Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացավ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը:
Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն(57կգ) ու Գուրգեն Մադոյանը(67կգ) մեկնարկեցին 1/32 եզրափակիչից՝ նվաճելով 1/16 եզրափակիչի ուղեգիր:
Բազեյանի մրցակից Ռիվերա Պիզարոյին պարտություն է գրանցվել, քանի որ կշռման արարողության ժամանակ նրա քաշը թույլատրելիից ավելի է եղել, իսկ Մադոյանը հաղթանակ է տոնել սլովակ Ալյազ Սիրցելիի հետ մենամարտում: Մրցավարները 3 ռաունդում էլ առավելություն են տվել հայ բռնցքամարտիկին:
Բազեյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ, իսկ Մադոյանը կմրցի լեհ Դամիան Դուրկաչի հետ:
Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ: Եվրոպական խաղերի չեմպիոն 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանն է: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն էլ պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից՝ մենամարտելով Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ:
Այսօր հայտնի կդառնա նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի մրցակիցը 1/16 եզրափակիչում: