Logo

Ծանրամարտի ԵԱ. Այսօր հարթակ է դուրս գալու Հայաստանի ևս 2 ծանրորդ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:48 / 03.06.2022Ծանրամարտ
Դավիթ Հովհաննիսյան-Արա Աղանյան

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ Երևանի ժամանակով 22։00-ից սկսած, ասպարեզ են դուրս գալու 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը։

Իսկ մրցակցային 6-րդ օրը Հայաստանի հավաքականի հաշվեհամարն սպասվածից համեստ համալրում ունեցավ. ընդամենը առանձին վարժություններում նվաճած 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ։

Արդեն հայտնել ենք, որ տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն էջմիածնեցի Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով երկրորդ տեղն է գրավել պոկում վարժությունում։ Հրում մրցաձևում և երկամարտի գումարով նա 5-րդն էր։ Կարապետյանն արդյունավետ է կատարել 6 մոտեցումներից 3-ը։

Մինչդեռ նույն քաշային կարգում ելույթ ունեցած նրա համաքաղաքացի Վարդան Մանուկյանը, բավարարվելով պոկում վարժության առաջին մոտեցմամբ (160 կգ, 7-րդ տեղ), ձախողել է մյուս փորձերը ու, ստանալով 0, հաշվարկային տեղ չի գրավել։

Կանանց 76 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում կատարել է երկու արդյունավետ մոտեցում և 104 կգ արդյունքով արժանացել է բրոնզե պարգևի։ Հրում մրցաձևում երևանցի մարզուհին չի կարողացել բարձրացնել նախ՝ 119, ապա՝ նաև 120 կգ (երկու մոտեցում) կշռող ծանրաձողը և ստացել է 0։

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 81 կգ քաշային գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը, որը դարձել էր պոկում վարժության արծաթե, հրում մրցաձևի ոսկե մեդալակիր ու երկամարտի գումարով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Նույն քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկու վարժություններում և երկամարտում գրանցել էր 4-րդ արդյունքը։ Իսկ Իզաբելա Յայլյանը 5-րդ տեղն էր գրավել 55 կգ քաշային կարգում։

Մեր երկրից առաջնությանը մասնակցում է 10 մարզիկ և 3 մարզուհի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա