Logo

«Կադիսի» համար՝ լա՞վ, Հարոյանի համար՝ վա՞տ․ ի՞նչ կտա Գոնսալեսի նշանակումը «դեղին սուզանավին» ու հայ պաշտպանին

Հեղինակ
Արամ Սահակյան
16:19 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Varazdat Haroyan

«Կադիսը» Լա լիգայի 4-րդ ակումբն է, որն այս մրցաշրջանում փոխում է գլխավոր մարզչին։ Տենդենցը նույնն է․ Իսպանիայում պաշտոնանկ են արվում այն թիմերի մարզիչները, որոնք հայտնվում են վտանգավոր գոտում։ Այսպես, «Լևանտեում» (վալենսիական թիմը մարզչին փոխել է երկու անգամ), «Խետաֆեում» ու «Էլչեում» մարզչական փոփոխություններից հետո հերթը հասավ Վարազդատ Հարոյանի «Կադիսին»։ 

Ալվարո Սերվերա

Անդալուզյան ակումբը հրաժեշտ տվեց Ալվարո Սերվերային, որի նախագծած ֆուտբոլը վերջնականապես սպառել էր իրեն։ Եթե անցած մրցաշրջանում «ավտոբուսային» խաղով «Կադիսը» մնաց Պրիմերայում, ապա այս տարի դա անելը, մեծ հաշվով, անհնար էր Սերվերայի հետ։ Ակումբի ղեկավարությունը համարձակություն դրսևորեց ու հեռացրեց իսպանացուն։ Սերվերան գլխավորում էր «Կադիսը» 6 տարի։ 

«Ծովահենների» ղեկն ստանձնել է Սերխիո Գոնսալեսը։ Նա Լա լիգայում աշխատելու փորձ ունի։ Ժամանակին մարզել է «Էսպանյոլը», որի դեմ խաղում էլ նշեց նորամուտը Լա լիգայում «Կադիսի» ղեկին։ Առաջին մի քանի խաղերից հետո «Կադիսի» խաղում դրական տեղաշարժեր կան, բայց հայ երկրպագուներին առաջին հերթին մեկ հարց է հետաքրքրում՝ ինչ է փոխվելու Գոնսալեսի նշանակումից հետո Վարազդատ Հարոյանի համար։ 

Սերխիո Գոնսալես

ՀԱՐՈՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ

Մինչև Լա լիգայում նորամուտը Գոնսալեսն առաջին հանդիպումը թիմի ղեկին անցկացրեց գավաթի խաղարկությունում։ «Կադիսը» 1/8 եզրափակիչում հաղթահարեց Խիխոնի «Սպորտինգի» արգելքը հետխաղյա 11-մետրանոցներով։ Հարոյանն այդ խաղում մեկնարկային կազմում էր Վիկտոր Չուստի հետ։ Հայաստանի 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ խաղին։ 

Լա լիգայում «Էսպանյոլի» դեմ խաղում Գոնսալեսը փոխեց կենտրոնական պաշտպանների զույգը՝ դաշտ դուրս բերելով ակումբի հնաբնակներին՝ Ֆալիին ու Խուան Կալային։ Գոնսալեսն «ակնարկեց», որ պաշտպանության կենտրոնում նրա համար առաջին ընտրությունը հենց նրանք են։ Ֆալիին ու Կալային վերջին խաղերում ավելի շատ էր սկսել վստահել նաև Սերվերան։ 

Առաջին կեսում անվստահ խաղն ու ստացած դեղինն ստիպեցին Գոնսալեսին փոխարինել Խուան Կալային։ Սակայն դաշտ դուրս եկավ ոչ թե Հարոյանը, այլ Չուստը։ Ընդհանուր առմամբ, նա և Ֆալին երկրորդ կեսում հուսալի էին գործում, թեպետ խաղավերջում «Կադիսը» բաց թողեց հաղթանակը։ 

 Խուան Կալայ

Առաջին երկու խաղերից հայ երկրպագուներն արդեն կարող էին «տհաճ» հետևություն անել․ Հարոյանը պաշտպանության կենտրոնում Գոնսալեսի համար առաջնային տարբերակ չէ... Բայց սա «Կադիսն» է, ու այստեղ կարող է ամեն ինչ փոխվել։ 

ՇԱՆՍ ՀԱՐՈՅԱՆԻՆ, ՎԱՏՈՆ ԽԱՂԻ ՄԵՋ Է

Հաջորդ տուրում՝ «Լևանտեի» դեմ խաղում, մեկնարկային կազմ դուրս եկան Ֆալին ու Վիկտոր Չուստը։ Գոնսալեսը, ամենայն հավանակությամբ, գոհ էր եղել «Էսպանյոլի» դեմ նրանց ցուցադրած խաղից։ Սակայն ամեն ինչ փոխվեց առաջին կեսի վերջում, երբ Ֆալին վնասվածք ստացավ ու ստիպված եղավ փոխարինվել։ 

Իսպանացի մասնագետն այս անգամ դաշտ դուրս բերեց հենց Հարոյանին։ Հետաքրքիր է, բայց սա առաջին դեպքն էր, որ Հարոյանը «Կադիսում» փոխարինման էր դուրս գալիս։ Նախորդ բոլոր 15 դեպքերում նա եղել էր մեկնարկային կազմում։ Վատոն բավական հուսալի խաղ անցկացրեց ու ընդամենը մեկ խախտում թույլ տվեց։ Նրա խաղում բացակայում էր երբեմնի կոպտությունը։ Առաջին հայացքից կար տպավորություն, թե սա հենց Գոնսալեսի պահանջն է եղել հայ պաշտպանից։ Ճիշտ է՝ Հարոյանը խաղավերջում ստացավ իր դեղինն ու անկարգապահության այդ ցուցանիշով հավասարվեց «Վալենսիայի» պաշտպան Օմար Ալդերետեին, բայց մրցավարի որոշումն այդ դրվագում առավել քան վիճահարույց էր։ Վատոն ու Ալդերետեն Լա լիգայի ամենաանկարգապահներն են (9-ական դեղին)։ 

Օմար Ալդերետեի

Կարող ենք ասել, որ Վատոն իր առաջին շանսից լավ օգտվեց։ Ֆալին վնասվածք ունի ու նաև որակազրկված է։ Հաջորդ խաղում նա չի լինելու։ Վատոյին մնում է մարզումների ժամանակ «համոզել» մարզչին, որ հենց ինքը պետք է լինի մեկնարկային կազմում։ Հարոյանին որոշակիորեն կխանգարի դեղին քարտից կախված լինելու հանգամանքը։ Եվս մեկ դեղինի դեպքում նա նորից կորակազրկվի ու չի խաղա՝ շանս տալով թիմակիցներին։ Հարոյանի համարձակ, բայց միևնույն ժամանակ կոպիտ խաղն ու Ֆալի-Չուստ զույգի հուսալիությունն «Էսպանյոլի» ու «Լևանտեի» դեմ խաղերում մտածելու տեղիք են տալիս։ Գոնսալեսի համար, թերևս, հենց նրանք են առաջին ընտրությունը։ Հարոյանը պետք է նորից սպասի իր շանսին ու փորձի տպավորել մարզչին։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ Վատոն ժամանակի ընթացքում չի կարող հիմնովին վերադառնալ մեկնարկային կազմ ու դառնալ նաև Գոնսալեսի գլխավորած թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկը (այս պահին Հարոյանն ակումբում ամենաշատ խաղաժամանակ ստացած 4-րդ խաղացողն է՝ 1348 րոպե)։ 

ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ՀԱՐՈՅԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿԻՆ

«Կադիսի» գլխավոր խնդիրներից մեկը դաշտի կենտրոնն է։ Այստեղ թիմը համալրում ունեցավ ամռանը՝ ի դեմս Տոմաս Ալարկոնի։ Նրա հետ հաճախ խաղադաշտ էր դուրս գալիս Յենս Յոնսոնը կամ էլ Ալեքս Ֆերնանդեսը։ Նաչոյի եղբայրն ավելի միտված է հարձակման ու թիմին օգուտ է բերում առջևի գծում, իսկ Յոնսոնի խաղը տպավորիչ չէր։ Այդ պատճառով Սերվերան շատ հաճախ կենտրոնական պաշտպան Ֆալիին օգտագործում էր հենակետայինի դիրքում։ Այդ պարագայում Հարոյանը շատ ավելի հաճախ էր հայտնվում մեկնարկային կազմում, քանի որ կենտրոնական պաշտպաններից մեկին դաշտում այլ գործառույթ էր վերապահված։ 

Սերխիո Գոնսալեսը լավ գիտեր, որ դաշտի միջին գիծը «Կադիսի» աքիլեսյան գարշապարն է։ Նա անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Վալյադոլիդի» խաղացող Ռուբեն Ալկարասին։ «Վալյադոլիդից» ևս մեկ ֆուտբոլիստ միացել է «Կադիսին»․ Ֆեդե սան Էմետերիոն տեղափոխությունից հետո արդեն հասցրել է հաստատվել մեկնարկային կազմում։ Այս երկու ֆուտբոլիստներն էլ մինչև մրցաշրջանի ավարտը խաղալու են «Կադիսում» վարձավճարով։ Նրանց ժամանումը Ֆալիին նորից ուղարկում է պաշտպանության կենտրոն։ Իսպանացու վերադարձը «հիմնական աշխատանքի» գուցե հաճախ կազմից դուրս թողնի Վարազդատ Հարոյանին։ 

Ի՞ՆՉ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՐՈՅԱՆԸ

Հարոյանը պայքարող տեսակ է։ Հակառակ դեպքում կարիերայի այս փուլում նա չէր հայտնվի մոլորակի ուժեղագույն լիգաներից մեկում։ Հայ պաշտպանի գլխավոր խնդիրը մնում է կոպիտ խաղը։ «Վալենսիան» այս առաջնության ամենաանկարգապահ թիմն է։ Նրանք 22 խաղում մոտ 70 դեղին են ստացել, ու ինչ-որ տեղ գուցե նորմալ է, որ նրանց թիմի կենտրոնական պաշտպանն 9 դեղին ունենա։ Սակայն «Կադիսի» պաշտպանի պարագայում դա անընդունելի է։ 

Կադիս-Վալենսիա

Հարոյանը շատ չի խախտում կանոնները։ 22 խախտում 16 խաղերում, բայց 9 դեղին քարտ։ Սա նշանակում է, որ գրեթե ամեն երկրորդ խախտումից հետո Վատոն դեղին է ստանում։ Սա լավ չէ։ Իսպանիայում մրցավարները ներողամիտ են, սակայն Հարոյանի վիճակագրությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հայ պաշտպանը կոպիտ է խաղում, ու դա է այսքան զգուշացումների պատճառը։ 

Ֆիզիկական լավ վիճակն ու հնարամտությունը թույլ կտան Հարոյանին դրվագներում չուշանալ մրցակցից ու ստիպված չլինել շատ կոպիտ կերպով խախտել կանոնները։ Իսկ բարձր հակապրեսինգի դեպքում («Ատլետիկի» դեմ կայացած խաղում Հարոյանի «պերֆորմանսը» դրա վառ օրինակն է) պետք է կոշտ դիմավորել մրցակցին, բայց միևնույն ժամանակ՝ խելամիտ, որ այդ կոշտությունը չփոխակերպվի կոպտության։ 

«ԿԱԴԻՍԻ» ԽԱՂՈՒՄ ԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ԿՄՆԱ՞ ԼԱ ԼԻԳԱՅՈՒՄ

«Դեղին սուզանավը», Գոնսալեսի գալուց ի վեր, իսկապես փոխվել է։ «Կադիսը» Սերվերայի գլխավորությամբ եվրոպական թոփ-5 լիգաներում գնդակի վերահսկողության վատագույն ցուցանիշն ուներ։ «Էսպանյոլի» ու «Լևանտեի» դեմ խաղերում դա փոխվել է։ «Նուևո Միրանդիլյայում» կայացած խաղում «Կադիսը» պարզապես ճախրում էր դաշտում երկրորդ կեսում՝ գնդակի տոտալ վերահսկում, բազմաթիվ սուր գրոհներ։ Այդ խաղում «Էսպանյոլին» միայն հրաշքը փրկեց։ 

«Լևանտեի» դեմ «Կադիսը» գուցե այնքան լավ չխաղաց, որքան «Էսպանյոլի» դեմ, բայց կարողացավ հաղթել։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց «ծովահեններն» այս անգամ դա կարողացան անել թիմի խաղացողների անհատական որակների հաշվին. մի դեպքում տուգանային հրապարակում գերազանց գործեց Ալվարո Նեգրեդոն, իսկ մյուս դեպքում Իվան Ալեխոյի ու Սալվի Սանչեսի համառությունը տվեց իր արդյունքը։ 

Լևանտե-Կադիս

«Կադիսում» կան կատարողներ, որոնք կարող են բեկել խաղերի ընթացքը։ Պարզապես պետք է այդ խաղացողներին շանս տալ՝ դա անելու համար։ Սերվերայի թիմի ցուցադրած խաղն այդ հնարավորությունը չէր տալիս, մինչդեռ Գոնսալեսը կարողացել է կարճ ժամանակահատվածում գտնել թիմի ուժեղ կողմերն ու արդեն երկու խաղում չորս միավոր է վաստակել։ Սա լավ արդյունք է։ 

«Կադիսի» համար յուրաքանչյուր խաղը եզրափակիչ է։ Այս խոսքերով իր թիմին մոտիվացնում էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Հենց սա պետք է լինի Գոնսալեսի այցեքարտն առաջիկա ամիսներին։ «Կադիսը» ցույց է տվել, որ թոփ թիմերի դեմ կարողանում է փակվել ու միավորներ խլել («Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա»)։ Իսկ խաղամակարդակով մոտ թիմերի դեմ խաղերում Գոնսալեսը կարծես թե գտնում է հաղթաթուղթը։ Լա լիգայում տեղը պահպանելու շանսերը մեծ չեն, բայց կան։ «Դեղին սուզանավը» մրցաշրջանի գարնանային հատվածում ջանք չի խնայելու՝ տեղը Լա լիգայում նորից պահպանելու համար։ Մեզ մնում է հուսալ, որ այդ պայքարում իր գործուն մասնակցությունը կունենա նաև Հարոյանը։ 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա