Logo

«Ցանկանում եմ երկար սպասված Օլիմպիական ոսկին բերել Հայաստան». Ֆերդինանդ Կարապետյան

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 06.07.2021Ձյուդո

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանի Օլիմպիական ուղեգիրը շատ սպասված էր: Շատերը չգիտեն, որ Կարապետյանը մինչև Հայաստանը ներկայացնելը, ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի հավաքականում, մասնակցել առաջնությունների:

VNews-ին Եվրոպայի 2018թ. չեմպիոնը պատմեց, թե ով պատճառ դարձավ, որ նա ընտրի ձյուդոն՝ ինչպես մինչև չափահաս դառնալը չէր կարողանում մրցել միջազգային մրցաշարերում, ինչու որոշեց տեղափոխվել Հայաստանի հավաքական ու ինչպես կարողացավ նվաճել Օլիմպիական ուղեգիրը և ինչ նպատակ է դրել իր առջև Տոկիոյում:

Ֆերդինանդ, կպատմե՞ք՝ որտեղ եք ծնվել ու ինչպե՞ս եք սկսել զբաղվել ձյուդոյով:

Սկսել եմ պարապել Վլադիկավկազ քաղաքում 2002 թվականից ու մինչև օրս շարունակում եմ զբաղվել իմ սիրելի գործով:

Ինչո՞վ է գրավել ձյուդոն:

Վլադիկավկազը, որտեղ ես ապրում եմ, տղաների մեծ մասը ձյուդոյով է զբաղվում: Այնպես էր ստացվել, որ ձյուդոյի դահլիճը մեր տան մոտ էր գտնվում, ու այդպես, առանձնապես ընտրության հնարավորություն չկար, այդ պատճառով ստիպված էի գնալ ձյուդոյի: Բացի դրանից, իմ հարևանն Օլիմպիական խաղերի մեդալակիր էր՝ Տմենով Տամիրլանը: Մենք ընտանիքով միշտ հետևում էինք նրա մասնակցությամբ մրցաշարերին, գոտեմարտերին ու ինձ շատ դուր եկավ այդ սպորտաձևը, և այն բանից հետո, երբ նա բրոնզե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում, դա ինձ շատ մոտիվացրեց ու ցանկություն առաջացավ նրա նման դառնալ փառավոր մարզիկ:

Իսկ ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք պրոֆեսիոնալ ձյուդոյիստ դառնալ:

Առաջին տարիներն ինձ համար բարդ են եղել, քանի որ մարզիչը մեզ տանջում էր: Այդ ժամանակ փոքր էի ու չէի հասկանում ծանրաբեռնվածության իմաստը: Կոնկրետ չեմ հիշում, բայց, կարծես, 2004 թվականն էր, հանրապետական առաջնություն էր մեր քաղաքում, այդ ժամանակ ինքս ինձ ասացի, որ «եթե հաղթեմ այս առաջնությունում, կմնամ ձյուդոյում»: Այդպես, Աստծո օգնությամբ հաղթեցի, ինձ տարան Անապա մրցումների, հետո հավաք անցկացրինք լեռներում, հիշում եմ, որ դա ինձ շատ դուր եկավ: Ինձ մոտ ցանկություն առաջացավ ավելի տքնաջան մարզվել, ավելի լուրջ սկսեցի վերաբերվել այս սպորտին:

Հիշո՞ւմ եք՝ որն է եղել Ձեր առաջին միջազգային մրցաշարը:

Ես երկար ժամանակ չէի կարողանում մրցել միջազգային մրցաշարերում,  Ռուսաստանում նույնպես չէի կարողանում ելույթ ունենալ, քանի որ քաղաքացիություն չունեի: Ես լավ տվյալներ ունեի ու կարող էի ինձ հիանալի դրսևորել երիտասարդական Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում, բայց ցավոք, չունեի փաստաթղթեր ու այդ տարիներին պարզապես տքնաջան մարզվում էի, ստիպված մասնակցում էի հանրապետական, թաղային առաջնություններին: Հետո, 18 տարեկանին մոտ, ստացա Ռուսաստանի քաղաքացիություն, կամաց-կամաց սկսեցի արդյունքեր ցույց տալ: Մի քանի անգամ դարձա Ռուսաստանի առաջնության մեդալակիր ու ընդգրկվեցի հավաքականում, որտեղ մեծ առաջընթաց ունեցա:

ferinand 4 - «Ցանկանում եմ երկար սպասված Օլիմպիական ոսկին բերել Հայաստան». Ֆերդինանդ Կարապետյան
2015թ. Լուսանկարը՝ Ֆերդինանդի անձնական արխիվից

Ինչպե՞ս Հայաստանի հավաքական տեղափոխվելու որոշում ընդունեցիք:

2015 թվականի վերջին որոշեցի տեղափոխվել Հայաստանի հավաքական: Շատ վաղուց էի ցանկանում ներկայացնել իմ երկիրը ու փառք Աստծո, ստացվեց: Այդ տարվանից սկսեցի մրցել Հայաստանի դրոշի ներքո:

Դժվարություններ եղա՞ն:

Իհարկե, դժվար էր նման որոշում կայացնելը, քանի որ այնտեղ այդքան բան են ներդնում քո մեջ, հետո բարդ է լինում հեռանալը, բայց ամեն ինչ ստացվեց:

Ինչո՞վ են տարբերվում հայկական ու ռուսական դպրոցները:

Տարբերությունը շատ մեծ է: Անկեղծ կասեմ՝ հայկական դպրոցները շատ թույլ են, երբ համեմատում ես ռուսականի հետ: Այնտեղ շատ երեխաներ են զբաղվում ձյուդոյով, կա մրցակցություն, իսկ որտեղ մրցակցություն կա, այնտեղ կա աճ, քանի որ յուրաքանչյուրն ուզում է ավելի լավը դառնալ: Հայաստանում, ցավոք սրտի, դա չկա: Լավ տղաներ ունենք Հայաստանում, բայց այստեղ խնդիր կա մարզիչների հետ կապված: Այդ պատճառով, Հայաստանի հավաքականը զիջում է այլ երկրներին: Ձյուդոն աշխարհի ամենաբարդ սպորտաձևերից մեկն է, մրցակությունը շատ մեծ է: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին Հայաստանում ամեն ինչ կկարգավորվի ու մենք կունենանք աշխարհում ամենահզոր թիմերից մեկը: Վստահ եմ դրանում:

20180427 ech telaviv os day2 73 ferdinand karapetian 73 final 960x641 - «Ցանկանում եմ երկար սպասված Օլիմպիական ոսկին բերել Հայաստան». Ֆերդինանդ Կարապետյան
2018թ. Թել Ավիվ. Եվրոպայի առաջնություն
Լուսանկարը՝ JudoSide-ի

Որո՞նք էին առաջին մեդալները Հայաստանի հավաքականում:

Դե, նախ և առաջ, Հայաստանի առաջնությունում հաղթեցի, այնուհետև Տաշքենդում միջազգային նորամուտս եղավ, զբաղեցրի 7-րդ տեղը: «Մեծ սաղավարտի» մրցաշարում 7-րդ տեղը բավական լուրջ արդյունք է առաջին իսկ ստարտում: Այդ ժամանակ դեռ երիտասարդ էի, «հում» էի, նոր-նոր առաջին քայլերս էի անում պրոֆեսիոնալ աշխարհում: Հետո, սկսեցի բազմաթիվ միջազգային մրցաշարերի մասնակցել, փորձ հավաքել: Ի շնորհիվ դրան, հավատ ձեռք բերեցի ինքս իմ նկատմամբ ու մեդալներ սկսեցի նվաճել մեր երկրի համար:

Հասնելով Ձեր ամենատպավորիչ հաղթանակին՝ Եվրոպայի 2018 առաջնությունում չեմպիոն դարձաք: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ ժամանակից:

Դա, իհարկե, իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր, քանի որ նվաճեցի երկար սպասված ոսկե մեդալը Հայաստանի համար: Որքանով հիշում եմ ձյուդոյից 13-14 տարի Եվրոպայի չեմպիոն չէինք ունեցել, ու դա ինձ հաջողվեց: Դրոշների դասավորվածությունը, ամեն ինչը, մի ուրիշ պատմություն է ինձ համար: Մինչև հիմա հիշում եմ այդ պահերը: Հիանալի էր:

Այդ ժամանակ թոփ մարզավիճակում էիք, հիմա մո՞տ եք այդ վիճակին:

Այդ ժամանակ լավ պատրաստվում էի, օր ու գիշեր պարապում էի, հիմա էլ եմ օր ու գիշեր մարզվում, քանի որ նպատակ ունեմ, ամեն վայրկյան դրան եմ պատրաստվում: Փոքրուց երազանք ունեի՝ մասնակցել Օլիմպիական խաղերին, մեկը արդեն կատարվել, իսկ երկրորդը Օլիմպիական չեմպիոն դառնալն է: Հայաստանը երբեք չի ունեցել Օլիմպիական չեմպիոն կամ մեդալակիր ձյուդոյից, ես ուզում եմ այդ երկար սպասված մեդալը բերել Հայաստան, ես ու մարզիչները ամեն ինչ անում ենք դրա համար:

Այդ Եվրոպայի առաջնությունից հետո տեղի ունեցավ աշխարհի առաջնությունը, որին չմասնակցեցիք, քանի որ այն տեղի էր ունենալու Բաքվում:

Հիմա էլ եմ լավ մարզավիճակում, այն ժամանակ էլ հիանալի վիճակում էի ու շատ էի ցանկանում մեկնել Բաքու և բարձրացնել մեր դրոշը: Դա էլ իմ երազանքն է. գնալ այնտեղ ու աշխարհին ցույց տալ մեր ուժը: Ես պատրաստի էի, բայց թռիչքից մեկ օր առաջ զանգեցին մեզ ու ասացին, որ թույլ չեն տալիս մեկնել, ես շատ հիասթափված էի, քանի որ այդքան աշխատել էի: Բայց ոչինչ, մյուս անգամ:

Հետո վնասվածքները սկսեցին հետապնդել Ձեզ:

Հոգ չէ: Ինչպես ասում են. «պրոֆեսիոնալ սպորտը ավելի շատ վնասում է, քան բուժում»: 2020-ին շատ լավ սկսեցի, Իսրայելում եզրափակիչ դուրս գալու համար՝ իսպանացու հետ գոտեմարտում կոտրեցի մատս, բայց բնավորություն ցույց տվեցի ու այդ գոտեմարտը տարա: Իսկ եզրափակիչին բժիշկները թույլ չտվեցին մասնակցել: Դրանից հետո սկսեցի բուժվել, հետո սկսեց կորոնավիրուսը, այնուհետև մարզումներին ոտքի, մեջքի, ուսերի, արմունկի վնասվածքներ ստացա, բայց սա սպորտ է, պետք է ամեն ինչի պատրաստ լինել:

Ferdinand Karapetyan 1 960x540 - «Ցանկանում եմ երկար սպասված Օլիմպիական ոսկին բերել Հայաստան». Ֆերդինանդ Կարապետյան
2021թ. Օլիմպավան. Լուսանկարը՝ VNews-ի

Ինչպե՞ս եք հաղթահարել այդ շրջանը:

Շատ դժվար է, գալիս ես մարզումների, 100 տոկոսով լիցքավորված, սկսում ես մարզվել, բայց վնասվածքը խանգարում է, դու զայրանում ես, բայց մտքումդ ասում ես, որ երազանք ունես, սկսում ես անցնել ցավի միջով և շարունակել մարզվել, բայց բուժվելու ժամանակ չկա: Փորձում ես հասցնել առավոտյան գնալ բուժումների, իսկ երեկոյան՝ մարզումների:

Օլիմպիական խաղերից առաջ արդյո՞ք բուժել եք վնասվածքները:

Իհարկե, կան վնասվածքներ, բայց հիմա ավելի քիչ են անհանգստացնում: Ես պատրաստ եմ:

Ինչպե՞ս ստացվեց ձեռք բերել Օլիմպիական ուղեգիրը:

Ձյուդոյում շատ դժվար է նվաճել Օլիմպիական ուղեգիր: 2 տարվա ընթացքում մարզիկները մրցաշարերին միավորներ են հավաքում, պետք է մեկնես այդ մրցաշարերին ու պայքարես, որպեսզի քեզ ոչ ոք չշրջանցի: Վնասվածքների ու պատերազմի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեցի, բայց 6-7 ամսվա ընթացքում կարողացա ատամներով վերցնել ուղեգիրը:

Մեր ընտրանին

Ե՞րբ պաշտոնապես իմացաք, որ մասնակցելու եք Օլիմպիական խաղերին, որտե՞ղ էիք ու ի՞նչ էմոցիաներ ունեիք:

Հենց վերջերս՝ Կազանում կայացած մրցաշարում 7-րդ տեղը գրավեցի, իսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարում 7-րդ տեղի համար շատ միավորներ են տալիս: Մենք հաշվեցինք մարզիչի հետ, ու  վարկանիշային աղյուսակում ավելի լավ դիրքում էի, արդեն հանգիստ էինք:

Հետո, Ծաղկաձորում հավաքի էինք, մեզ ասացին, որ երեքշաբթի ժամը 6-ին պաշտոնական կայքում հասանելի կլինի Օլիմպիական կազմը ամբողջ աշխարհի համար: Սպասում էինք այդ ժամին, բայց չկար ու չկար, այդպես անցավ չորեքշաբթին, հինգշաբթին, ուրբաթը, մի շաբաթ անընդհատ թարմացնում էինք ու նայում: Եվ այնպես ստացվեց, որ մարզումից երեկոյան վերադառնալուց հետո, լոգանք ընդունեցի, պարկած էի, մտածեցի մեկ անգամ էլ մտնեմ, ստուգեմ ու տեսա՝ արդեն ցանկը կա, հրապարակվել է, այնտեղ կա իմ անունը: Շատ երջանիկ էի, որ կարող եմ ներկայացնել իմ երկիրը Օլիմպիական խաղերում:

ferdinand - «Ցանկանում եմ երկար սպասված Օլիմպիական ոսկին բերել Հայաստան». Ֆերդինանդ Կարապետյան
2015թ. Լուսանկարը՝ Ֆերդինանդի անձնական արխիվից

Ի՞նչ գիտեք Ճապոնիայի ու Տոկիոյի մասին:

Այնտեղ մի անգամ եմ եղել, հիանալի երկիր է: Այն շատ յուրահատուկ է, քաղաքը յուրահատուկ է, կարծես հեքիաթում կամ մուլտֆիլմում լինես: Հետո, պետք չէ մոռանալ, որ ձյուդոն ծագել է Ճապոնիայում, այն ստեղծել է Ջիգորո Կանոն: Այնտեղ է եղել ձյուդոյի առաջին դպրոցը: Հույս ունեմ, որ Տոկիոն հաջողակ քաղաք կլինի մեզ համար:

Մի փոքր էլ կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Այո, մենք 3 եղբայր ենք: Կրստեր եղբայրս նույնպես ձյուդոյիստ է, ներկայացնում է Ռուսաստանը, բայց հնարավոր է, որ նա նույնպես իմ օրինակին հետևի: Եթե ստացվի, նա նույնպես կտեղափոխվի Հայաստանի հավաքական: Հիմա 22 տարեկան է: Ավագ եղբայրս նախկին ձյուդոյիստ է: Վերջերս եմ ամուսնացել հայուհու հետ:

Իսկ ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

Մարզումներից վերադառնալուց հետո գնում եմ սարեր, 2-3 օր այնտեղ հանգստանում եմ, լիցքավորվում, սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ազատ ժամանակը քիչ է լինում, մի քանի օր ու հավաքներ, մրցումներ և մրցաշարեր:

Ռուսերեն տարբերակը՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա