ՖԻՄԱ-ի առաջատար բասկետբոլիստ Բրենդն Փադջեթը VNews-ի հետ զրույցի ժամանակ խոսեց «Արագածի» դեմ խաղի, Ա լիգայի, ինչպես նաև երևանյան կյանքի մասին։
«Արագածի» դեմ խաղի մասին․ «Արագածի» դեմ շատ լավ խաղացինք։ Իհարկե՛, կցանկանայի հաղթել, բայց այդ խաղն օգնեց մեզ հասկանալ, որ այս առաջնությունում կարող ենք հաղթել ցանկացած թիմի։
Նախորդ խաղում մեզ խանգարեց անուշադրությունը։ Կարծում եմ, եթե բոլորս ուշադիր լինենք և մինչև վերջ պայքարենք յուրաքանչյուր դիրքի համար, ապա կկարողանանք հաջողության հասնել»։
Առաջնության մասին․ «Ա լիգան բավականին մրցակցային է։ Ցանկացած թիմ ունակ է հաղթել մնացած բոլոր թիմերին։ Արդյունքում շատ դիտարժան խաղեր են ստացվում, ինչն էլ ստիպում է երկրպագուներին ներկա գտնվել լիգայի խաղերին։
Մրցակից բոլոր թիմերի կազմերում հանդես են գալիս շատ լավ բասկետբոլիստներ, որոնք խաղերն ավելի հետաքրքիր և գեղեցիկ են դարձնում»։
Երևանում ապրելու և հայերենի մասին․ «Ես իսկապես շատ սիրեցի Երևանը։ Այստեղ երբեք չես ձանձրանա։ Հայաստանում բոլորն ինձ շատ լավ են վերաբերվում և փորձում են ինձ հայերեն սովորեցնել, և դա ինձ շատ է դուր գալիս»։