Logo

«Նոր «Նյուքասլի» նոր հիմնադիրը». Ով է Բրունո Գիմարայնշը՝ 3-ը 1-ում փաթեթը, որ փայլում է Անգլիայում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
17:41 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Ֆուտբոլային բոլոր մեծ նախագծերը, այդ թվում՝ հարուստ սեփականատերեր ունեցող ու խոշոր ներդրումներ կատարող ակումբները, գրանդ դառնալու իրենց ճանապարհին առաջին բանը, որ անում են, աստղային տրանսֆերն է. դրանից շատ բան է կախված: Ռոման Աբրամովիչի «Չելսիի» առաջին «քարը» Հերնան Կրեսպոն էր (26 մլն), Շեյխ Մանսուրի «Մանչեսթեր Սիթիինը»՝ Ռոբինյոն (43 մլն), իսկ Նասեր Ալ-Խելաիֆիի ՊՍԺ-ինը՝ Խավիեր Պաստորեն (42 մլն): 

«Նյուքասլը» ձեռք բերած Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund) իր առաջին տրասֆերային պատուհանի ընթացքում՝ հունվարին, գնեց «Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնշին՝ ֆրանսիական ակումբին վճարելով 30 մլն ֆունտ: Բրազիլացու համար պայքարում «Նյուքասլը» հաղթեց «Արսենալին», ինչն ավելի խորհրդանշական է դարձնում կիսապաշտպանի գոլը «զինագործների» դարպասը, որով նա 99 տոկոսով զրկեց Արտետայի թիմին Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգրից: 24-ամյա կիսապաշտպանը երբեք էլ չի թաքցրել Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու իր երազանքը. «Գործակալներիս միշտ ասել եմ, որ իմ երազանքն Անգլիայում խաղալն է. այն լավագույն առաջնությունն է աշխարհում, բոլոր խաղերը հետաքրքիր են: Նույնիսկ առաջին տեղն զբաղեցնող թիմի ու վերջին տեղն զբաղեցնող թիմի միջև հանդիպումը հավասար է և անկանխատեսելի: Այն կարծես եզրափակիչ լինի», - հայտարարել էր ֆուտբոլիստը Fox Sports-ի հետ հարցազրույցում:

Գործարքից 4 ամիս անց կարող ենք փաստել, որ տրանսֆերն ավելի քան արդարացված էր: Եկե՛ք ավելի լավ ճանաչենք Գիմարայնշին ու հասկանանք՝ ինչպես նա փոխեց «Նյուքասլի» խաղը և ինչպես փրկեց թիմին Չեմպիոնշիփ նահանջելուց:

Գիմարայնշի անցած ճանապարհը

Գիմարայնշի աճն ու զարգացումը բավական կտրուկ են ստացվել: Նա դեռ 12 տարեկան էր, երբ արդեն համարվում էր ամենահեռանկարային ֆուտբոլիստներից՝ խաղալով «Ֆլամենգոյի» կազմում: 

3 տարի Բրազիլիայի D սերիայի ներկայացուցիչ «Օդաքսում» անցկացնելուց հետո՝ 2017-ին, Գիմարայնշը պայմանագիր կնքեց «Ատլետիկո Պարանաենսեի» հետ: «Նա ստեղծագործ է, համարձակ ու բազմակողմանի: Հավատացեք ինձ՝ նա իր քաշով մեկ ոսկի արժե», - հայտարարել էր «Ատլետիկո Պարանաենսեի» մարզական տնօրեն Պաուլո Անդրեն՝ խոսելով նրա՝ Եվրոպա տեղափոխվելու հնարավորության մասին:

Bruno Guimarães é a maior venda da história do Athletico! Veja o top 8

2020-ին «Արսենալի» ու «Չելսիի» սկաուտներն սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել տաղանդավոր բրազիլացու նկատմամբ, բայց «Լիոնն» էր, որ բոլորից արագ գործեց և ձեռք բերեց ֆուտբոլիստին: Այդ գործարքում գլխավոր գործող անձը Գիմարայնշի հայրենակից Ժունինյո Պերնամբուկանոն էր՝ «Լիոնի» մարզական տնօրենը. «Ես դեռ Բրազիլիայում՝ վերլուծաբան աշխատելու ժամանակ, առաջին անգամ տեսա Բրունոյի խաղը և տպավորվեցի նրա խաղային որակներով: Նա տոտալ կիսապաշտպան է: Նա ավելի արագ է տեսնում իրադարձություններն ու գնդակի տեղաշարժը, քան մյուսները: Նա սիրում է ռիսկի դիմել»:

Եվ Գիմարայնշը շատ արագ իր ազդեցությունն ունեցավ «Լիոնում»՝ Ֆրանսիա տեղափոխվելուց գրեթե մեկ ամիս անց: Նա գերազանց հանդիպում անցկացրեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենտուսի» դեմ: «Լիոնը» հաղթեց առաջին խաղում 1-0 հաշվով, իսկ Թուրինում պարտվեց 1-2 հաշվով, բայց արտագնա գոլի կանոնն այն ժամանակ գործում էր, և այն օգնեց «Լիոնին» դուրս գալ հաջորդ փուլ: Այդ դիմակայությունից հետո Գիմարայնշը խոստովանեց, որ Կրիշտիանու Ռոնալդուին տեսել էր միայն վիդեոխաղերում. «Ցանկանում էի մարզաշապիկ փոխանակել Կրիշի հետ, բայց նա նյարդային էր: Նա ֆուտբոլիստ է, որ չի սիրում պարտվել, և դա հենց այն օրինակն է, որ մենք պետք է վերցնենք նրանից: Ֆուտբոլիստ, որ հաղթել է ամեն ինչ, բայց նույնիսկ հիմա ատում է պարտությունը»:

What shirt number Bruno Guimaraes could wear at Newcastle United

ՉԼ այդ մրցաշրջանի քառորդ եզրափակիչում «Լիոնի» մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» էր, որում ֆրանսիական թիմն «անդրդոգի» կարգավիճակում կրկին հաղթեց՝ 3-1 հաշվով: Կիսաեզրափակիչում «Լիոնն» արդեն ոչինչ անել չէր կարող ահեղ «Բավարիայի» դեմ, որը հասավ եզրափակիչ ու դարձավ մրցաշարի հաղթող, բայց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում նման հզոր մրցակիցների դեմ խաղալով՝ Գիմարայնշը մեծ փորձ հավաքեց, ինչը դեռ շատ է օգնելու բրազիլացուն:

2021-ին Գիմարայնշը Բրազիլիայի հավաքականի կազմում առանցքային դեր խաղաց և օգնեց թիմին Տոկիոյում նվաճել Օլիմպիական ոսկե մեդալները:

Գիմարայնշի խաղաոճը

Առհասարակ, Գիմարայնշի բազմակողմանիության «մեղավորներն» այն ֆուտբոլիստներն են, որոնք ոգեշնչման աղբյուր են դարձել երիտասարդ բրազիլացու համար. «Ես Ռոնալդինյոյի ու Զիդանի մեծ երկրպագուն եմ: Բակում, փողոցում, մանկապատանեկան թիմերում փորձում էի ընդօրինակել նրանց խաղը: Ավելի հասուն տարիքում ես բարձր էի գնահատում Իլկայ Գյունդողանի խաղը, ոգեշնչվել եմ նաև Անդրես Ինիեստայով»: Պատահական չէ, որ խաղալով կիսապաշտպանության գրեթե բոլոր դիրքերում՝ Գիմարայնշը հաճախ է գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում: Բրունոն կարող է խաղալ միջին գծի 3 տարբեր դիրքերում՝ հենակետային գոտում, միջին գծում՝ որպես box to box, ու հարկ եղած դեպքում նաև խաղարկողի՝ 10 համարի դիրքում:

«Նյուքասլ» տեղափոխությունն ու ակումբի առաջին աստղ դառնալը

Ինչպես Ժունինյոն էր ասել, Բրունոն սիրում է ռիսկի դիմել, և այդ ռիսկերից մեկը հենց նրա՝ «Նյուքասլ» տեղափոխվելն էր: Ակումբ, որ հունվարին եզրափակում էր Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց երիտասարդ խաղացողը գնաց այդ ռիսկին՝ փոխելով եվրոպական անվանի ակումբ համարվող ֆրանսիական գրանդը Պրեմիեր լիգայի վտանգավոր գոտում գտնվող թիմով. «Սա մեծ ռիսկ է, բայց ես հավատում եմ այս նախագծին: «Նյուքասլը» շատ լավ համալրումներ ունի, և ես վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք պայքարելու ենք՝ Եվրոպա լիգայում կամ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար: Ապագայում էլ պայքարելու ենք՝ Պրեմիեր լիգան հաղթելու համար: Ես շարժվել եմ «Սիթիի» ֆուտբոլիստների՝ Սերխիո Ագուերոյի, Յայա Տուրեի ու Դավիդ Սիլվայի օրինակով, որոնք ակումբում էին հենց սկզբից: Այստեղ եկել եմ Տրիպյեի հետ և հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի»:

Newcastle's new addition Bruno Guimaraes: 'We want to win the Champions  League'

Ընթացիկ մրցաշրջանը դեռ չի ավարտվել, բայց Գիմարայնշը դարձել է «Սենտ Ջեյմսի» կուռքը. «Ցանկանում եմ դառնալ «Նյուքասլի» լեգենդը», - խոստովանեց ֆուտբոլիստը «Լեսթերի» դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալուց հետո: Նրա երկու գոլերը, որոնցից մեկը նա խփեց 90+ 5-րդ րոպեին, կարևորագույն հաղթանակ պարգևեցին հյուսիսանգլիական թիմին: Այդ ժամանակ թիմը կարողացավ 12 միավորով արդեն գերազանցել վտանգավոր գոտում գտնվող «Բարնլիին»: Գիմարայնշը Պրեմիեր լիգայում անցկացրած 16 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ չլինելով միայն հարձակմանը միտված կիսապաշտպան: Նրանից ընդամենը 5 հանդիպում պահանջվեց, որ հաստատվեր մեկնարկային կազմում և դառնար Էդի Հաուի թիմի առանցքային օղակը. «Կարծում եմ՝ Բրունոն հասկանում է խաղային ցանկացած իրավիճակ: Երբ նոր ակումբ ես գալիս, պետք է մարզումների ժամանակ ապացուցես մարզչին, թե ինչի ես ընդունակ: Նա վաստակեց իր հնարավորությունը», - հայտարարեց «Նյուքասլի» մարզիչը՝ չդադարելով գովեստի խոսքեր շռայլել բրազիլացու հասցեին: - Նա տեխնիկապես օժտված ֆուտբոլիստ է, բայց նաև ամուր է, դիմացկուն ու պայքարող: Բրունոն հաղթողի հոգեբանություն ունի և նախանձելի նվիրում: Մի խոսքով՝ ամբողջական փաթեթ»:

Գիմարայնշն իսկապես փոխեց «Նյուքասլի» մրցաշրջանը, տրամադրությունը թիմում, հանդերձարանում ու տրիբունաներում: Ստադիոնում ու դրա մատույցներում հաճախ կտեսնեք «39» համարի մարզաշապիկով երկրպագուների. «Երկրպագուները սիրում են նրան: Նա հրաշալի է խաղային բոլոր ասպեկտներում: Ես միշտ նրան պահում եմ խաղադաշտում մինչև վերջին րոպեն, քանի որ գիտեմ՝ նա կարող է ցանկացած պահ փոխել խաղի ելքը: Երկրպագուները նույնիսկ նրա մասին երգեր են ստեղծում», - նշում է թիմի գլխավոր մարզիչը: 

«Գալուս պահից երկրպագուները անհավանական սեր են տվել ինձ, ու ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Երբ քայլում եմ փողոցներում, ինձ հետ լուսանկարվում են, ես էլ զրուցում եմ նրանց հետ: Դա շատ կարևոր է ինձ համար». - խոստովանում է 24-ամյա բրազիլացին:

 The reason Arsenal were unable to sign Bruno Guimaraes in the January  transfer window - football.london

Բոլորը «Նյուքասլում» սիրում են Գիմարայնշին՝ գլխավոր մարզչից ու երկրպագուներից սկսած, ֆուտբոլիստներով վերջացրած: «Բրունոն ապացուցել է իր որակները և ցույց տվել, որ նրա համար վճարված ամեն մի լուման արդարացված է: Նա ծափահարությունների է արժանի: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը, հատկապես այն հատվածը, որ շատերը չեն տեսնում՝ ինչպես է նա սև գործ անում, գնդակներ խլում, բախումների գնում, վազում: Երկրպագուների աջակցության ներքո էլ նա իսկական հերոս է դարձել», - ակումբի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել էր «Նյուքասլի» ֆուտբոլիստ Դեն Բըրնը: 

«Կարծում եմ՝ նա «Նյուքասլի» լեգենդն է դառնալու առաջիկա տարիներին: Ես տպավորված եմ: Նա դառնալու է այս ակումբի կերտման հիմնաքարը, նոր «Նյուքասլի» հիմնադիրներից մեկը: Ինձ դուր են գալիս նրա ագրեսիվությունը, փոխանցումների ճշգրտությունը: Մենք վայելում ենք նրա խաղը, նա էլ՝ մեր սերը», - հայտարարել է «Նուքասլի» լեգենդ Ալան Շիրերը «Նյուքասլի» ապագայի հնարավոր լեգենդի մասին...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա