Logo

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի մարզիկների ելույթների մանրամասն ժամանակացույցը

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:55 / 23.05.2022Բռնցքամարտ
null

Մայրաքաղաքի «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած վիճակահանությամբ որոշվել են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկների առաջին մրցակիցները։

Մերոնցից առաջինը ռինգ է դուրս գալու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, որն այսօրվա երեկոյան մրցահերթում 1/16 եզրափակիչում հանդիպելու է լեհ Բարտոշ Գոլեբիեվսկիին։ Վաղը՝ ցերեկը, պայքարի մեջ կմտնեն Ջանիկ Սահակյանը (54 կգ, 1/8 եզրափակիչ) և Նարեկ Զախարյանը (71 կգ, 1/16 եզրափակիչ), որոնք կմրցեն համապատասխանաբար Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևի ու սլովակ Միխալ Թաքակսի հետ։ Երեկոյան Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/8 եզրափակիչում կպայքարի մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի հետ։

Մայիսի 25-ի ցերեկը Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) 1/8 եզրափակիչում հանդիպելու է բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովին, իսկ երեկոյան Կարեն Տոնականյանը (60 կգ) նույն փուլում մրցելու է հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ։

Մայիսի 26-ի ցերեկը Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ) և Դավիթ Չալոյանը (92 կգ-ից բարձր) 1/8 եզրափակիչի մենամարտեր են անցկացնելու։ Բաչկովը մրցելու է Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Կիլիան Բրենդան Մակքարթի (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ, Մադոյանի մրցակիցն է լինելու ֆինն Բենջամին Կարլ Էրիկսոնը, իսկ Չալոյանինը՝ Յուրայ Սոլիդա (Բոսնիա-Հերցեգովինա) - Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթողը։ Երեկոյան նույն փուլում Նարեկ Մանասյանը (92 կգ) մրցելու է սլովակ Դավիդ Միխալեկի հետ։ 

Մայիսի 27-ի ցերեկն առաջնությունում կմեկնարկեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)։ Նրանցից առաջինը հանդիպելու է Վրաստանը ներկայացնող Սախիլ Ալախվերդովին, իսկ երկրորդը՝ Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) - Մարտին Սալվադոր Մոլինա (Իսպանիա) զույգի հաղթողին։ Երեկոյան Արթուր Բազեյանը (57 կգ) մրցելու է Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) - Բաթուհան Չիտֆչի (Թուրքիա) զույգի հաղթողին։ Բոլոր երեքն էլ անցկացնելու են քառորդ եզրափակիչ փուլի մենամարտեր, ինչը ենթադրում է, որ հաղթելու դեպքում միանգամից ապահովելու են բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա