Logo

Բռնցքամարտը՝ բարեփոխումների եզրի՞ն. AIBA-ի նախագահը Հայաստանում է

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 12.07.2021Բռնցքամարտ
Բացառիկ
Olimpavan photo 1 - Բռնցքամարտը՝ բարեփոխումների եզրի՞ն. AIBA-ի նախագահը Հայաստանում է

Նոր քաշային կարգեր, մայրցամաքային առաջնություններ, նոր ձևաչափ, ավելի բարձր հոնորարներ, ֆինանսական աջակցություն ազգային ֆեդերացիաներին ու արդար պայքար. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովը Հայաստան կատարած այցի ժամանակ պատմեց, թե ինչ բարեփոխումներ է նախաձեռնել, իսկ գլխավոր նպատակը՝ բռնցքամարտը մասսայականացնելն է ամբողջ աշխարհում, իսկ AIBA-ն դարձնել լավագույն սպորտային ֆեդերացիաներից մեկն աշխարհում:

2019-ին AIBA-ն զրկվեց Օլիմպիական կարգավիճակից ֆինանսական, կառավարման ու մրցավարական խնդիրների պատճառով: Նոր նախագահը, որը սկսել է պաշտոնավարել 2020-ի դեկտեմբերից, մեկ մարտահրավեր ունի՝ լուծել խնդիրները` վերադարձնելով կառույցին Օլիմպիական ստատուսը:

Հայ բռնցքամարտիկների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ մտադիր են նոր քաշային կարգեր ավելացնել կանանց ու տղամարդկանց պայքարում:

Կրեմյլովը հարցին՝ ինչպես կարող է միջազգային ֆեդերացիան օգնել հայ մրցավարների կարգի բարձրացման հարցում, նա էլ խոստացավ, որ Հայաստանի հաջորդ առաջնությանը ընդառաջ կգործուղվեն բարձրակարգ մասնագետներ, որոնք հայ մրցավարների համար սեմինարներ կանցկացնեն: Բացի դրանից, AIBA-ի նախագահն անկեղծացավ, որ հնարավոր է Հայաստանում հաջորդ տարի անցկացվի միջազգային բարձրակարգ մրցաշար:

«Միջազային բռնցքամարտի ֆեդերացիան աշխատում է ի օգուտ մարզիկների ու մարզիչների: Մենք 7 մլն դոլար ենք առանձնացրել ազգային ֆեդերացիաներին օգնելու համար, հիմնականում լինելու է գույքային աջակցություն: Մտադիր ենք օգնել երկրում մարզաձևի զարգմացման ծրագիր գրելու հարցում:

Քննարկեցինք, որպեսզի Երևանում մյուս տարի անցկացնենք միջազգային մրցաշար, ամբողջությամբ աջակցեցինք այդ գաղափարին: Հնարավոր է, որ լինի Եվրոպայի առաջնություն կամ ավելի լավ մրցաշար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կրեմյլովը:

Olimpavan photo 4 960x473 - Բռնցքամարտը՝ բարեփոխումների եզրի՞ն. AIBA-ի նախագահը Հայաստանում է

Երկար տարիներ բռնցքամարտում մարզիկները մշտապես բախվում են մրցավարական վիճելի որոշումների: Անցած տարի նույնիսկ խոսվում էր, որ պայմանավորված մենամարտեր են տեղի ունեցել Ռիոյի Օլիմպիական խաղերում ու Ասիայի առաջնությունում: Հայ մարզիկները, ցավոք, նույնպես տուժել են մրցավարության պատճառով: Կրեմյլովը ու իր թիմը պայքարելու է նաև հանուն արդար սպորտի.

«Ամեն մրցաշարին ես անձամբ եմ մասնակցում, հետևում եմ, եթե նույնիսկ մեկ խախտում է լինում, ցմահ որակազրկում ենք մրցավարներին: Դա իմ անձնական վերահսկողության ներքո է: Ստեղծվել է հատուկ կոմիտե, որը վերանայում է մենամարտերը: Եթե երկիրը համաձայն չէ որոշման հետ, բողոք է ներկայացվում, հատուկ կոմիտեն պետք է տեսագրությամբ հաշվարկի ուղիղ հարվածները, տեսնեն՝ ով է իրականում հաղթել: Պետք է հաղթեն ուժեղագույնները»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ասաց, թե ինչպես է հաջողվել կազմակերպել նախագահի այցելությունը Հայաստան:

«Եվրոպայի առաջնության ժամանակ մենք հանդիպեցինք, հարցրի՝ երբ եք պատրաստվում այցելել Հայաստան, արդեն հաջորդ օրը ինձ հետ կապվեցին իր աշխատակազմի ղեկավարները:

Մեր գլխավոր նպատակն է մասսայակացնել բռնցքամարտը, այդ նպատակով պետք է հետաքրքիր ու դիտարժան մրցաշարեր կազմակերպվեն, իսկ այդ հարցով մեզ պատրաստ է աջակցել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ թե՛ իր խորհուրդներով, թե՛ ֆինանսապես»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա