակ էր: Ինչու ոչ՝ նաև ԵՎՐՈ 2012-ի քառորդ եզրափակիչում, երբ Անդրեա Պիռլոն հետխաղյա հարվածաշարի ժամանակ նույնկերպ գրավեց Ջո Հարթի դարպասը: Լուիս Սուարեսը նույնն արեց 2019-ին՝ Կլասիկոյի ժամանակ:

«Պանենկա» ոճով ոչ միայն հարվածում են ամենակարևոր պահերին, այլև՝ լավագույն ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսի, Կրիշտիանու Ռոնալդու, Սերխիո Ռամոս, Տիերի Անրի... Այս հարվածը կատարելու համար ոչ այնքան պահանջվում է տեխնիկական պատրաստվածություն, որքան ինքնավստահություն ու կարիերայի արդեն հարուստ պաշար: 

Ինչպես Բենզեման դուրս եկավ վանդակից

Բենզեմայի համար այս իրացումը նրա կարիերայի գագաթնակետում գտնվելու դրսևորումն էր: Ֆրանսիացին «Ռեալ» տեղափոխվեց 2009-ի ամռանը (տրանսֆերի արժեքը՝ 35 միլիոն եվրո): Այդ իրադարձությունից հետո, իհարկե, շատ գետեր են հոսել: Մոտ մի ամբողջ տասնամյակ Բենզեման Ռոնալդուի ստվերում էր: Տակտիկական առումով նրա դերը թիմում այլ էր: «Ռեալի» Շեռլոկ Հոլմսը Կրիշտիանու Ռոնալդուն էր, իսկ Բենզեման՝ Ջոն Վաթսոնը, Հարի Փոթերը՝ Ռոնալդուն, Ռոն Ուիզլին՝ Բենզեման: 

Չնայած Բենզեման էր կրում «9» համարի մարզաշապիկը, ու նախախաղային սխեմաներում հենց նա էր հարձակման կենտրոնում, փաստացի թիմի կենտրոնական հարձակվողը Կրիշտիանու Ռոնալդուն էր, փոխանցումներն ուղղված էին Ռոնալդուին, դարպասին կատարած հարվածների թվով Ռոնալդուն անհամեմատ գերազանցում էր Բենզեմային, ինչը վկայում է վիճակագրությունը: Որպես օրինակ՝ կարող ենք վերցնել երկու ֆուտբոլիստների՝ միասին անցկացրած վերջին մրցաշրջանը, որի միջնամասում պորտուգալացին կատարել էր 55 հարված, ֆրանսիացին՝ 18: Լինում էին նույնիսկ պահեր, երբ Բենզեման ստանում էր գնդակը հարվածային դիրքում, բայց դեռ հայացքով փնտրում էր Ռոնալդուին, որ վճռորոշ հարվածը կատարեր Կրիշտիանուն:

Բենզեմայի խաղային քարտեզը, երբ Ռոնալդուն «Ռեալում»

Karim Benzema and Being “The Man” | Every Day Is Zlatan Day

Ռոնալդուի խաղային քարտեզը

Cristiano Ronaldo - performances 2017/18 | RedCafe.net


Բենզեման դեմ չէր լինել թիմի երկրորդ ջութակը, դեմ չէր լինել Ռոնալդուի, 2013/14-ից սկսած էլ՝ նաև Գարեթ Բեյլի գոլային մատակարարը: Այդպես մեխանիզմը լավ էր աշխատում. Ռոնալդուն տարեկան 60 գոլ էր խփում, մնացածը բաշխվում էր Բեյլի ու Բենզեմայի միջև, «Ռեալն» էլ մեկը մյուսի հետևից հաղթում էր Չեմպիոնների լիգան: 

Բոլորն ուրախ էին, «Ռեալի» թանգարանը համալրվում էր տիտղոսներով, Ռոնալդուն ստանում էր իր «Ոսկե գնդակները», բայց Բենզեման մնում էր այս ամենի ստվերում ու քննադատության ենթարկվում այն բանի համար, որ կրում է «Ռեալի» պես թիմի «9» համարն ու գոլերի քանակով միշտ զիջում մյուս թոփերին՝ Լուիս Սուարեսին, Ռոբերտ Լևանդովսկիին, Հարի Քեյնին և այդպես շարունակ: 

Ռոնալդուի հեռանալուց հետո Բենզեմայի դերը թիմում փոխվեց, առաջին հերթին՝ տակտիկապես: Նա վերջապես դարձավ «Ռեալի» գոլերի պատասխանատուն՝ «ի պաշտոնե», և սկսեց ավելի շատ փորձել ու ավելի շատ խփել: Պորտուգալացու՝ «Ռեալից» հեռանալուց հետո նա խփել է 127 գոլ 4 մրցաշրջանում (4-րդը դեռ ավարտված չէ):

Omar Momani on Twitter: "Benzema: “I played to help Cristiano. Now though,  I'm the leader of the attack. It's up to me to make the difference" بينزما:  كنت العب لمساعدة كريستيانو، الان


Իսկ ինչպե՞ս Բենզեման հանկարծ միջակ հարձակվողից դարձավ լավագույններից աշխարհում: Բացի գոլերից, նա շարունակում է իր կոմբինացիոն ու թիմային գերազանց ֆուտբոլը՝ հատկանիշ, որ չունի այլ թոփ հարձակվող, հատկանիշ, որ շատերը ժամանակին չէին տեսնում, իսկ հիմա խփված բազմաթիվ գոլերի կողքին այն միանգամից աչքի է զարնում:

Կատուն այլևս առյուծ է 

«Երբ չես կարող որսի գնալ շան հետ, ստիպված ես կատվին տանել», - այսպես արտահայտվեց Ժոզե Մոուրինյոն ժամանակին՝ կատվին համեմատելով Բենզեմայի հետ: Ժոզեն այս ամենն ասել էր խաղային առումով: Դրանից բացի, Բենզեման «կատու» էր նաև թիմի հանդերձարանում: 

Բացի Ռոնալդուի գործոնից, բացի թիմում տակտիկական դերի փոփոխությունից, Բենզեմայի այս կերպարանափոխության արդյունքն է նաև նրա՝ աշխատանքի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, հասունությունը՝ որպես անհատ, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմը: 

Երբ Կարիմը դեռ նոր էր տեղափոխվել «Ռեալ», շփվում էր միայն ֆրանսիացիների հետ, սառն էր ու անտարբեր թիմի հաջողությունների և անհաջողությունների նկատմամբ, ինչն անզեն աչքով երևում էր հազարավոր կիլոմետր հեռավորությունից: Խաղի ժամանակ նա կարծես մտքերով հունական ինչ-որ կղզում լիներ: Նրա հետ աշխատող մարզիչներն ու այլ մասնագետներ նշում էին, որ Կարիմը տաղանդավոր է, բայց շատ չի աշխատում, ինչի հետևանքով երկար ժամանակ նա մեկնարկային կազմում հայտնվելու պայքարում զիջում էր Գոնսալո Հիգուայինին: Բենզեման երբեմն ավելորդ քաշ էր հավաքում, ինչը նույնպես խանգարում էր նրան ցույց տալ լավագույն որակները: Պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ նույնպես կային խնդիրներ. ավտովթարներ, սկանդալներ մարմնավաճառուհիների հետ...

Բենզեմայի կյանքում հիմա խաղաղություն է, ինչն էլ ուղիղ ազդեցություն է ունենում նրա խաղին: Բավական է միայն հետևելը նրա սոցցանցերի էջերին. այնտեղ միայն մարզումների կադրեր են՝ Վալդեբեբասում, տանը, բակում, մարզասրահում: Չկան նաև սկանդալներ. Կարիմի կյանքում ամենակարևորն ընտանիքն է՝ դուստր Մելիան ու որդի Իբրահիմը:

Latest Ibrahim Benzema News, Photos And Videos Trending Now

Հանդերձարանում էլ Բենզեմայի դերը բոլորովին այլ է: Նախկին ամաչկոտ ու կղզիացած երիտասարդը հիմա թիմի առաջնորդն է և ավագը (թևկապով թե առանց դրա), նրա մեկ գոտեպնդող հայացքը բավական է՝ իր թիմակիցներին ոգևորելու և ուղղորդելու համար: Իսկ Վինիսիուսի հետ համագործակցությունը հիշեցնում է Ռոնալդուի հետ նրա տանդեմը, պարզապես մեկ փոփոխությամբ. այստեղ արդեն Կարիմն է Շեռլոկ Հոլմսը, իսկ երիտասարդ Վինին՝ Ջոն Վաթսոնը:

34 տարեկանում ֆանտաստիկ խաղով ու արդյունքներով Բենզեման սլանում է դեպի «Ոսկե գնդակը»: 41 խաղում 41 գոլ, Լա լիգայի երաշխավորված տիտղոս, Չեմպիոնների լիգայի (14) ու Իսպանիայի լավագույն ռմբարկու (25), Ազգերի լիգայի հաղթող Ֆրանսիայի հավաքականում, Իսպանիայի Սուպերգավաթ, 13 գոլային փոխանցում... Իսկ սուլոցների փոխարեն հիմա միայն ծափահարություններ են:

Karim Benzema en route pour Paris pour le Ballon d'or 2021 | Infos Sport

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա