Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, VNews-ի հետ զրույցում ամփոփելով Երևանում կայացած Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը, նշեց, որ իրականում մի քանի մեդալ ավելին էր ակնկալում, սակայն մոտավորապես 4 մենամարտում մրցավարները «մերոնցից խլեցին հաղթանակը»։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Իրականում սպասելիքներս ավելի մեծ էին։ Ենթադրում էի, որ կնվաճենք 5-7 մեդալ, որից երկուսը՝ ոսկե։ Ակնհայտ ֆավորիտ էր Բաչկովը, որից բացի, ևս 2-3 բռնցքամարտիկ պատրաստ էին ոսկե մեդալ նվաճել։
Ցավոք, սահմանափակվեցինք 4 պարգևով։ Ընդհանուր առմամբ՝ տղաների մասնակցությունից գոհ եմ։
Նրանք շատ լուրջ և ծավալուն նախապատրաստական փուլ էին անցել. այդքան պատրաստ երբեք չէին եղել։ Գրեթե բոլորը դրսևորեցին այն ամենը, ինչին ներկայումս ունակ են»։
ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մամուլի հետ շփումներում սովորաբար չեմ անդրադառնում մրցավարությանը, միշտ փորձում եմ մնալ կոռեկտության սահմաններում, սակայն աներկբա է, որ 2-4 մենամարտում մեզնից խլեցին հաղթանակը։ Եվրոպայի առաջնություններում երբեք 4 մեդալ չենք ունեցել։ Բայց այս անգամ դա իսկապես մեր սահմանը չէր. կարող էինք ավելի շատ մեդալ նվաճել։
Ինչևէ, վերլուծելով Եվրոպայի առաջնության ընդհանուր մակարդակը՝ պետք է խոստովանեմ, որ գոհ եմ մեր բռնցքամարտիկներից: Իհարկե, վիճելի ելքով ոչ բոլոր մենամարտերում է առկա մրցավարական գործոնը։ Եղան մենամարտեր, որոնցում մրցավարները կարող էին մեզ շնորհել հաղթանակը, բայց կարող էին և չշնորհել։
Գիտեք, չեմ հանդիպել այնպիսի իրավիճակների, որ տանտերերի նկատմամբ այդպես վերաբերվեն։ Թեպետ մեզ նվերներ պետք չեն, բայց, համենայն դեպս, կար մի երկու մենամարտ, որոնցում կարող էին հաղթանակը շնորհել հայ բռնցքամարտիկին։ Անշուշտ, եղան նաև մենամարտեր, որոնցում մեր մարզիկներն իսկապես պարտվեցին։
Օրինակ՝ չէի ասի, որ Վախթանգ Հարությունյանի կամ Նարեկ Զախարյանի դեպքում աչառու մրցավարություն դրսևորվեց։ Նման բան չկա։ Այդ պահին այդքան էր նրանց հնարավորությունների առավելագույնը։
Եվ ուզում եմ շեշտել՝ ներկայում Հայաստանում չկա այնպիսի ուժեղագույն բռնցքամարտիկ, որը դուրս է մնացել թիմից։ Բոլոր քաշային կարգերում ընդգրկված են եղել լավագույնները։ Երբեք ուժեղի փոխարեն թույլի չեմ վերցնում թիմ»։
ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Չեմ ասի, որ Չալոյանի պարտության դրվագում մրցավարը միտումնավոր սխալվեց։ Այստեղ առանցքայինը «միտումնավոր» բառն է, որովհետև մրցավարն իսկապես սխալ թույլ տվեց։ Այստեղ երկու հանգամանք կա. մրցավարը պետք է հաշվեր մինչև 8-ը, որից հետո միայն, նայելով Դավիթի աչքերին, դադարեցներ մենամարտը։ Սակայն նա այդպես չվարվեց. միանգամից դադարեցրեց։ Իհարկե, մեր մարզիկը կարող էր ևս մեկ հարված բաց թողնել, բայց դա արդեն զուտ ենթադրություն է։ Մրցավարը միանշանակ սխալվեց։ Դավիթն ինքն էլ շատ սխալ սկսեց աշխատանքը, այդ պատճառով էլ հանդիպումը նման ցավալի ելք ունեցավ։
Պետք է հիշել, որ ծանր քաշում յուրաքանչյուր հարված կարող է որոշիչ լինել։ Չալոյանը երկու հարված բաց թողեց, չնայած երկրորդ հարվածի ժամանակ ինքն էլ հասցրեց հանդիպակաց հարված հասցնել, ստացվեց հարվածների փոխանակում։ Ինչևէ, եղածը հետ չես բերի»։
ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ՝ Մանասյանը հաղթեց։ Սակայն մենք շահագրգիռ կողմ ենք, ուստի միանշանակ չեմ պնդի, որովհետև իրավիճակը գնահատում ենք այլ տեսանկյունից։ Սպասում էի, որ հաղթանակը կշնորհեն մեր մարզիկին, բայց, ցավոք, մրցավարներն այլ կերպ էին մտածում»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Բաչկովը գերազանցեց բոլորին։ Իմ կարծիքով՝ նա ընդհանրապես առաջնության լավագույն բռնցքամարտիկն էր բոլոր քաշային կարգերում ներկայացված մարզիկների հաշվարկում։ Գերազանցից բացի այլ կերպ չեմ կարող գնահատել գյումրեցու մասնակցությունը։ Նա իսկապես առաջնության համար մեկ բռնցքամարտիկն էր»։
ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
«Եզրափակիչ մենամարտում Բազեյանը հաղթեց առաջին երկու ռաունդում, իսկ երրորդում՝ մի փոքր պարտվեց։ Համանման պատկեր էր գրանցել նաև մրցավարական համակարգիչը, որը, սակայն, վերջնարդյունքում հաղթանակը շնորհել էր Արթուրի մրցակցին։
Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է նման բան լինել։ Մի քիչ աբսուրդային որոշում է, բայց դա է իրականությունը։ Գուցե Բազեյանը երրորդ ռաունդում մի քիչ սխալ աշխատեց։ Առհասարակ, երբ բռնցքամարտիկը 2 ռաունդ շահում է, նրան թվում է, որ երրորդում կարող է որոշակի ազատություններ թույլ տալ իրեն։ Դա շատերին բնորոշ սխալ է։ Սակայն, միևնույն է, անհասկանալի է, թե ինչպես կարող է պարտվել երկու ռաունդում հաղթած մարզիկը»։
ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
«Հովհաննիսյանի պատմությունը մի քիչ երկար է. մի քանի տարի առաջ նա իմ գլխավորած երիտասարդական հավաքականում էր։ Լավ տպավորություն էր թողնում, բայց հետո մի քանի անհաջող դրվագ ունեցավ. մենամարտերում անընդհատ հարված էր բաց թողնում։
Ամեն դեպքում շարունակում էի հավատալ նրան, և սպասելիքներս արդարացան։ Ռաֆայելը չորս մենամարտ անցկացրեց՝ մեկը մյուսից ծանր։ Եզրափակիչում պայքարեց գլադիատորի պես։
Այստեղ կա ևս մեկ կարևոր գործոն՝ նա մրցում է 86 կգ քաշային կարգում, սակայն կշռում է 83 կգ։ Նրա մրցակիցներն 9-10 կգ քաշ են գցում։ Այսինքն՝ Հովհաննիսյանը, ֆիզիկապես զիջելով բոլորին, տղամարդուն վայել կեցվածքով շարունակում է պայքարել։
Այս առաջնության արդյունքներով՝ Բաչկովից հետո նրան կտայի նախապատվությունը։ Հավաքականում նրան ընդգրկելու վերաբերյալ տարբեր կողմերից շատ կասկածներ էին հնչում, բայց կամային որոշմամբ՝ նրան ընդգրկեցի թիմի կազմում»։
ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հիմա տղաներին հանգիստ եմ տվել։ Առայժմ մրցումներ նախատեսված չեն։ Հունիսի կեսին հնարավոր է՝ միջազգային մրցաշարի մասնակցենք Հունաստանում, բայց դա դեռ հստակ չէ։
Մասնակցելու դեպքում մեկնելու են փոխարինողները՝ հավաքականի 2-3-րդ համարները։ Եվ վերջում՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին»,- եզրափակել է իր խոսքը Կարեն Աղամալյանը: