«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Բիչախչյանի նորամուտը եվրագավաթներում փառահեղ ստացվեց: Նրա սաներին հաջողվեց հունգարական «Ֆեհերվարի» հետ դիմակայությունում առավելության հասնել և Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Այս հաջողությունն ավելի քան ծանրակշիռ է, եթե հաշվի առնենք, որ «Արարատը» 22 տարի անց է կրկին հաջորդ փուլի ուղեգիր նվաճում: Վերջին անգամ դա արարատցիներին հաջողվել էր 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում, որում երկու հանդիպումներում էլ նվազագույն հաշվով հաղթել էին ռումինական «Բաքեուին»:
Մարզչական հարուստ կարիերայում Վարդան Բիչախչյանին իր սաների հետ 5-րդ անգամ հաջողվեց եվրագավաթներում հաղթահարել առաջին փուլի արգելքը: Այդ ցուցանիշով նա գերազանցեց Աբրահամ Խաշմանյանի ռեկորդը, որն «Ալաշկերտում» իր սաների հետ 4 անգամ էր հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Հիշեցնենք, որ «Ֆեհերվարի» հետ առաջին հանդիպումից հետո էլ Վարդան Բիչախչյանը գերազանցել էր Վարդան Մինասյանի ռեկորդը՝ եվրագավաթներում անցկացնելով իր 21-րդ խաղը:
Վարդան Բիչախչյանը ևս մեկ նվաճման հասավ՝ կրկնելով Արկադի Անդրեասյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս մինչ այդ միակ մարզիչն էր, որը երկու թիմերում էլ՝ «Արարատում» և «Միկայում» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը եվրագավաթներում նշել էր հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: 1996/97թթ. Գավաթակիրների գավաթի մրցաշարում «Արարատը» հաղթահարել էր Բաթումի «Դինամոյի» արգելքը, իսկ 2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում Անդրեասյանի գլխավորությամբ «Միկան» առավելության էր հասել հունգարական ՄՏԿ-ի նկատմամբ:
Մեր ընտրանին
Երբ էր «Արարատը» վերջին անգամ եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել
Մեկ թիմ է «Ալաշկերտին» գերազանցում ՉԼ որակավորման 1-ին փուլը հաղթահարելու ցուցանիշով
Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում
Հարկ է նշել, որ Բաթումի «Դինամոյի» հետ երկու հանդիպումներում էլ «Արարատը» պարտվել էր: Սակայն Բաթումում կայացած խաղում (2-4) դաշտի տերերի կազմում որակազրկված ֆուտբոլիստ էր հանդես եկել, որի պատճառով «Դինամոյին» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել: Հենց դրա շնորհիվ էլ արարատցիները հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել՝ սեփական հարկի տակ պարտվելով 0-2 հաշվով:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ռեկորդակրի հարցում պետք է նախապատվությունը տալ Բիչախչյանին: Հիշեցնենք, որ «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Բիչախչյանի նորամուտը եվրագավաթներում կայացել է 2012/13թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում: Նրա գլխավորությամբ շիրակցիները հուլիսի 5-ին Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում կայացած խաղում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին «Ռուդարին»: Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1) և «Շիրակը» մտավ հաջորդ փուլ:
Հետագայում Բիչախչյանի գլխավորությամբ շիրակցիները ևս 3 անգամ հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը՝ առավելության հասնելով Սան Մարինոյի «Տրե Պենեի» (2013/14թթ. ՉԼ՝ 3-0, 0-1), բոսնիական «Զրինսկիի» (2015/16թթ. ԵԼ՝ 2-0, 1-2) և վրացական «Դիլայի» (2016/17թթ. ԵԼ՝ 0-1, 1-0, 4-1՝ 11մ) նկատմամբ:
Եվրագավաթներում հայկական ակումբները գլխավորած 46 մարզիչներից միայն 16-ին է հաջողվել իրենց սաների հետ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ընդ որում Անդրեյ Տալալաևին, Ալեքսանդր Տարխանովին, Վարդան Մինասյանին և Դավիդ Կամպանյային մեկական անգամ հաջողվել է իրենց սաների հետ եվրագավաթների մեկ խաղարկությունում միանգամից երկու փուլի արգելք հաղթահարել:
VNews.am-ը ներկայացնում է եվրագավաթների մրցաշարերում հաջորդ փուլի ուղեգիր նվաճած մարզիչների ցուցանիշները:
Մարզիչներ | Մրց. | Փուլ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | % |
1. Վարդան Բիչախչյան | 7 | 5 | 22 | 5 | 6 | 11 | 17-27 | 21 | 31,8 |
2. Աբրահամ Խաշմանյան | 4 | 4 | 16 | 7 | 4 | 5 | 21-20 | 25 | 52 |
3. Վարդան Մինասյան | 6 | 3 | 20 | 6 | 2 | 12 | 20-35 | 20 | 33,3 |
4. Արկադի Անդրեասյան | 6 | 3 | 18 | 4 | 3 | 11 | 14-32 | 15 | 27,7 |
5. Անդրեյ Տալալաև | 1 | 2 | 6 | 3 | 1 | 2 | 6-4 | 10 | 55,5 |
6. Ալեքսանդր Տարխանով | 1 | 2 | 6 | 2 | 2 | 2 | 7-13 | 8 | 44,4 |
7. Դավիդ Կամպանյա | 1 | 2 | 4 | 2 | 0 | 2 | 6-6 | 6 | 50 |
8. Սարգիս Հովսեփյան | 3 | 1 | 8 | 4 | 0 | 4 | 8-16 | 12 | 50 |
9. Օսկար Լոպես | 1 | 1 | 4 | 2 | 1 | 1 | 8-6 | 7 | 58,3 |
10. Արմեն Գյուլբուդաղյանց | 3 | 1 | 8 | 2 | 1 | 5 | 5-15 | 7 | 29,1 |
11. Վարուժան Սուքիասյան | 7 | 1 | 18 | 2 | 1 | 15 | 8-39 | 7 | 12,9 |
12. Ռաֆայել Նազարյան | 2 | 1 | 6 | 1 | 3 | 2 | 4-6 | 6 | 33,3 |
13. Աշոտ Բարսեղյան | 3 | 1 | 7 | 2 | 0 | 5 | 6-15 | 6 | 28,5 |
14. Ալեքսանդր Գրիգորյան | 1 | 1 | 2 | 1 | 1 | 0 | 2-1 | 4 | 66,6 |
15. Միխայ Ստոյկիցա | 1 | 1 | 4 | 1 | 1 | 2 | 2-4 | 4 | 33,3 |
16. Սամվել Դարբինյան | 3 | 1 | 8 | 1 | 1 | 6 | 6-18 | 4 | 16,6 |
17. Սամվել Սարգսյան | 2 | 1 | 5 | 1 | 0 | 4 | 6-11 | 3 | 20 |